Քաղաքական

15.09.2021 14:10


«Այս ամենը ևս մեկ անգամ մեզ հուշում է, որ մեր անվտանգությունը գնալով ավելի է խարխլվում․ սա դեռ սկիզբն է». Բարձրավանի գյուղապետ

«Այս ամենը ևս մեկ անգամ մեզ հուշում է, որ մեր անվտանգությունը գնալով ավելի է խարխլվում․ սա դեռ սկիզբն է». Բարձրավանի գյուղապետ

Արդեն մի քանի օր է՝ թշնամին Սյունիքի մարզի Որոտանի ճանապարհին տեղադրել է ոստիկանական անցակետ և իրանական բեռնատարներից գումար է գանձում՝ 50.000 դրամ, որոշ տեղեկությունների համաձայն էլ՝ ավելին։ Թշնամին անցակետ է դրել այն ճանապարհի վրա, որն օգոստոսի 25-27-ը փակ էր պահում, ինչի հետևանքով Բարձրավան գյուղը հայտնվել էր շրջափակման մեջ։

168.am-ի հետ զրույցում Բարձրավանի գյուղապետ Օնիկ Ավագյանն ասաց, որ թշնամին ոստիկանական պահակակետը դրել է ճանապարհի վրա, կանգնած է նաև ադրբեջանական ավտոշարասյունը։

«Թշնամին այդ կետում ստուգումներ է կատարում, գումարներ են գանձում, որից հետո միայն թողնում են, որ մեքենաները գնան։ Երեկ այդ նույն ճանապարհով մեքենայով անցել եմ, չկանգնեցրին, միայն ձեռքով են անում, որ անցնենք ու արագ անցնենք, իսկ մեզանից հետո եկող իրանական բոլոր բեռնատարներն անխտիր կանգնեցնում են։ Ավտոբուսներն էլ են կանգնեցնում ու գումար պահանջում։ Այս ամենը ևս մեկ անգամ մեզ հուշում է, որ մեր անվտանգությունը գնալով ավելի է խարխլվում։ Կարծում եմ՝ սա դեռ սկիզբն է, հետագայում ավելի արկածախնդրության կդիմի թշնամին»,-նշեց Բարձրավանի գյուղապետը։

Ինչ վերաբերում է բնակիչներին, որոնք ամեն օր պետք է այդ ճանապարհով անցնեն, Օնիկ Ավագյանն ասաց, որ նրանք շատ մտավախություններ ունեն. «Բնակիչներն այդ ճանապարհով ահ ու սարսափով են երթևեկում։ Եթե նախկինում գիտեին, որ այնտեղ միայն պոստ է դրված և իրենք ուղղակի հեռվում կանգնած են, բայց հիմա շատ անհանգիստ են, որ հենց ճանապարհի վրա են կանգնած»։

Բարձրավանի գյուղապետի կարծիքով՝ եթե այսօր թշնամին իրանական մեքենաներն է կանգնեցնում, վաղը-մյուս օրը կկանգնեցնի նաև հայերին։ Այլ խոսքով՝ ադրբեջանական կողմն այս ամենով հասկացնում է, որ որոշ ժամանակ հետո հայությունն է հայտնվելու իրանցիների կարգավիճակում։

«Սա դեռ սկիզբն է, հետագայի համար մտածում եմ, որ մարդատար մեքենաներից էլ հարկ կգանձեն։ Այդ այլընտրանքային ճանապարհը, որն ուզում են մեզ համար սարքեն՝ հարցի լուծում չէ, ես միշտ էլ բարձրաձայնել եմ, որ այն պետք է լինի ընդամենը պատերազմական իրավիճակների համար նախատեսված ճանապարհ՝ ժողովրդին տարհանելու կամ այլ նպատակների համար։ Մեզ պետք է, որ ունենանք մեր հիմնական ճանապարհը, այլ ոչ թե այլընտրանքայինը։ Այլընտրանքային ճանապարհներն օգտագործելով՝ մեր և շրջական գյուղերը հիմնովին կտրվում են Հայաստան աշխարհից»,-եզրափակեց Օնիկ Ավագյանը։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։

Հիշեցնենք նաև՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի 75 տոկոսը հանձնելու փաստաթուղթը, որտեղ որևէ կետ ներառված չէր հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, Փաշինյանի և Պաշտպանության նախարարի լուռ համաձայնությամբ թշնամուն հանձնվեցին նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր շահեկան դիրքերը, որի արդյունքում մի շարք գյուղեր պարզապես հայտնվեցին թշնամու թիրախում։

Այս խորագրի վերջին նյութերը