Քաղաքական

18.09.2021 00:00


Երեխաները Արցախի ֆուտբոլի հավաքականի խաղացողներ են՝ 15-16 տարեկան․ նոր մանրամասներ (տեսանյութ)

Երեխաները Արցախի ֆուտբոլի հավաքականի խաղացողներ են՝ 15-16 տարեկան․ նոր մանրամասներ (տեսանյութ)

Մենք ինքներս պետք է ստեղծենք մեր երեխաների, մեր իրավունքների պաշտպանության ու անվտանգության երաշխիքներ: Մինչև դա չանենք, ադրբեջանական զինված ծառայողները միշտ էլ գործելու են այսպիսի հանցանքներ, թույլ են տալու սանձարցակ պահվածք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը և կցել տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները կանգնեցրել հայկական ավտոբուսը:

«Միշտ լինելու է անորոշություն: Գրեթե 1 տարի է, ինչ խնդիրների մասին այդքան զգուշացնում եմ կոնկրետ փաստերով:

Այս տեսանյութում ադրբեջանական զինված ու դիմակավորված ծառայողները կանգնեցրել են երեխաներ տեղափոխող քաղաքացիական ավտոբուս: Երեխաներն Արցախից են, որ երթևեկում են Որոտանի ճանապարհով: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի՝ Գեղամ Ստեփանյանի հետ համատեղ պարզել ենք, որ երեխաները Արցախի ֆուտբոլի երեխաների հավաքականի խաղացողներ են՝ 15-16 տարեկան: Ադրբեջանական ծառայողները՝ զինված ու դիմակավորված, ստուգել են երեխաների հեռախոսները՝ ինչ-որ տեսանյութեր գտնելու պատրվակով: Երեխաների ավտոբուսն այդպես պահել են 10-15 րոպե: Այդ ընթացքում նաև ավտոբուսի վրայից դանակով քերել են Արցախի դրոշը:

Ադրբեջանական աղբյուրները հպարտությամբ տարածում են այս տեսանյութը: Բայց այստեղ հարցը պահվածքն է, որ ադրբեջանական զինված ծառայողները ցուցաբերում են երեխաների նկատմամբ, երեխաներին բացահայտ ահաբեկելու նպատակ՝ դիմակով ու զինված:

Հիմա էլ տեսանյութը տեղադրել են ադրբեջանական սոցիական ցանցերում, ու այն ուղեկցվում է երեխաներին ուղղված լկտի վիրավորանքներով, հայերին սպանելու կոչերով և խորքային ատելությամբ:

Այս ամենը տարիների պետական հովանավորչությամբ ադրբեջանական հայատյացության քաղաքականության արդյունք է: Ապացույցները մենք փաստագրել ենք»,- գրել է Թաթոյանը:

Այս խորագրի վերջին նյութերը