Քաղաքական

25.09.2021 15:04


Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները նոր հրամանատար կունենան. Կոսոբոկովը հեռանում է

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները նոր հրամանատար կունենան. Կոսոբոկովը հեռանում է

ՀՀ ՊՆ վարչական համալիրում այս պահին ընթանում է ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության և ՌԴ ՊՆ պատվիրակության հանդիպումը: Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին ներկայացնում են ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարությանը։

Հիշեցնենք, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի առաջին հրամանատար էր նշանակվել Ռուստամ Մուրադովը։ Վերջերս նա ավարտեց իր առաքելությունը, որից հետո այդ պաշտոնում նրան կարճ ժամանակով փոխարինեց գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը։ Այժմ էստաֆետը փոխանցվում է Գենադի Անաշկինին։

Գենադի Վլադիմիրի Անաշկինը ծնվել է 1968 թվականին Կույբիշև քաղաքում (Սամարա)։ 1987 թվականին զորակոչվել է, ծառայությունն անցել է Գերմանիայում։ Ավելի ուշ ավարտել է Ռյազանի բարձրագույն օդադեսանտային հրամանատարային ուսումնարանը։ 1998 թվականից ծառայել է 116 պարաշյուտադեսանտային առանձին գումարտակում, եղել է վաշտի հրամանատար։

1999 թվականի դեկտեմբերից մինչև 2000 թվականի օգոստոս ծառայել է նախկին Հարավսլավիայում, որտեղ Բոսնիա և Հերցեգովինայի խաղաղապահ ուժերի կազմում եղել է պարաշյուտադեսանտային գումարտակի հրամանատար։

2003 թվականին ավարտել է ՌԴ ԶՈւ համազորային ակադեմիան։ Գործուղվել Չեչնիա առաջին և երկրորդ պատերազմների ժամանակ։

2007 թվականի հունիսից եղել է 104–րդ գվարդիական դեսանտագրոհային գնդի հրամանատար (76-րդ գվարդիական դեսանտագրոհային դիվիզիա, Պսկով)։ Անաշկինի հրամանատարության տակ գտնվող խումբը 2008 թվականին մասնակցել է Հարավային Օսեթիայի մարտական գործողություններին։

2008 թվականին ՌԴ նախագահի հրամանով` զինվորական պարտքը կատարելու ժամանակ ցուցաբերած արիության և հերոսության համար Անաշկինն արժանացել է ՌԴ հերոսի կոչման և պարգևատրվել «Ոսկե աստղ» մեդալով (№ 917)։

2008 թվականի արդյունքներով գնդապետ Գենադի Անաշկինի հրամանատարության տակ գտնվող կազմավորումը ճանաչվել է ՌԴ օդադեսանտային զորքերի լավագույն գունդը։

2009 թվականի օգոստոսից զբաղեցրել է 106-րդ գվարդիական օդադեսանտային դիվիզիայի հրամանատարի տեղակալի պաշտոնը։ 2010 թվականի նոյեմբերից մինչև 2011 թվականի հունվար 106-րդ գվարդիական օդադեսանտային դիվիզիայի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատարն է եղել։

2012 թվականին ավարտել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան։

2014 թվականի օգոստոսից զբաղեցրել է Հարավային ռազմական օկրուգի 58-րդ համազորային բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնը։ 2017 թվականի հուլիսից ՀՌՕ 8-րդ գվարդիական համազորային բանակի հրամանատարի տեղակալն է։
2021 թվականի հունիսի 11-ին ՌԴ նախագահի №355 հրամանով նրան շնորհվել է գեներալ–լեյտենանտի կոչում։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների նախկին հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը, որն այդ պաշտոնում նշանակվել էր ավելի քան երկու շաբաթ առաջ, մեկնում է ծառայության հիմնական վայր։ Հիշեցնենք, որ նա համատեղության կարգով էր զբաղեցնում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի գլխավոր խաղաղապահի պաշտոնը՝ հանդիսանալով Վլադիկավկազում տեղակայված 58-րդ համազորային բանակի հրամանատարի տեղակալ:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը