Մեկնաբանություն

03.10.2021 13:01


Նիկոլի հեղափոխական «սաշիկացումը»

Նիկոլի հեղափոխական «սաշիկացումը»

Նախկին իշխանությունների օրոք միֆականացվել էր Ալեքսանդր Սարգսյանի՝ Սաշիկի կերպարը։ Նրա մասին անեկդոտներ կային, դաժան պատումներ, իրական պատմություններ, հնարովի հեքիաթներ։

Սաշիկից կերտվել էր բացասական կերպար։ Նրա մասին հիմնականում շրջանառվում էր «50/50»–ի պատմությունը, թե բա նա հենց մի բուդկա է տեսնում, 50 տոկոս փայ է մտնում։ Ամեն ինչից 50 տոկոս փայ վերցնելու պատմությունը Սաշիկի մասին լկտի սուտ էր, բայց այդ սուտը հաճույքով որոճում էր «ժողջանը»։

Այն, որ Սաշիկը փայեր ուներ, բիզնես ուներ, աղքատ մարդ չէ (մեղմ ասած) և դա, ամենայն հավանականությամբ, հնարավոր էր եղել հիմնականում այն բանի շնորհիվ, որ նա Սերժ Սարգսյանի եղբայրն էր, քչերն են կասկածում։ Բայց նաև պետք է արձանագրել, որ նրա մասին պատմությունների ճնշող մեծամասնությունը հեքիաթ էր։ Դատելով ամենից՝ այդ հեքիաթը նախկին իշխանություններին էլ էր ձեռնտու, քանզի պետք էր մեկը, ում վրա հանրության բացասական էներգիան կգնար, իսկ իրական «Սաշիկներն» այդ ընթացքում հա՛մ փայերը կտնօրինեին, հա՛մ փողերը կաշխատեին։

Սաշիկի «50/50» հեքիաթը պայթեց Սաշիկին քննադատելով էժանագին աչոկներ հավաքած Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո։ 2018–ից հետո գեթ մեկ գործ չի բացահայտվել, որից պարզվեր, որ Սաշիկն այլոց բիզնեսում փայ է մտել։ Դա նշանակում է, որ Նիկոլն ու մյուսները Սաշիկի մասին ստել են կամ էլ իրենց ասածները ճիշտ են եղել, պարզապես որոշել են ստվերային ձևով աշխատել (հիշենք, որ Սաշիկից 30 միլիոն դոլար Նիկոլի իշխանությունը վերցրեց) ու իրենք փայեր խլել։

Ի դեպ, փայ խլելու և այս իշխանության «սաշիկության» մասին։

Օրերս պարզվեց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում փայատերերի փոփոխություն է տեղի ունեցել։ Կառավարությանը նվիրաբերվել է կոմբինատի բաժնեմասերի 15 տոկոսը։ Գործարքն ամբողջությամբ ստվերային է եղել։ Ժողովրդից ոչինչ չթաքցնելու և թափանցիկ աշխատելու խոստում տված Նիկոլը ստվերային գործարքներ է կնքում։

Սա այլոց փայերի խլման, սեփականության վերաբաշխման ու բաժնեմասերի ռեյդերական խլման դասական օրինակ է։

Ռեյդերական գործընթացներ նախկին իշխանությունների օրոք էլ են եղել։ Տարբերությունն այն է, որ նախկինում նման բաները ժողովրդին չէին մատուցվում որպես իշխանությունն ու սեփականությունը ժողովրդին վերադարձնելու գործընթացներ։ Նիկոլական իշխանությունն այս առումով հեղափոխական է։ Այն զբաղված է ժողովրդին թալանելով, «սաշիկությամբ», բայց դա ներկայացնում է որպես ժողովրդի շահերից բխող գործողություն։

Նիկոլական իշխանությունը հետանկախական շրջանի ամենակոռումպացված, ամենաթալանչիական, ամենահակաժողովրդական իշխանությունն է, բայց Նիկոլի տաղանդն այն է, որ նա այդ ամենը հրամցնում է հակառակ իմաստով ու ներկայանում որպես ժողովրդի վարչապետ։

