Քաղաքական

23.09.2021 12:57


Կորոնաթեստ հանձնելու ֆինանսական բեռը պետությունը պետք է վերցնի իր վրա. Արեգնազ Մանուկյանը` նախարարին (տեսանյութ)

Կորոնաթեստ հանձնելու ֆինանսական բեռը պետությունը պետք է վերցնի իր վրա. Արեգնազ Մանուկյանը` նախարարին (տեսանյութ)

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող որոշման հետ կապված մի շարք մտահոգություններ և դիտարկումներ

Նախ ընդգծեմ, որ այս որոշումը մարդու իրավունքների առումով խնդիրներ է առաջացնում, քանի որ պատվաստվելը պետք է լինի մարդու կամավոր և գիտակցված ընտրությունը, այլ ոչ թե հարկադրանքի կամ փակուղու առաջ կանգնեցնելու հետևանք։

Եթե պետությունը պարտադրում է աշխատող քաղաքացիներին չպատվաստվելու դեպքում ամիսը երկու անգամ ՊՇՌ թեստ հանձնել, ապա ֆինանսական բեռը պետությունը պետք է վերցնի իր վրա, այլ ոչ թե այդ ծախսը թողնի աշխատակիցների ուսերին, որոնց զգալի մասը առանց այդ էլ գտնվում է սոցիալական դժվարին պայմաններում։

Բացի այս, հակասություններ և խնդիրներ են առաջանում գործատու-աշխատակից փոխհարաբերություններում։ Կառավարությունը պատվաստվելու կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստ հանձնելու պարտադրանքի իր գործիք դարձնելով գործատուներին՝ նրա՛նց է դնում անհարմար դրության մեջ, կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծում կոլեկտիվում, ավելորդ դատական քաշքշուկների և տեսչական ստուգումների պատճառ է դառնում։

Հաշվարկված չէ նաև, թե ինչ երաշխիք կա, որ ՊՇՌ մեկ թեստից մինչև մյուսը հանձնելու ժամանակահատվածում քաղաքացին չի կարող վարակակիր լինել։

Ստեղծված իրավիճակը կարող է նաև կոռուպցիոն ռիսկեր առաջացնել, քանի որ չի բացառվում, որ քաղաքացիներն ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար կարող են նախընտրել, օրինակ, պատվաստվելու բժշկական հակացուցում ունենալը հավաստող փաստաթուղթ ձեռք բերել անօրինական ճանապարհով։

Եվ, ի վերջո, կառավարության կողմից թերի է իրականացվել պատվաստման անհրաժեշտության, դրա դրական կամ բացասական ազդեցության քարոզչությունը հասարակության շրջանում, ինչը հանգեցրել է մի շարք մտավախությունների և կանխակալ մոտեցումների։ Ես հատուկ ուզում եմ ընդգծել, որ ոչ թե դեմ եմ պատվաստումներին ընդհանրապես, այլ մատնանշում եմ այդ ուղղությամբ կառավարության կատարած թերի և անպատասխանատու աշխատանքը։

Իսկ վերջում ուզում եմ ևս մեկ անգամ անդրադառնալ ԱԺ-ի նիստերի ժամանակ իմ բարձրացրած խնդրին՝ կապված պետպատվերների դադարեցման հետ։ Մենք շարունակում ենք քաղաքացիներից ահազանգեր ստանալ, որ պետպատվերների հերթագրումների հարցը դրվել է բժշկական կենտրոնների վրա, իսկ քանի որ հատկացված բյուջեն սպառվել է, ԲԿ-ները հիմնականում որոշում են, որ տվյալ հիվանդության բուժումն անհետաձգելի չէ և քաղաքացիներին գրանցում են ու տուն ուղարկում։ Նման քայլի ԲԿ-ները ստիպված են գնում, քանի որ զրկված են ֆինանսավորումից, ինչը հետևանք է այն բանի, որ կառավարությունը ճիշտ չի կարողացել պլանավորել ֆինանսական միջոցները, իսկ հիմա էլ պարտավոր է միջոցներ գտնել այս խնդիրը կարգավորելու համար։

Այսպիսով, մարդիկ փաստացի զրկված են մինչև 2022թ․ պետպատվերի շրջանականերում բուժօգնություն ստանալու հնարավորությունից։

ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը