Աշխարհ

01.10.2021 13:01


Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը հրաժարական է տվել

Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը հրաժարական է տվել

Գլեդիս Բերեջիկլյանը հայտնել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարություն է տարածել:

«Ես ստիպված էի մեկ գիշերվա ընթացքում ծայրահեղ դժվար որոշում կայացնել, բայց պարտավորված եմ դա անել Նոր Հարավային Ուելսի բնակիչների նկատմամբ ունեցած սիրո և հարգանքի և վարչապետի պաշտոնի նկատմամբ ունեցած մեծ հարգանքի պատճառով»,-նշել է Բերեջիկլյանը:

Նա հավելել է, որ Կոռուպցիայի դեմ անկախ հանձնաժողովը հայտարարություն կտարածի՝ հաղորդելով, որ հետաքննում է իր վերաբերյալ արված մեղադրանքները` Վագգա Վագգայի նախկին անդամին առնչվող հարցերի վերաբերյալ:

«Ես հստակ հայտարարում եմ, որ միշտ գործել եմ ամենաբարձր աստիճանի ազնվությամբ: Պատմությունը ցույց կտա, որ ես միշտ կատարել եմ իմ պարտականություններն՝ ի շահ Նոր Հարավային Ուելսի այն մարդկանց, ում ես արտոնություն եմ ունեցել ծառայել»,-ասել է Բերեջիկլյանը:

Նա հիշեցրել է՝ բազմիցս ասել է, որ եթե իր նախարարներից որևէ մեկը մեղադրվի այնպիսի բաներում, որոնք կհետաքննվեն իրավապահների կողմից, ապա պետք է գործունեությունը դադարեցնի՝ մինչև նախաքննության ավարտը: Բերեջիկլյանը շեշտել է, որ այդ նույն չափանիշը պետք է կիրառվի նաև իր համար ՝ որպես վարչապետ:

«Ինձ համար ցավալի է հայտարարել, որ այլընտրանք չունեմ, քան վարչապետի պաշտոնից հրաժարական տալը»,-ասել է նա:

Բերջիկլյանի հրաժարականն ուժի մեջ կմտնի այն պահից, երբ Նոր Հարավային Ուելսի լիբերալ կուսակցությունը Խորհրդարանի նոր ղեկավար ընտրի:

Այս խորագրի վերջին նյութերը