Քաղաքական

14.09.2021 14:16


Ոստիկանները ուժով բերման ենթարկեցին քաղաքապետարանի դիմաց ակցիա անող Ֆիզգորոդոկի բնակիչներին (տեսանյութ)

Ոստիկանները ուժով բերման ենթարկեցին քաղաքապետարանի դիմաց ակցիա անող Ֆիզգորոդոկի բնակիչներին (տեսանյութ)

Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման ենթարկեցին քաղաքապետարանի դիմաց ակցիա անող ֆիզգորոդոկի բնակիչներին:

Մինչ այդ ոստիկանները պահանջեցին ողջամիտ ժամկետում բացել քաղաքապետարանի հարակից փողոցը: «Մենք արդեն երկու ամիս է խնդրում եք քաղաքապետին հանդիպել մեզ հետ, ներկայացնել այն իրավական հիմքերը, ըստ որի այդ կառուցապատումն օրինական է, այդ տարածքի օտարումն օրինական է: Քանի որ չունեն այդ իրավական հիմքերը, վախենում են իջնել մեզ հետ հանդիպելու: Մենք ներկայացրել ենք բոլոր կետերը, հարուցվել է քրգործ, քննիչը միջնորդություն է ներկայացրել քաղաքապետարանին, որ կասեցվի շինարարությունը, բայց քաղաքապետարանը կառչել է բառերից, եւ քանի որ քննիչը գրել է միջնորդության մեջ, որ անհրաժեշտ է կասեցնել շինաշխատանքները, քաղաքապետարանը որոշել է, որ քննիչը սխալվել է, «անհրաժեշտ է կասեցնել»-ի փոխարեն պետք է լիներ «պետք է կասեցնել»,-ասաց բնակիչներից մեկը:

«Այս պահին պատասխանատվությունը կրում են քաղաքապետը եւ ավագանու անդամները: հենց հիմա դուրս եկեք, եթե չեք ուզում տեսնել բռնություն»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նշենք, որ Ֆիզգորդոկ կոչվող գիտավանի բնակիչները բողոքում են տարածքում բազմահարկ շենքի շինարարության դեմ, այն համարելով ապօրինի։ Նրանք մի քանի անգամ արդեն բողոքի ակցիաներ են իրականացրել շինարարության դեմ, որի արդյունքում օրեր անց հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քաղաքապետարանը հրահանգել է կասեցնել շինարարությունը, մինչև կավարտվի գործի քննությունը, սակայն շինարարությունը չի դադարել:

Բացի այդ, 20-օրյա հացադուլից հետո Ֆիզգոռոդոկի բնակիչ Հայկ Հարությունյանը երեկվա ապօրինություններից հետո հայտարարել է նաև ջրադուլ:

Այս խորագրի վերջին նյութերը