Լրահոս

09.09.2021 10:24


Տապալված ոլորտի ինքնահավան ղեկավարը. «Ժողովուրդ»

Տապալված ոլորտի ինքնահավան ղեկավարը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ես սա ձախողում չեմ համարում»,-երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` խոսելով պատվաստումների գործընթացը տապալելու մասին: Սա այն դեպքում, երբ Հայաստանը պատվաստումների ցուցանիշով ամենացածրն է տարածաշրջանում (6 տոկոս). Թուրքիայում պատվաստումները 57.1տոկոս են կազմում, Ադրբեջանում` 40.9, Վրաստանում` 20.4, Իրանում` 21.9, Ռուսաստանում` 30.1: Այս խայտառակ ցուցանիշներն ապահովող նախարարը վստահ հայտարարում է, թե չի համարում ձախողված պատվաստումների գործընթացը:

Բայց շատ կարևոր է իմանալ նաև, թե ՀՀ-ում պատվաստված 6 տոկոս քաղաքացիներից քանիսն են ՀՀ քաղաքացիներ, քանիսը` օտարերկրացիներ, և ամենակարևորը` քանիսն են նրանցից բուժաշխատողներ: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին նախարարությունից պատասխանեցին, թե միայն ամեն ամսվա վերջում կարող են տալ թվեր, թե քանի օտարերկրացի է պատվաստվել: Այս ամենը այն դեպքում, երբ ՀՀ վարչապետը ՀՀ կառավարության հուլիսի 22-ի նիստում հանձնարարել էր Առողջապահության նախարարությանը ամեն օր հրապարակել, թե պատվաստված քաղաքացիներից քանիսն են ՀՀ, քանիսն են օտարերկրյա քաղաքացիներ: Այսինքն` վարչապետի հանձնարարականը հետևողականորեն չի կատարում Անահիտ Ավանեսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը Առողջապահության նախարարությունից հետաքրքրվեց նաև, թե օտարերկրացիների համար օգտագործված պատվաստանյութերը ՀՀ պետբյուջեի վրա մինչ օրս ինչ են արժեցել, սակայն այս հարցին էլ չպատասխանեցին:

Որպես ամփոփում` պետք է ասել, որ ՀՀ առողջապահության նախարարությունը՝ Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ, ՀՀ պետբյուջեից՝ հարկատուների հաշվին գնել է պատվաստանյութ և մոտ վեց ամիս զբաղված է, իսկ պատվաստման գործընթացը նմանվում է պատվաստանյութերի մսխման, քան թիրախային խմբերի առողջության պահպանման գործընթացի: Նախարարությունը ցուցանիշ է ապահովում, այլ ոչ թե զբաղվում մարդկանց առողջության, վարակից հեռու պահելու կարևորագույն աշխատանքով:

Դա է պատճառը, որ ՀՀ գործող իշխանությունը տարածաշրջանում ունի ամենացածր վարկանիշը իր քաղաքացիների շրջանում. Ընդամենը 6 տոկոսն է վստահել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը և պատվաստվել, ու դեռ չգիտենք, թե այդ վեցից քանիսն են օտարերկրացի։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը