Կարծիք

30.06.2011 15:04


Ու՞ր են տանում «երկխոսության» ճանապարհները

Ու՞ր են տանում «երկխոսության» ճանապարհները

Սերժ Սարգսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանն ամեն ինչ արեցին, որ քաղաքական դաշտն ավելի ճահճանա եւ գարշահոտությունն էլ ավելի անդուր լինի: Իհարկե, սա չի նշանակում, թե հնարավոր չէ պայքարել ճահճացման եւ դրա հետեւանք գարշահոտություն դեմ: Դժվար է, բայց հնարավոր է համապատասխան աշխատանքներ իրականացնել ճահիճը վերացնելու համար: Դրա համար պետք է շատ ջանք ու եռանդ ներդնել:

Բնական է, որ ոմանք ապրելով ճահճում կամ ճահճի հարեւանությամբ՝ համառորեն չեն զգում անդուր հոտը եւ շարունակ պնդում են, թե ոչ մի ճահիճ էլ չկա, եւ որ քաղաքական դաշտից էլ գարշահոտություն չի բուրում: Բայց եթե ՀԱԿ-ի հանրահավաքից ընդամենը մեկ օր առաջ «Հայլուրի» եթերում հայտնվում է վաղուց արդեն հեղինակազրկված Արթուր Բաղդասարյանը` ԱԽՔ-ը եւ խոսում ամեն ինչից, ապա մեկ անգամ եւս հասկանում ենք, որ Հայաստանում ոչ թե ինչ որ բան, այլ շատ բաներ այնպես չեն:

Անկասկած, առավել միամիտներին կթվա, թե ԱԽՔ-ը եւս կարող է խոսել, պատասխանել երկրի համար կենսական նշանակություն ունեցող հարցերին, բայց իրականությունը բոլորովին այլ է: Նրանք, ովքեր քիչ, թե շատ ուշադիր հետեւում են քաղաքական կյանքին, արդեն նկատած կլինեն, որ Կոնգրեսի հանրահավաքներից առաջ Սերժ Սարգսյանը եւ նրա թիմակիցները սկսում են հեռակա «երկխոսել» իրենց դաշնակից կոնգրեսականների հետ: Հիմա պետք է արձանագրենք մի շատ կարեւոր փոփոխություն: Այժմ արդեն կոնգրեսականների հետ հեռակա «երկխոսում» է ԱԽՔ-ը` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Հիմա Սերժ Սարգսյանը համոզված է, որ ՀԱԿ-ի հետ հենց այս մակարդակով էլ պետք է «երկխոսել»: Բնականաբար, հաշվի առնելով այն փաստը, որ Կոնգրեսի հեղինակությունը շեշտակի արագությամբ մոտենում է զրոյին, կարող ենք կանխատեսել, որ աշնան սկզբին կոնգրեսականների հետ հեռակա կարգով «կերկխոսի» Հեղինե Բիշարյանը կամ ՀՀԿ-ի պահակը:

Ամենահետաքրիրն այն է, որ կոնգրեսականներն այս ամենի դեմ չեն կարող բողոքել: Նրանք ընկան Սերժ Սարգսյանի լարած թակարդն այնպես, ինչպես նույն Սերժ Սարգսյանը թուրքերի լարած ֆուտբոլային դիվանագիտության թակարդը:

Ցավոք, դեռ գտնվում են մարդիկ, որոնք շարունակում են հավատալ եւ կանգնել նրանց կողքին, ովքեր ժողովրդի թիկունքում գործարքներ են կնքում, ովքեր իրենց ձախորդություննների համար մեղադրում են ժողովրդին, նշելով, թե իշխանափոխութան համար փողոցում պետք է լինի այսքան կամ այնքան մարդ, ովքեր նույնիսկ հիմա պնդում են, թե իրենց նպատակը արտահերթ ընտրություններն են:

Համապատասխան մասնագետները դեռ երկար կաշխատեն, փորձելով հասկանալ, թե ինչու են ոմանք սիրում, որ իրենց խաբեն կամ ինչու են սիրում զբաղվել ինքնախաբեությամբ: Իսկ նրանք, ովքեր արդեն չեն կարողանում ապրել գարշահոտության պայմաններում, ոչ թե պետք է ուրախացնելով Տիգրան Սարգսյանին եւ Սերժ Սարգսյանին արտագաղթեն երկրից, այլ ամեն ինչ անեն ճահիճը վերացնելու համար: Դրա առաջին քայլերից մեկն էլ իրերն իրենց անունով կոչելն է: Բացի այդ, պետք է օգնենք նրանց, ովքեր չգիտես ինչու դարձել են ինքնախաբեության զոհեր: Բարեբախտաբար, նման մարդկանց թիվը գնալով նվազում է, բայց առողջացման համար դեռ հսկայածավալ աշխատանք պետք է իրականացնել:

Ոմանց համար սա գրեթե իդեալական վիճակ է: Ավելին, Լեւոն Տեր-Պետրոսյանը շարքերին ոգեւորելու համար նույնիսկ ասել էր, թե սա իր երազած պետությունն է: Նույն միտքը մի փոքր այլ ձեւով կրկնել էր Սերժ Սարգսյանը: Համաձայնվեք, որ այս վիճակը, այս սարսափելի վիճակը չի կարող նույնիսկ կիսաիդեալական լինել:

«Երկխոսողներին» մի պահ թվում էր, թե իրենք առանց որեւէ դժվարության քաղաքական դաշտի հետ կարող են անել այն, ինչ ուզում են, քանի որ արդեն գործարք են կնքել եւ իրենց խանգարող չկա: Այսուհանդերձ, նրանք հաշվի չէին առել, որ լինում են գործընթացներ, որոնք սկսվում են անկախ մեր կամքից եւ ցանկություններից եւ նույնիսկ կատարած քայլերից: Հիմա նրանք սկսում են հասկանալ, որ քաղաքական դաշտն իրենց պապական կալվածքը չէ, որ ինչ ուզեն անեն: Հասկանում են եւ նյարդայնանում: Հատկապես ծանր է Կոնգրեսի վիճակը, քանի որ Սերժ Սարգսյանը նրանց շատ հստակ ցույց տվեց իրենց տեղը: Հիմա Կոնգրեսը գնացել եւ գլուխը կախելով կանգնել է Արտաշես Գեղամյանի եւ Արթուր Բաղդասարյանի կողքին եւ դեռ մի փոքր դիմադրում է՝ փորձելով չնստել նրանց կողքին, բայց չնստել այլեւս չեն կարող:

Սերժ Սարգսյանը հիմա համոզված է, որ արաբական հեղափոխական ալիքը Հայաստան չի հասնելու: Վստահ է եւ մուկնուկատու է խաղում Տեր-Պետրոսյանի հետ: Իսկ Տեր-Պետրոսյանն էլ հասկանում է, որ իրավիճակն այնպիսին է, որ կարող է մի քանի պատգամավորական մանդատ էլ չստանալ: Նրա վերջին հույսը Կազանն էր, բայց շնորհիվ գերտերությունների միջեւ առկա անհամաձայնության եւ Ալիեւի տխմար քաղաքականության՝ Ղարաբաղի հարցով ոչ մի փաստաթուղ էլ չստորագրվեց: Տեր-Պետրոսյանն այս ամենը հասկանում է, բայց նաեւ չի կարող դրոշը վերցնել եւ ժողովրդին իր ետեւից տանել իշխանափոխության, քանի որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ նա մատ թափ տվեց «հիմա» բացականչողների վրա: Հայաստանում եւ տարածաշրջանում մատ թափ տալուց հետո ոչ մի փոփոխություն չի եղել: Այնպես որ, Կոնգրեսը չի կարող ասել, թե հիմա որոշել են կրկին հեղափոխական ալիքը բերել Հայաստան: Մի խոսքով Կոնգրեսը կոմայի մեջ է, բայց նրա հարազատները համառորեն չեն ցանկանում հաշտվել առկա իրավիճակի հետ:

Սերժ Սարգսյանն ավելի քան պարզ ասաց, որ որեւէ, այդ թվում խորհրդարանի արտահերթ ընտրություն անցկացնելու մտադրություն չունի: Կոնգրեսականները ասացին, թե լավ չեն հասկանում եւ դեռ պետք է մտածեն: Հասկանալի է, որ նրանք չէին մտածում, այլ սպասում էին Կազանին: Կազանից հետո հայ ժողովրդին դնելով պապուասների տեղ հայտարարեցին, թե իրենց նպատակն արտահերթ ընտրություններն են, իսկ մի կոնգրեսական էլ հայտարարեց, թե եթե նույնիսկ խորհրդարանի ընտրություններին մնա մի շաբաթ իրենք կրկին պահանջելու են արտահերթ ընտրություններ: Համաձայնվեք, որ ժողովրդի հետ նման ձեւով վարվող ուժերը պետք է հայտնվեն խաղից դուրս վիճակում:

Հիմա էլ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, թե արտահերթ ընտրությունների մասին խոսք լինել չի կարող, եւ որ որեւէ բանակցություն չի կարող լինել Կոնգրեսի հետ: Կոնգրեսի համար ամենաամոթալին այն է, որ նույն Բաղդասարայան Արթուրն ասաց, որ իրենք Կոնգրեսի հետ վաղուց են երկխոսում, դրա համար էլ ծայրահեղական պահանջներ չեն հնչում: Նման հայտարարությունից հետո Կոնգրեսի առաջնորդները պարզապես պետք է աշխատեին տնից դուրս չգալ, իսկ փողոց դուրս գալուց հետո էլ գլուխները շատ կախ պետք է քայլեն:

Ի դեպ, Կոնգրեսից հիասթափված մի երիտասարդ էլ հիշեց, որ ամիսներ առաջ, երբ իրենք պատրաստվում էին դատախազության դիմաց հերթական բողոքի ակցիան անել, Կոնգրեսին անդամակցող կուսակցություններից մեկի պատմական անուն ազգանունով առաջնորդն իրենց հրահանգել է չօգտագործել ծայրահեղական հայտարարություններ, քանի որ «տղերքին ազատելու» համար «երկխոսություն» է ընդանում:

Իսկ հիմա Սերժ Սարգսյանը Կոնգրեսին վերջնականապես իր տեղը ցույց տալու համար, ամենայն հավանականությամբ, Բաղդասարյան Արթուրին հանձնարարել էր, որ նա շեշտի, թե այսօր իշխանության հետ երկխոսության մեջ են մտել մարդիկ, ովքեր երեք տարի առաջ դատափետում էին իրեն՝ նույն բանն անելու համար: Ահա այսպիսի տխուր պատմություններ:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը