Տնտեսական

02.10.2021 10:10


2022 թվականի պետական բյուջեի ծրագիրը քիչ իրատեսական է և առկա են ռիսկեր. Սուրեն Պարսյան

2022 թվականի պետական բյուջեի ծրագիրը քիչ իրատեսական է և առկա են ռիսկեր. Սուրեն Պարսյան

2022 թվականի պետական բյուջեի ծրագիրը, հաշվի առնելով այս և նախորդ տարվա ցուցանիշները, քիչ իրատեսական է, և կան բազմաթիվ ռիսկեր։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին news.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Հաջորդ տարի նախատեսվում է, որ հարկային եկամուտները պետք է զգալիորեն ավելանան՝ ծախսերից ավելի արագ աճի տեմպով, և դրան զուգահեռ նախատեսված է կրճատել դեֆիցիտը՝ պետական պակասորդը։ Քանի որ այս տարվա ութ ամիսներին մենք արդեն իսկ կուտակել ենք մեկ միլիարդ դոլարի չափ պետական պարտք, հաջորդ տարվա համար կառավարությունը պլանավորում է այդ պետական աճի տեմպերը դանդաղեցնել, քանի որ նման տեմպերով գնալու դեպքում մենք լուրջ ֆինանսական խնդիրներ կունենանք»,-նշեց նա։

Պարսյանի կարծիքով՝ անարադյունավետ է որոշումը, որով հունվարի 1-ից երրորդ և ամեն հաջորդ երեխայի համար ընտանիքը կստանա 50 հազար դրամ նախքան վեց տարեկան դառնալը։

«Պետությունը պետք է գտնի սոցիալապես խոցելի ընտանիքներին և այդ գումարները հասցեական տրամադրի։ Այսինքն՝ այն ընտանիքները, որոնք կարիքը չունեն այդ գումարների, այդ գումարները վերաձևակերպի այլ անձնանց անունով։ Սա նման է, երբ 2020 թվականի ընթացքում բոլորը ստացան կոմունալ վճարումների փոխհատուցումներ 30 տոկոս հետո վարչապետը հայտարարեց, որ ձեր գումարները կարող եք տալ հարևանին։ Սա պետական քաղաքականության անարդյունավետության մասին է խոսում։ Եվ այն ընտանիքները, որոնք սոցիալական խնդիրներ ունեն պետք է ոչ թե 50, այլ 100, 150 հազար դրամ տրամադրի»,-ասաց Սուրեն Պարսյանը։

Բյուջեի ծրագրով սոցիալական ծրագրերին կհատկացվի 15 տոկոսով ավելի գումար։ Սա, իհարկե, գովելի է, սակայն ըստ տնտեսագետի՝ քաղաքացին փոփոխություն չի զգա առկա գնաճի պայմաններում։

«2020-2021 թվականների ընթացքում գրանցվել է բարձր գնաճ։ Այս տարվա ընթացքում մենք արդեն իսկ ունենք 6․4 տոկոս գնաճ, այսինքն՝ մարդկանց եկամուտները անցած տարիների համեմատ նվազել են։ Մարդիկ իրենց եկամուտներով ավելի քիչ ապրանքներ են կարողանում ձեռք բերել, քան անցած տարի։ Միգուցե այս տարվա 40 հազար դրամ նպաստվով ավելի շատ ապրանքներ կարողանանք ձեռք բերել, քան հաջորդ տարվա 50 հազար նմաստով»,-հավելեց նա։

Այս խորագրի վերջին նյութերը