Քաղաքական

28.09.2021 11:28


Դավադիր պատերազմից անցել է 1 տարի, բայց դրանից տուժած մեր բազմահազար հայրենակիցներ դեռևս շարունակում են կառավարությունից իրենց խնդիրների լուծումներ ակնկալել․ «Հայաստան» խմբակցություն

Դավադիր պատերազմից անցել է 1 տարի, բայց դրանից տուժած մեր բազմահազար հայրենակիցներ դեռևս շարունակում են կառավարությունից իրենց խնդիրների լուծումներ ակնկալել․ «Հայաստան» խմբակցություն

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հարցապնդում է արել կառավարությանը․ «Թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած 44-օրյա պատերազմի առաջացրած հումանիտար խնդիրների առաջնահերթ վերլուծությունը, սոցիալական և այլ կարիքների ամբողջական գնահատումը և դրա արդյունքում մեր բազմահազար հայրենակիցներին հասցեական աջակցություն ցուցաբերելու համար անհրաժեշտ ծրագրերի ու միջոցառումների իրականացումն օրվա հրամայական է։

Դավադիր պատերազմից անցել է 1 տարի, բայց ինչպես տեսնում ենք դրանից տուժած մեր բազմահազար հայրենակիցներ դեռևս շարունակում են կառավարությունից իրենց խնդիրների նկատմամբ ուշադրություն և որոշակի լուծումներ ակնկալել, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ անցած ժամանակահատվածում կառավարության կողմից չեն ձեռնարկվել բոլոր անհրաժեշտ քայլերն ու միջոցառումները մեր բազմահազար քաղաքացիների կարիքների ամբողջական գնահատման և դրանց համակարգային լուծումներ տալու ուղղությամբ։

Նշված խնդիրը լինելու է «Հայաստան» խմբակցության ուշադրության կենտրոնում և, ըստ այդմ, խմբակցությունը հարցապնդումով դիմել է կառավարությանը՝ ակնկալելով հետևյալ հարցերի պատասխանները.

1. Արդյոք ապահովվել է հնարավորինս լիարժեք և ճշգրիտ տեղեկատվություն՝ Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանակավորապես տեղափոխված ընտանիքների թվաքանակի, կազմի, սեռատարիքային կառուցվածքի, ՀՀ-ում ժամանակավոր բնակության վայրի, Արցախում հիմնական բնակության վայրի առկայության և դրանց հասցեների, ինչպես նաև նրանց կոնտակտային տվյալների վերաբերյալ:

2. Արդյոք ապահովվել է հնարավորինս լիարժեք և ճշգրիտ տեղեկատվություն՝ Արցախյան վերջին պատերազմում զոհված, անհետ կորած, գերի ընկած և վիրավորում ու հաշմանդամություն ձեռք բերած անձանց ընտանիքների վերաբերյալ:

3. ՏԻՄ-երի, ՀԿ-ների, սոցիալական խնդիրներով զբաղվող տեղական ու միջազգային կառույցների և սոցիալական աշխատողների ընդգրկմամբ արդյոք իրականացվել է նշված ընտանիքների կարիքների ամբողջական գնահատում՝ առկա չափորոշիչների և ուղեցույցերի համաձայն, որի արդյունքում կձևավորվեր լիարժեք պատկեր թե անհրաժեշտ ծրագրերի բովանդակության և թե դրանք իրականացնելու համար անհրաժեշտ ռեսուրսների վերաբերյալ:

4. Արդյոք իրականացվել է ներկայումս ՀՀ պետական բյուջեի, ինչպես նաև միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցների շրջանակներում գործող ծրագրերի վերագնահատում, որի արդյունքում կընդունվեին համապատասխան իրավական ակտեր կամ փոխհամաձայնեցված որոշումներ՝ որոշակի ծրագրերի կասեցման, որոշների դադարեցման և ըստ անհրաժեշտության նոր ծրագրերի գործարկման վերաբերյալ:

5. Արդյոք գործարկվել է վստահելի և հաշվետվողական մեխանիզմ՝ մասնավոր հատվածի, ՀՀ-ում և այլ պետություններում բնակվող անհատ քաղաքացիների կողմից կամավոր հիմունքներով ցուցաբերվող օգնությունն ու օժանդակությունը համակարգելու և դրանք առավել հասցեական ու նպատակային դարձնելու համար՝ վերականգնելով պետության նկատմամբ վստահությունը:

6. Արդյոք դիմել եք համապատասխան մանդատ ունեցող միջազգային բոլոր կառույցներին (հատկապես ՄԱԿ-ի մանդատի ներքո գործող), առաջին հերթին ՀՀ-ում գործունեություն իրականացնող ներկայացուցչություններին, ամբողջ աշխարհում մոլեգնող համավարակի ժամանակ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար աղետի հետևանքների մեղմացման ու աստիճանաբար վերացման և իրենց մշտական բնակության վայրերից տեղահանված քաղաքացիների տարրական իրավունքների պաշտպանության նպատակով Հայաստանի Հանրապետությանն օժանդակելու նպատակով գործուն միջոցներ ձեռնարկելու պահանջով։

Հարցապնդման պատասխանը ստանալուց հետո այն կենթարկվի մանրամասն վերլուծության եւ կներկայացվի հանրությանը»։

Այս խորագրի վերջին նյութերը