Կարծիք

18.04.2009 15:23


ԱԶԳԱՅԻՆ ԲՈՒՐԺՈՒԱԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ

ԱԶԳԱՅԻՆ ԲՈՒՐԺՈՒԱԶԻԱՅԻ ՄԱՍԻՆ

«Ե՞րբ է ավարտվելու անցումային փուլը», հարցնում ա Անդրանիկ Թևանյանը ապրիլի 16-ի խմբագրականում և տալիս պատասխանը. երբ որ կգտնվի «հստակ    գաղափարախոսություն  և  ծրագիր   ունեցող աջ  ուժ,   ... գալով իշխանության, մրցակցային  խաղի  կանոնները  կդարձնի  անշրջելի և կպաշտպանի ազգային բուրժուազիայի շահերը: Դրան կհաջորդի  արհմիութենական  շարժումների փուլը։  Որից հետո՝ աշխատուժի  և  սոցիալապես  անապահով  խավերի  պաշտպանության   խնդիրներ   առաջ  քաշող  ձախ  ուժերը   բնականորեն  կակտիվանան  և  ընտրությունների  ժամանակ կփոխարինեն  աջերին: Այդ   ժամանակ   արդեն  կարելի  է խոսել  անցումային  փուլի  ավարտի և  որակապես   նոր  պետություն   ունենալու  մասին»։

Երբ որ կարդում ես, սկզբում թվում ա, թե շատ համոզիչ սցենար ա: Մանավանդ եթե, ինչպես նշվում ա հոդվածում, սրա օգտին ա խոսում ավտորիտար երկների ժաղովրդավարական անցման միջազգային փորձը: Բայց երբ որ փորձում ես սցենարի կոնկրետ իրականացումը պատկերացնել մեր կոնկրետ իրականության մեջ, հարցեր են առաջանում: Նախ, «ազգային բուրժուազիա» արտահայտության մեջ ովքե՞ր են մտնում, փնտրվող աջ ուժը արդյո՞ք կարող ա արտահայտել խոշոր ու մանր բիզնեսի շահերը հավասարապես, արդյո՞ք հնարավոր բան ա դա, թե՞ խոշորի ու մանրի շահերը, էսօրվա վիճակով, հակադիր են: Ամեն դեպքում, ենթադրում եմ, որ «ազգային բուրժուազիա» արտահայտության մեջ խոշոր բիզնեսը չի կարող չմտնել: Խոշոր բիզնեսմենները նրանք են, որոնց ասում են օլիգարխ: Մեր օլիգարխները էսօր հիմնականում հանրապետական են, Գագիկ Ծառուկյանն էլ իրա կուսակցությունն ունի: Արդյո՞ք նրանք կպաշտպանեն որևէ նոր աջ ուժի, որն ուզենա գալ իշխանության: Դժվարանում եմ հավատալ:  Հասկանալի ա, որ խոշոր բիզնեսը նույնպես դժգոհ լինելու պատճառներ ունի, բայց նաև կորցնելու շատ բան ունի և իշխանություն փոխելու ռիսկին դժվար թե գնա: Որովհետև հենց որ իշխանափոխության ռեալ հնարավորություն ստեղծվեց, անմիջապես առաջ կմղվեն նրանք, որոնք կորցնելիքն արդեն կորցրել են և ռիսկի հեշտ են գնում: Այսինքն ձախերը: Ընդ որում ձախերի մեջ են նաև փոքր բիզնեսի ներկայացուցիչները, մի զգալի մասով նաև միջինները: Ես ձախն ու աջը որոշում եմ եղած քաղաքական ստատուս քվոյի հանդեպ վերաբերմունքով: Ձախը նրանք են, որ ուզում են արմատապես փոխել մեր ունեցած ստատուս քվոն: ... Էս տեքստս դեռ չէի վերջացրել, հայտնվեց Անդրանիկի նոր խմբագրականը. «Մեր տնտեսության «վերելակի» մասին»: Դրանում շատ պատկերավոր կերպով ներկայացված ա մեր «ազգային բուրժուազիայի» շերտային կտրվածքը. «Փոքր և միջին բիզնեսի շերտերի միջև կա ազատ տեղաշարժ։ Այսինքն տնտեսվարողը փոքրից կարող է դառնալ միջին և հակառակը։ Այլ բան է խոշորի տարածքը։ Միջինից դեպի խաշոր տանող ճանապարհը փակ է՝ «վերելակով» չես բարձրանա կամ գլխիդ վերևի «պատը» չես քանդի։ Հենց դա էլ կոչվում է փակ-կլանաօլիգարխիկ համակարգ»։ Էս սենց ա: Ու քանի որ էս սենց ա, պատից ներքև ու վերև գտնվողները չեն կարող նույն վերաբերմունքն ունենալ պատին: Պատը ներքևիններին ա խեղդում, ոչ թե վերևիններին: Վերևինները կլանաօլիգարխիկ համակարգի ներսում են, ինչո՞ւ պետք ա սեփական համակարգը քանդեն: Դրա համար էլ խմբագրականում հնչող կոչը ազգային բուրժուազիային' «շերտային միասնություն ցուցաբերել», ինձ թվում ա անիրագործելի:

Մարինե Պետրոսյան

Այս խորագրի վերջին նյութերը