Տնտեսական

01.10.2021 17:22


Բնակչության սննդակարգում գերակշռում է հացը. ո՞ր մարզերն են ամենից շատ օգտագործում այս մթերքը

Բնակչության սննդակարգում գերակշռում է հացը. ո՞ր մարզերն են ամենից շատ օգտագործում այս մթերքը

Հայաստանում ամենից շատ հաց օգտագործում են Շիրակի մարզի բնակիչները, որին հաջորդում են Արագածոտնի ու Կոտայքի մարզերը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ներկայացնելով ՀՀ-ում բնակչության կողմից սննդամթերքի սպառման, սննդակարգի իրենց կողմից իրականացված հետազոտության արդյունքները՝ ՀՀ ԳԱԱ «Էկո կենտրոն»-ի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը նշեց, որ, ի տարբերություն նշված մարզերի, Երևանում նկատվում է հացի օգտագործման ծավալների նվազում: Հաց օգտագործողներից շատերն էլ սկսել են սննդակարգում ներառել միայն լավաշ, այն էլ քիչ քանակի:

«Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանում բնակչության սննդակարգում ամենաշատը՝ 33 տոկոսը, բաժին է ընկնում ալրային հենքով մթերքներին ու հատիկեղենին: Այն ընտանիքը, որտեղ անձն օրական օգտագործում է 250-300 գրամ հաց, որը հայկական սովորույթների համաձայն, տիպական քաշ է, արդեն իսկ 800-ից ավելի կալորիա ստանում է միայն հացի միջոցով: Դա նշանակում է, որ եթե անհատն օրը ստանում է մոտ 1600 կալորիա, ապա 50 տոկոսը գալիս է հացից»,-ասաց Դավիթ Պիպոյանը:

Համեմատելով այլ երկրներում առկա միտումների հետ՝ մասնագետը նկատեց, որ եթե Հայաստանում բնակչությունը, օրինակ, սպիտակուցների 51 տոկոսը ստանում է ալրային հենքով մթերքներից, ապա այլ երկրներում համադրությունը հօգուտ կենդանական ծագման մթերքների է` կաթնամթերք, միս, մսամթերք: Այլ երկրներում կաթնամթերքի, մսի, մսամթերքի չափաբաժինը կազմում է 35-50 տոկոս, այնինչ Հայաստանում դա 15 տոկոս է:

Հայաստանի բնակչությունը սննդակարգում քիչ է ներառում նաև բանջարեղեն և միրգ: Ավելին, այդ բացն առավել շատ նկատվում է ձմռան ամիսներին: Միջազգային կառույցները խորհուրդ են տալիս օրական սննդակարգում ունենալ առնվազն 400 գրամ միրգ և բանջարեղեն: Հայաստանում տարվա ընթացքում մոտ 7-8 ամիս այս ցուցանիշը նորմայից պակաս է 30-40 տոկոսով:

«Միայն ամռանը, երբ մատչելի են դառնում լոլիկը, վարունգը, ձմերուկը, այլ մրգերնու բանջարեղենը, այդ բացը ինչ-որ չափով լրացվում է, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ մեր սննդակարգը պետք է լինի բազմազան ամբողջ տարվա ընթացքում»,-ասաց Դավիթ Պիպոյանը:

Հարցմանը մասնակցել է 1400 մարդ Հայաստանի բոլոր մարզերից:

Այս խորագրի վերջին նյութերը