Քաղաքական

03.10.2021 09:40


«Զանգեզուրի միջանցք» ստեղծելու գաղափարը լցրել է Իրանի համբերության բաժակը. ռուսաստանցի փորձագետ

«Զանգեզուրի միջանցք» ստեղծելու գաղափարը լցրել է Իրանի համբերության բաժակը. ռուսաստանցի փորձագետ

Ադրբեջանի նկատմամբ Իրանի դիրքորոշման կոշտացումը կապված է մի շարք համալիր գործոնների հետ, իսկ «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու մասին գաղափարն այն կաթիլն էր, որը լցրել է Թեհրանի համբերության բաժակը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանցի փորձագետ, իրանագետ Կարինե Գեւորգյանը:

Նա նշել է, որ Իրանը բավականին լարված վերաբերմունք ունի միջանցք ստեղծելու գաղափարի շուրջ, դեմ է դրա իրացմանը, քանի որ այն սպառնում է ԻԻՀ-ի շահերին:

Թեհրանը, ինչպես պարզաբանել է Գեւորգյանը, պայքարում է սեփական շահերի համար, որոնք համընկնում են հայկական կողմից շահերի հետ:

«Իրանի դիրքորոշման կոշտացման եւս մեկ պատճառ է Ադրբեջանի պանթյուրքացումը, որը սպառնում է իրանական Ադրբեջանում սեպարատիզմով: Այդպիսի քարոզչությունը ստեղծում է խնդիրներ Իրանի ներսում: Բացի այդ, Թեհրանը մեկ տարի առաջ՝ Ղարաբաղում պատերազմի ժամանակ, հետեւել է Ադրբեջանի եւ Իսրայելի հետ դաշնակցային համագործակցությանը, ինչի արդյունքում իսրայելական անօդաչուները հայտնվել էին Իրանում»,-հավելել է փորձագետը:

«Բաքուն, որ չափազանց շատ էր հենվել Թուրքիայի օգնության վրա, բավականին անփույթ վարք է դրսեւորել Թեհրանի նկատմամբ: Ի պատասխան՝ մենք լսել ենք նաեւ Իրանի ԶՈՒ Գենշտաբի ղեկավարի հայտարարությունը, որ 4000 հրթիռ կարող է ոչնչացնել Բաքուն: Իրանում մշտապես հիշեցնում են Ադրբեջանին, որ ոչինչ չի մոռացվել, ամեն ինչ հսկողության տակ է: Թեհրանը դիտարկում է այդ ամենը համալիր կերպով եւ դեռեւս համբերություն է ցուցաբերում»,-եզրափակել է իրանագետը:

Այս խորագրի վերջին նյութերը