Նիկոլական իշխանությունն այլասերված է մինչև վարդապետի խազը, բայց ներկայանում է որպես բյուրեղյա մաքրության կերպար։ Սրանք թալանում են ժողովրդի անունից, թոշակները բարձրացնում 2.100 դրամով ու միլիոններ լափում։ Բայց չեն մոռանում կրկնել, որ սիրում են ժողջանին, հպարտանում ժողջանով ու խոնարհվում ժողջանի առաջ։

Նիկոլենց լկտիությունն ու դեմագոգիան այն է, որ իրենց համար մարդը զրո արժեք ունի, քանզի մարդուն նրանք առանց աչքները թարթելու ուղարկեցին զոհվելու բայրաքթարների տակ, բայց լալահառաչ տեքստեր են արտասանում մարդկանց սիրելու մասին։

Այս ամենին, սակայն, գալու է վերջ։

Նիկոլին հաջողվել է մի ամբողջ ժողովրդի խաբել մի կարճ ժամանակահատվածում (2018թ․)։ Նա կարողացել ու կարողանալու է ՀՀ քաղաքացիների մի փոքր մասին խաբել միշտ։ Բայց բոլորին ու միշտ խաբել նա չի կարող։ Նրա նման ամբոխավար–պոպուլիստներ պատմության մեջ միշտ էլ եղել են։ Բոլորն էլ վատ են ավարտել իրենց քաղաքական կարիերան ու կյանքը։ Նիկոլին էլ է նույնը սպասվում։ Նա էլ է վռնդվելու պետական կառավարման համակարգից։ Հարցը ժամանակի ու գնի մեջ է։ Երկիրն է ափսոս։

Կորյուն Մանուկյան

Հ․Գ․ Զանգեզուրի կոմբինատում տեղի ունեցածը նիկոլենք ներկայացնում են որպես «ընդերքը ժողովրդին վերադարձնելու» գործարք։ Իրականությունը, սակայն, այն է, որ Նիկոլը հեղափոխական «սաշիկությամբ» դարձավ ԶՊՄԿ–ի փայատեր։

Ճակատագրի հեգնանքն այն է, որ նա ընդդիմություն աշխատելու տարիներին հայտարարում էր, որ կոմբինատի տերը Ռոբերտ Քոչարյանն է։ Ժողովրդի մեջ էլ էր այդ կարծիքը տարածված, քանզի նիկոլներն ու տարատեսակ քարոզչամքենաները տարիներ շարունակ տարածել էին այդ հեքիաթը։ Վարչապետ դառնալուց հետո բոլորը տեսան, որ Քոչարյանի փայատիրական թեման փուչիկ էր։ Նիկոլը ՀՔԾ–ին, դատախազությանը և մյուսներին հրամայել էր հայտնաբերել ԶՊՄԿ–ում 2–րդ նախագահի փայերը (ըստ երևույթին ինքն էլ էր հավատացած եղել իր իսկ տարածած ստերին), սակայն ոչ մի բան չէր ստացվել, քանզի նման փայեր չկային։ Դա փուչիկ էր։

Հիմա փուչիկ չէ կոմբինատում՝ ի դեմս կառավարության, Նիկոլի փայատեր դառնալը, բայց կարծես՝ աղմուկ չկա տարատեսակ «քաղաքացիականների», «բնապահպանիստների» ու իրենց հետույքները Սաշիկի թեմայով պատռողների կողմից։

Նիկոլը հիմա դոլարային միլիարդատեր է դառնում՝ «ժողջանի» հիացական բացականչությունների ներքո։ Նա իր էժանագին բուլաթ գցած ատամը չի փոխի, բերանի փտած ատամները չի սարքի, փնթի տեսքը կպահպանի, որպեսզի «ժողջանին» համոզի, որ իրենցից մեկն է, բայց տակից կդառնա Հայաստանի թիվ մեկ «Սաշիկը»՝ թիվ երկուսի կարգավիճակը վերապահելով իրեն կից օլիգարխին՝ Խաչատուր Սուքիասյանին։ Չհաշված ասֆալտի օլիգարխներ Սուրեն Պապիկյանն ու Ալեն Սիմոնյանը։

Հեղափոխական թալանը շարունակվում է։

Այս խորագրի վերջին նյութերը