Քաղաքական

09.09.2021 00:01


Կարմիր խաչի ներկայացուցիչները տեղեկացված չեն եղել հուլիսին երկու հայ զինծառայողների գերի ընկնելու մասին

Կարմիր խաչի ներկայացուցիչները տեղեկացված չեն եղել հուլիսին երկու հայ զինծառայողների գերի ընկնելու մասին

Սեպտեմբերի 7-ին Ադրբեջանից Հայաստան է վերադարձել ՀՀ երկու քաղաքացի՝ մայոր Արթուր Նալբանդյանը և զինծառայող Արամայիս Տոռոզյանը, որոնք, ըստ ՀՀ ՊՆ-ի, այս տարվա հուլիսի 14-ից համարվում էին անհետ կորած։

Ռազմական գերատեսչությունը պնդում էր, որ զինվորների հետ կապը կորել է հուլիսի 14-ին՝ ժամը 23-ի սահմաններում. մառախուղի պատճառով մոլորվել էին Սյունիքի Իշխանասար լեռան շրջանում՝ հատուկ շեշտելով հայ զինվորների անզեն լինելու մասին։

Անցած 1,5 ամսվա ընթացքում «Փաստինֆո»-ն պարբերաբար հարցումներով դիմել է ՀՀ ՊՆ՝ պարզելու մեր զինվորների ճակատագիրը ու մշտապես տրվել է նույն պատասխանը՝ կատարվում են որոնողական աշխատանքներ, նրանց գտնվելու վայր հայտնի չէ։ Նույն պատասխանը տրվել էր նաեւ սեպտեմբերի 6-ին, իսկ սեպտեմբերի 7-ին արդեն հայտնի դարձավ, որ կատարվել է փոխանակում ու ադրբեջանական լրտեսի դիմաց Ադրբեջանը մեզ է վերադարձրել մեր երկու զինվորներին։ Այսինքն՝ նրանք այս ընթացքում եղել են գերության մեջ։

Փորձեցինք Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակից հետաքրքրվել, արդյոք 55 օրերի ընթացքում Ադրբեջանում հանդիպում ունեցե՞լ էին գերեվարված հայ զինծառայողների հետ, սակայն պարզվեց, որ ՀՀ իշխանությունները ոչ միայն հայ հասարակությունից են թաքցրել նրանց գերի լինելու փաստը, այլ անգամ Կարմիր Խաչից եւ մեր տղաները զրկված են եղել միջազգային այս հեղինակավոր կառույցի օժանդակությունից։

«Մենք իրականում ընդգրկված չենք եղել այդ անձանց վերաբերյալ հարցով որևէ գործընթացներում։ Ընտանիքներից նաև չենք ունեցել հարցում և ամբողջությամբ այդ հարցով զբաղվում էին Հայաստանի պետական իշխանությունները»,-«Փաստինֆո»-ին հայտնեց «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

Նրա փոխանցմամբ՝ տեղեկություն չունեն նաեւ օգոստոսի 22-ից անհետ կորած համարվող հայ սպայի՝ Արթուր Բորիսի Դավիդյանի մասին։

Ավագ լեյտենանտ Դավիդյանը, վատ տեսանելիության պայմաններում մոլորվել էր տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում։ Քայլեր էին ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական կողմում հայտնվելը հաստատելու ուղղությամբ։

ՀՀ ՊՆ-ից փորձեցինք պարզել, արդյոք սպան եւս գերեվարված է, սակայն ՊՆ-ից առաջարկեցին դիմել գրավոր, թեեւ սեպտեմբերի 6-ին բանավոր հարցմանն ի պատասխան նշել էին, թե նրա տեղը եւս չգիտեն ու որոնողական աշխատանքները շարունակվում են։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում գնդապետ Բորիս Ավագյանը շեշտել էր, որ սեպտեմբերի 6-ին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ու Ռուստամ Մուրադովը հանդիպել էին և այդ հանդիպումը հիմք է հանդիսացել այն բանի, որ Մուրադովը մեկնել է Բաքու, հետևաբար այդ օրը ՊՆ-ն չէր կարող չիմանալ առնվազն նրանց Բաքվում գտնվելու մասին։

Ստացվում է ՀՀ իշխանությունները գերության մեջ հայտնված իր քաղաքացիներին զերծ է պահում միջազգային հոգածությունից, որը ինչ-որ չափով երաշխիք է կյանքի իրավունքի պաշտպանության, քանզի ԿԽՄԿ-ի տեսակցությունից հետո ազերիները ավելի զգոն են լինում։

Իսկ թե որն է մեր տղաների կյանքը հարվածի տակ դնելու ՀՀ իշխանությունների վարքագծի պատճառը՝ որեւէ պարզաբանում, պատճառաբանություն չի ներկայացվում։

Աղբյուր` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը