Քաղաքական

15.09.2021 10:42


Արտոնյալ համարանիշներ էլ չեն լինի. «Հրապարակ»

Արտոնյալ համարանիշներ էլ չեն լինի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նոր ձևավորված Ազգային ժողովի պատգամավորներին այլևս պատգամավորական HH 11 սերիայով համարանիշներ չեն տրամադրելու, որ նրանք փակցնեն իրենց մեքենաներին։ Որոշումը նոր ԱԺ աշխատակազմինն է, որտեղից հաստատեցին մեր տեղեկությունը, որ պատգամավորներն այլևս նման «անձեռնմխելի» պետհամարանիշներ չեն ունենա։ Դրանք, իրականում, առանձնապես մեծ դեր չէին խաղում երթևեկության մեջ, տեսախցիկները ֆիքսում էին ԱԺ-ի համարներով մեքենաների խախտումներն ու տուգանքներն ուղարկում տերերին։

Առավելությունը, բացի «թիթիզությունից», մեկ էլ ՃՈ տեսուչների կողմից ավելի ներողամիտ վերաբերմունքն էր: Նրանք ճանաչում էին և չէին կանգնեցնում նման համարներով մեքենաները։

Աշխատակազմից ասացին, որ միայն ԱԺ նախագահի տեղակալներին, հանձնաժողովի նախագահներին ու խմբակցությունների ղեկավարներին է տրամադրվելու ԱԺ պետհամարանիշ՝ HH 01 սերիայով։ Նրանց նաև ի պաշտոնե ծառայողական մեքենա է հասնում։

Ի դեպ, այս պահին դեռևս կան HH 11-ով սկսվող համարներով շրջող նախկին ու ներկա պատգամավորներ, որոնք այդ համարները նախորդ ԱԺ-ից էին ստացել ու դեռ չեն հանձնել։ Աշխատակազմից ասացին՝ իրենք այդ համարանիշները հետ են պահանջում, մեծ մասն արդեն վերադարձրել է, մի քանի հոգի են մնացել, նրանք էլ շուտով կվերադարձնեն։ Որից հետո այդ համարանիշները կդրվեն ազատ վաճառքի։ Ի դեպ, ընդդիմադիր պատգամավորներից Արթուր Ղազինյանի մեքենայի համարանիշը HH 11 սերիայից է: Նա իր նոր սպիտակ Toyota Land Cruiser 300 ամենագնացի վրա 301 HH 11 պետհամարանիշ է փակցրել, որը ոչ թե ԱԺ հաշվեկշռում է գրանցված, այլ իրենց պատկանող ՍՊԸ-ի վրա»։

Այս խորագրի վերջին նյութերը