Մեկնաբանություն

23.09.2021 14:22


Մի մերժված խնդրանք-առաջարկի պատմություն

Մի մերժված խնդրանք-առաջարկի պատմություն

Մինչ Ալիևը Հայաստանի ճանապարհներն էր փակում, Իրանից եկող բեռնատարներից մաքսատուրք գանձում, հայ գերիներին պահում, ՀՀ քաղաքացիներին առևանգում, Նիկոլ Փաշինյանը «դրական ազդակներ» ստացավ Թուրքիայից։

Թե ինչ դրական ազդակներ էին, չասվեց։ Կառավարության նիստերից մեկում ընդամենը հայտարարվեց, որ դրական ազդակներ են ստացվել, կուսումնասիրվեն դրանք և կլինի համապատասխան արձագանք։

Թե ինչը և ինչպես էր ուսումնասիրել Նիկոլը, հայտնի դարձավ օրերս։ Թուրքիայի նախագահ Էրդողանը ցույց տվեց, թե ինչ է իրենից ներկայացնում Նիկոլի ստացած դրական ազդակը։

Ինչպես տեղեկացրեց Էրդողանը, Նիկոլը Վրաստանի վարչապետի միջոցով կուլիսային տարբերակով խնդրանք–առաջարկ էր փոխանցել Էրդողանին։ Նիկոլն ուզում էր հանդիպել վերջինիս։ Էրդողանը նույն խողովակով պատասխանելու փոխարեն հրապարակայնացրեց Նիկոլի առաջարկն ու նախապայման դրեց, այն է՝ կհանդիպի Նիկոլին, եթե նա պատրաստ լինի քաղաքական քայլերի գնալ։ Էրդողանի ուզածը Սյունիքի միջանցքն է։ Դրանից առաջ էլ նույն Էրդողանը պահանջել էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցից ՀՀ–ի հրաժարում։

Ահա այսպիսի «դրական ազդակներ» ունենք Թուրքիայից։ Դե իսկ Ալիևի նախապայմանները նույնպես հայտնի են։

Եթե Նիկոլը թուրք–ադրբեջանական նախապայմանները բավարարելու գնով է գնալու «խաղաղության դարաշրջանի» բացմանը, ապա դա կլինի լրիվ այլ բան։ Իսկ եթե չի բավարարելու այդ նախապայմանները, ապա ի՞նչ դրական ազդակներից էր նա խոսում։

Այս պահի միակ փաստն այն է, որ Նիկոլն Էրդողանից հանդիպում խնդրեց ու ստացավ հրապարակային ապտակ՝ մերժման տեսքով։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը