Քաղաքական

01.10.2021 15:47


Նրանք իմ սահմանադրական իրավունքը խախտել են, բոլորը պատասխան են տալու. դատավոր Պապոյան (տեսանյութ)

Նրանք իմ սահմանադրական իրավունքը խախտել են, բոլորը պատասխան են տալու. դատավոր Պապոյան (տեսանյութ)

Այդ լուրերը համապատասխանում են իրականությանը, եղել են այդպիսի գաղտնալսումներ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԱԱԾ-ն վերաքննիչ դատարանի մի շարք դատավորների է գաղտնալսել, այդ թվում իրեն:

«Մեծ հաշվով ուզում եմ հասկանալ, թե 2,5 տարի ձգվող գործն ինչ ելք է ունենալու: Բոլորովին վերջերս կասեցվեց այդ քրգործը, այնուհետեւ վերսկսվել է: Ինչ են քննում, ում վերաբերյալ են քննում, ինչու են այսքան երկար քննում, չեմ կարող պատասխանել: Ես համբերատար կսպասեմ, հետեւողական կլինեմ եւ իմ գնահատականը կտամ, երբ որ նախաքննության ավարտը կհայտարարվի: Կարծում եմ՝ բոլոր նրանք, որոնք առնչվել են, որոնք իմ սահմանադրական իրավունքը խախտել են, նրանք բոլորը պատասխան են տալու իրենց արած սխալի համար: Ընդ որում, բոլորի համար պարզ է, որ գաղտնալսումը եւ հեռախոսազանգերի վերծանումը ստանալը առանց դատարանի որոշման չի լինում: Գիտեմ, թե որ դատավորն է այդ թույլտվությունը տվել»,-ասաց նա:

Հարցին, թե մտավախություն չունի՞, որ անցանկալի դատավորներից իշխանությունը կփորձի ազատվել, նա պատասխանեց. «Ես բացարձակ որեւէ մտավախություն չունեմ, այդ թվում աշխատանքը կորցնելու: Այնուամենայնիվ, 40 դատավորի մասին որ խոսվում է նախարարի կողմից, արդեն տարիներ շարունակ է տարբեր դատավորների մասին տարբեր խոսակցություններ լինում: Ի վերջո, ես ուզում եմ հասկանամ, թե որտեղից է գալիս այդ խոսակցությունը, որ այս կամ այն դատավորը, որ հայտնվել են այդ ցուցակում ինչ են արել եւ ինչպես են իրենց դրսեւորում: Եթե դրանք օպերատիվ տեղեկություններ են, ինչու օպերատիվ մարմինը հետեւողականորն չի աշխատում: Եթե դրանք ուղղակի ասեկոսեների արդյունք են, ապա ասեկոսեների արդյունքում գնահատական տալ դատավորի աշխատանքին սխալ է: Եթե արդարադատության նախարարն իր աշխատասենյակում նստած ինչ-որ դատական ակտերին գնահատական տալով է գալիս այդպիսի եզրահանգման, դա մի խնդիր է, իսկ եթե օպերատիվ մարմինների կողմից տեղեկատվություն է, ինչու է դա հասնում նախարարին»:

Պապոյանը ընդգծեց, որ նախարար Կարեն Անդրեասյանն իր համակուրսեցին է, ինքը դրական վերաբերմունք ունի, հետեւաբար չի կարող ասել՝ նախարարն այդ հայտարարությունն անելիս ճիշտ է արել, թե սխալ. «Այնուամենայնիվ 3 տարի մենք անընդհատ լսում ենք, որ դատական համակարգում պետք է իրականացնել վեթինգ, որ այսքան տոկոսը սխալ է աշխատում, չպետք է աշխատի: Եթե դա իրականություն է, ապա ես կցանկանամ, որ այդ անձինք, որոնք թույլ են տվել սխալ, պատասխանատվության ենթարկվեն»:

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը