Մեկնաբանություն

25.09.2021 11:19


Նիկոլ Փաշինյանը կբավարարի՞ Թուրքիայի ու Ադրբեջանի նախապայմանները

Նիկոլ Փաշինյանը կբավարարի՞ Թուրքիայի ու Ադրբեջանի նախապայմանները

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ հնչեցրած Նիկոլ Փաշինյանի ելույթը դժբախտ և դժգույն ստացվեց։ Իր ոճի մեջ։

Նիկոլը խաղաղություն էր մուրում և հայտարարում, որ անշեղորեն գնալու է «խաղաղության դարաշրջան» կառուցելու ճանապարհով։

Խաղաղությունն, իհարկե, լավ բան է, բայց դրան հնարավոր չէ հասնել լոզունգներով ու մուրացկանությամբ։ Առավելևս երբ այդ խաղաղությունը մուրում է մեր երկիրը կապիտուլյացիայի հասցրած մարդը։

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ու Արցախի պարտության դեմքն է։ Խորհրդանիշը։

Պարտության խորհրդանիշը չի կարող խաղաղություն բերել, քանզի միայն իր ներկայությամբ գրգռում ու լկտիացնում է հակառակորդներին, որոնք չեն էլ թաքցնում, որ նախապայմաններ ունեն ու միայն այդ նախապայմանների բավարարումից հետո կմտածեն «խաղաղության դարաշրջանի» մասին։

Որո՞նք են Էրդողանի ու Ալիևի նախապայմանները

Որքան շատ է Նիկոլը թուրքերից ու ադրբեջանցիներից խաղաղություն մուրում, այնքան ավելի շատ են նրանք կոշտացնում իրենց դիրքորոշումները։

Նիկոլն ասում է, որ պետք է ամուր նյարդեր ունենալ ու չշեղվել ընտրված ճանապարհից։ Պարզ լեզվով ասած՝ նրա երեսին թքում են, իսկ նա հայտարարում է, թե անձրև է գալիս։ Անարժանապատիվ ու կզած կեցվածքը, փաստորեն, նոր ձևակերպում ունի՝ «ամուր նյարդեր»։ Ինչևէ։

Էրդողանն ու Ալիևը հաշվել են, հաշվում են և հաշվելու են Նիկոլի ատամները։ Նրանք նախապայմաններ են առաջ քաշում։

Ինչպես հայտնի է, Էրդողանը հրապարակավ մերժեց Փաշինյանի՝ հանդիպելու և հարցեր քննարկելու առաջարկը։ Դա դիվանագիտական ապտակ էր փակ տարբերակով հանդիպում խնդրած ու հրապարակավ մերժված Նիկոլին։ Դրան զուգահեռ Թուրքիայի նախագահը նախապայմանների փաթեթ ներկայացրեց։ Դրանք են՝

–պետականորեն հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից,

–համաձայնել թուրքական աշխարհին Սյունիքի միջանցք տրամադրելու պահանջին,

–համաձայնել տարածաշրջանային անվտանգության հարցերը «3+3» (Ռուսաստան, Թուրքիա, Իրան + Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) նոր ֆորմատով դիտարկելուն՝ փաստացի զրոյացնելով Արցախի հարցով միջնորդական առաքելություն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող ԱՄՆ–ի ու Ֆրանսիայի դերը,

–ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մեջ դիտարկել նաև Լեռնային Ղարաբաղը։

Կոմունիկացիաները բացելու դիմաց նույն նախապայմաններն ունի նաև Ալիևը, գումարած՝ Ռուսաստանին ներկայացվող անուղղակի պահանջը, այն է՝ Հայաստանին զենք չմատակարարել։ Այս հարցով Ալիևի հիմնավորումն այն է, որ եթե ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում Նիկոլը ստացել է քվեների մեծամասնությունը, ապա դա նշանակում է, որ հայ ժողովուրդը գոհ է իր պարտությունից, հետևաբար՝ պետք չէ զինել ՀՀ–ին։

Այս նախապայմանները հնչեցվել են հրապարակավ։ Նիկոլը շարունակում է պնդել, որ ինքը «խաղաղության դարաշրջան» է բացում։ Նշանակո՞ւմ է դա, որ նա պատրաստ է բավարարել Թուրքիայի ու Ադրբեջանի նախապայմանները։ Իրեն, որ մնար, թերևս, շուտվանից էր բավարարել։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը