Քաղաքական

30.06.2011 10:26


Տիգրան Սարգսյանն արդարանում է

Տիգրան Սարգսյանն արդարանում է

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր անձնական բլոգում անդրադարձել է «168 ժամ» թերթին տված հարցազրույցին։ Հիշեցնենք, որ այն մեծ աղմուկ էր բարձրացրել, քանի որ վարչապետի խոսքերից այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ ՀՀ իշխանությունը նպատակաուղղված խթանում է արտագաղթը, որպեսզի կրիտիկական զանգվածը չմնա և հեղափոխություն չանի։

Անդրադառնալով այդ հարցազրույցին՝ Տիգրան Սարգսյանը գրել է.

««168 ժամ» թերթին տված հարցազրույցիս մի հատվածը բուռն քննարկումների առիթ է դարձել: Իմ որոշ ընդդիմախոսներ և լրատվության միջոցներ ինձ արդեն մեղադրում են իշխանությունը պահելու համար Հայաստանը դատարկելու մեջ: Ես սովորություն չունեմ մեկնաբանել անհեթեթություններն ու այդ մտավարժանքներին չեմ անդրադառնա: Ստորև ներկայացնում եմ հարցազրույցի այդ հատվածի սղագրությունը, ինչպես նաև ձայնագրությունը բոլոր տեսակի շահարկումներին վերջ դնելու համար։

Հարց՝ Պարո՛ն Սարգսյան, կրիտիկական զանգված միգուցե այս առումով չկա, որ շատ դժգոհ են, բայց էդ կրտիկական մասսան ավելի շատ արտագաղթում է, քան թե դուրս է գալիս ինչ-որ բան պահանջելու: Հրապարակ դուրս չենք գալիս, մենք փախչում ենք մեր պրոբլեմներից, որովհետև մտածում ենք, որ այստեղ չենք կարող լուծել: Պատասխան՝ Եվ, հարցն ինչու՞մն է։ Հարց՝ Եվ վիճակն իսկապես… Պատասխան՝ Ամեն ինչ անե՞նք, որպեսզի մարդիկ չփախչեն, որ մնան ու իրականացնեն հեղափոխությո՞ւն (կատակով ծիծաղում են): Բայց ինչպե՞ս անենք, որ մարդիկ մնան Հայաստանի Հանրապետությունում: Պետք է այնպես անենք, որ կյանքը Հայաստանում լինի ավելի լավ, քան արտերկրում. եթե դու սկսում ես Հայաստանում կյանքը բարելավել, կրիտիկական զանգվածը նվազում է, ավելանում է զանգվածը, որ աջակցում է իշխանություններին, և դա իշխանությունների հաջողությունն է: Իսկ եթե իշխանություններն ունենում են անհաջողություն, ժողովուրդն ավելի հակված է իր ձայները տալ ընդդիմությանը: Ո՛չ մի իշխանություն, հավատացեք ինձ, այդպիսի ցանկություն չունի՝ այնպես աշխատել, որ իր հեղինակությունը լինի ավելի ցածր, քան ընդդիմությանը»:

Տիգրան Սարգսյանը նաև հավելել է, որ արտագաղթի խնդիրն իրենց մտահոգող կարևորագույն հարցերից մեկն է, և, իր կարծիքով, ի թիվս այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնների, կառավարության անելիքը քաղաքացիների համար կյանքի ավելի լավ պայմաններ ու հնարավորություններ ստեղծելն է, որը կնպաստի արտագաղթի տեմպերի նվազմանը, ինչն էլ ի նկատի է ունեցել հարցազրույցում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը