Կարծիք

28.06.2011 16:50


Իրերն իրենց տեղերը դնելու ժամանակը

Իրերն իրենց տեղերը դնելու ժամանակը

Բանականությունը հուշում էր, որ Կազանում որեւէ կարեւոր համաձայնագիր կամ փաստաթուղթ չէր ստորագրվելու, սակայն հույզերն այլ բան էին հուշում: Ամենայն հավանականությամբ, որոշակի դեր էր խաղացել Սերժ Սարգսյանի ելույթը ԵԽԽՎ-ում, Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը ռուսական թերթերից մեկին, Ահմեդինեժադի, Օբամայի եւ Սարկոզիի հեռախոսազանգերը, համանախագահների հայտարարությունները:

Հաղթեց բանականությունը: Կազանում ստորագրվեց մի շարքային հայտարարություն: Հայտարարությունն ինքնին շարքային է, բայց կարեւոր: Բանն այն է, որ Իլհամ Ալիեւը հասկացավ, որ դեռ իրավիճակն այնքան չի փոխվել, որ Ղարաբաղը նվիրեն Ադրբեջանին, եւ որ իրեն որեւէ մեկը թույլ չի տա պատերազմ սկսել: Բնականաբար, Ալիեւը մի լավ տխրած կլինի, բայց նրանից ոչ պակաս տխուր են Հայ ազգային կոնգրեսի առաջնորդները` Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Ակնհայտ էր, որ նրանք սպասում էին, որ Կազանում Սերժ Սարգսյանը այնպիսի փաստաթուղթ կստորագրեր, որից հետո իրենց դիրքերը կուժեղանար, իսկ ավելի ճիշտ` դեմքը փրկելու հնարավորություն կստեղծվեր: Այլ կերպ ասած, լևոնականները հույս ունեին, որ Սարգսյանը Ղարաբաղը կնվիրեր Ադրբեջանին, իսկ իրենք էլ դեմագոգիայով կզբաղվեին երկրի ներսում ու միգուցե շանս կառաջանար իշխանափոխությամբ զբաղվել: Իսկ որ դա այդպես էլ լինելու էր՝ հուշում է ՀԱԿ վերջին տարիների պահվածքը։

2008թ. հոկտեմբերից Տեր-Պետրոսյանը բոլորին հավատացնում էր, թե առավելագույնը մի քանի ամսից Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու հանձնել Ղարաբաղը` դրանից բխող հետեւանքներով: Վերջին օրերին իրավիճակն այնպիսին էր, որ Տեր-Պետրոսյանին թվում էր, թե արդեն իր գուշակումներն իրականություն են դառնում: Եթե այդպես չլիներ նա BBC-ի, իսկ այնուհետև՝ «Մոսկովսկիե նովոստիի» հետ այդքան անկեղծ չէր լինի:

Սերժ Սարգսյանը Մոսկվայում կոնգրեսականների սպասած փաստաթուղթը չստորագրեց: Իհարկե, ոչ այն պատճառով, որ շատ հայրենասեր է, այլ պարզապես աշխարհաքաղաքական իրավիճակն է այդպիսին:

Այսպես, թե այնպես, Սարգսյանը Տեր-Պետրոսյանի սպասելիքները չարդարացրեց եւ կոնգրեսականներին անչափ ծանր իրավիճակի մեջ գցեց: Այսքանից հետո Տեր-Պետրոսյանին մնում է հունիսի 30-ին հայտարարել, թե հանուն արտահերթ ընտրությունների իրենք պարտավոր են «երկխոսել» կոալիցիոն կուսակցությունների հետ: Բնականաբար, զոմբիներին  ոգեւորելու համար հնարավոր է պահանջեն Տիգրան Սարգսյանի օգնականներից մեկի հրաժարականը: Ավելին, Կոնգրեսը մեկ անգամ էլ ցույց կտա իր ատամները եւ Տեր-Պետրոսյանը կհայտարարի, թե իրենք Տիգրան Սարգսյանի հետ խոսելու ոչինչ չունեն:

Վերադառնալով Ղարաբաղի խնդրին՝ նկատենք, որ անկասկած, անչափ լավ է, որ Կազանում մեր շահերին հակառակ փաստաթուղթ չստորագրվեց, բայց մենք դրանից չպետք է եզրակացնենք, թե ամեն ինչ շատ լավ է: Իրականում մեր բախտը բերում է այնքանով, որ Ադրբեջանում իշխում են պետության կառավարումից հեռու եւ կլանային շահերով առաջնորդվող մարդիկ: Մեր բախտը բերում է նաեւ այնքանով, որ առայժմ գերտերությունները տեսակետները եւ դիրքորոշումները ԼՂ հարցում չեն համընկնում: Անկասկած, մի օր այս իրավիճակը կարող է փոխվել եւ գերտերությունները կարող են ընդհանուր հայտարարի գալ: Եւ մի կասկածեք, որ երբ ցանկություն լինի լուծել այս հարցը, շահելու է այն կողմը, որն ավելի ուժեղ կլինի: Իսկ ուժեղ լինում են ոչ միայն նավթի վաճառքից դիզած ոսկիներով: Ուժեղ է նա, ով ունի քաղաքացիական հասարակություն, առողջ տնտեսություն, լեգիտիմ իշխանություն:

Մենք պետք է ընդունենք, որ ներկա իշխանությունով եւ կոնգրեսական  «ընդդիմությունով» հեռու չենք գնա: Ինչպես կարող ենք հեռու գնալ, եթե մեկը մյուսից ավելի զիջողաբար է տրամադրված: Ինչպես առաջ գնանք, երբ գործող նախագահը ԵԽԽՎ-ում, մեղմ ասած, մտահոգիչ ելույթ է ունենում, իսկ Կոնգրեսի առաջնորդն էլ հերթական անգամ կրկնում է իր անհեթեթ միտքը, թե միեւնույն է Ղարաբաղի հարցում մենք պետք է զիջումների գնանք, եւ որ ամենալավ տարբերակն 97-ին էր, եւ որ նման տարբերակ էլ չի լինելու: Ինչպես առաջ շարժվենք, երբ Ռուսաստանն առաջարկում էր ռազմակայանների մասին պայմանագիրը երկարաձգել եւս հինգ տասնամյակով, փողոցում գտնվող «ընդդիմությունը» բերանը ջուր էր առել: Հավատացեք, որ այս դեպքում գործող նախագահի համար անչափ դժվար է բանակցել գերտերության առաջնորդների հետ:

Եւ վերջապես, ինչպես կարող ենք մենք ժողովրդավարական պետություն կառուցել, երբ տիտղոսային «ընդդիմությունն» ու գործող իշխանությունը գաղտնի «երկխոսության» մեջ են մտնում, երբ Հայ ազգային կոնգրեսն այնքան բարոյալքված է, որ նայելով հազարավոր մարդկանց աչքերին համոզում է, թե իրենց նպատակն արտահերթ ընտրություններն են, իսկ երբ Սերժ Սարգսյանն ավելի քան պարզ ասում է, թե ոչ խորհրդարանի, ոչ էլ նախագահի արտահերթ ընտրություններ չեն լինելու, կրկին բերանների մեջ ջուր են լցնում ու այդ «ջրոտ» բերաններով էլ՝ «երկխոսում»:

Այսպիսով, հասարակությունը, այն քաղաքական ուժերը, որոնք դուրս են մնացել «երկխոսողների» ազդեցության գոտուց պետք է անպայման օգտվեն այս իրավիճակից եւ համախմբվելով փորձեն երկիրը հանել այս կեղտոտ վիճակից: Առաջին հայցքից կարող է թվալ, թե դա դժվար գործ է, բայց ինչքան էլ դժվար լինի դա անհրաժեշտ է եւ իրականանալի: Վերջին հաշվով միայն ժողովրդավարական պետություն կառուցելով մենք ԼՂ հարցում կկարողանանք շահեկան դիրքերում հանդես գալ: Մենք պետք է ընդունենք, որ եթե ցանկանանք ժողովրդավարություն հաստատել երկրում, ապա դրան չեն կարող խոճընդոտել գերտերությունները:

Մենք չենք կարող հավերժ շունչներս փորներս գցած սպասել, թե հերթական բանակցությունները ԼՂ խնդրի հարցով ինչ ավարտ կունենան: Ժամանակն է, որ կարողանանք ապացուցել, որ Հայաստանը կարող է զարգանալ, բարագավաճել նաեւ ունենալով ԼՂ խնդիրը: Իհարկե, բոլորի համար էլ պարզ է, որ տնտեսության զարգացման համար բաց ճանապարհներն անհրաժեշտություն են, բայց չի կարելի կործանվել, սպասելով այդ բաց ճանապարհներին: Մենք սպասելու ժամանակ չունենք:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը