Քաղաքական

08.09.2021 12:40


«Փաշինյանի տիկինը պատերազմի օրերին Արցախում ասել է, որ Ռուսաստանը մեր թշնամին է». Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)

«Փաշինյանի տիկինը պատերազմի օրերին Արցախում ասել է, որ Ռուսաստանը մեր թշնամին է». Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը վստահեցնում է՝ Արցախում կատարվող շինարարական աշխատանքները կապ չունեն բնակարանաշինության հետ, պարզապես գումարները ծախսվում են որոշակի շենքերի արտաքին հարդարումների համար, որովհետև ըստ նրա՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի շրջապատը նման բիզնես ունի:

«Իբր շինարարություն է կատարվում, բայց մարդիկ անտուն են, և գնալով այդ վիճակն անտանելի է դառնում: Երբեմն ուղղակի վախենում ես փողոց դուրս գալ, որովհետև հաշիվն արդեն կորցրել եմ, թե որքան քաղաքացի է ինձ դիմում: Մարդկանց մեծ մասը տուն չունի, մարդիկ հայտնվում են փողոցում»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ թեպետ Հայաստանի և Արցախի իշխանությունները հայտարարում են, որ Արցախում սոցիալական ծրագրեր են իրականացվում, որևէ սոցիալական խնդիր այս մեկ տարվա ընթացքում Արցախում չի լուծվել.

«Կեղծ, սուտ պաթոս, պոպուլիզմ, որն իրենք տարածում են՝ չգիտեմ՝ որ լսարանի համար, բայց որևէ խնդիր Արցախում լուծված չէ՝ ամենատարրական սոցիալական խնդիրներից, գործազրկության մեծ ծավալից: Մարդիկ հուսահատված են: Շուշիի բնակչուհու վերաբերյալ լուր տարածվեց, որ երեխաների հետ ուզում է վերադառնալ այնտեղ. Այդպիսի հուսահատված մարդկանց գնալով շատ կտեսնեք Արցախում: Այն տեսահոլովակները, այն նյութերը, որ տեղադրվում են այսօր դրսի լսարանի համար, որևէ աղերս չունեն իրականության հետ: Այն եթերները, որ անում էր նախկին սոցապնախարար Թանդիլյանը, որևէ աղերս չունեն իրականության հետ»:

Մետաքսե Հակոբյանն ընդգծեց՝ ՀՀ գործող իշխանություններն Արցախի վերաբերյալ գործընթացներից դուրս են եկել ոչ թե պատերազմից հետո, այլ հենց դրա համար են եկել իշխանության, որ փակեն Արցախի հարցը և Հայաստանին դուրս բերեն այդ գործընթացներից. «Այո, իրենք դուրս են եկել և որևէ կապ չունեն Արցախի հետ, բացի այն պաթոսային հայտարարություններից, որ երբեմն-երբեմն անում են»:

Արցախի ԱԺ պատգամավորն անդրադարձավ նաև պատերազմի օրերին Արցախում կատարված իրադարձություններին. «Այն ժամանակ, հենց իշխանությունները խուճապ առաջացնելով բնակչության մեջ, բնակչությանը տեղահանեցին՝ անունը դնելով փախուստ, արդյունքում և՛ Արցախի, և՛ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ բնակչությունը փախչելով՝ հանձնեց Արցախը: Իրականում հենց իրենք էին խուճապ առաջացնում և՛ զորքի, և՛ բնակչության մեջ, նաև տարհանում էին մարդկանց»:

Մետաքսե Հակոբյանը նշեց, որ իրենց հայտարարությունների արդյունքում վարույթ է իրականացվում Արցախի դատախազության կողմից, և որ հիմնական շեշտը դրված է Փաշինյանի տիկնոջ մի հայտարարության վրա, որը նա պատերազմի սկզբում արել է Արցախի կանանց հետ հանդիպման ժամանակ.

«Տիկինը պատերազմի սկզբում մեզ հետ հանդիպման ժամանակ իր շատ կարճ պաթոսից հետո անդրադարձավ իրենց քաղաքականությանը, որը որևէ կապ չէր կարող ունենալ Հայաստանի կամ Արցախի փրկության հետ: Ես կփորձեմ բառացի մեջբերել նրա խոսքերը, չնայած ինձ համար զարմանալի է, որ այդ հանդիպումը լրատվականներ են նկարել, բայց դա այդպես էլ եթեր չգնաց որևէ կերպ: Չգիտեմ՝ վարույթին կցվա՞ծ են արդյոք այդ ձայնագրությունները, թե՞ ոչ, որովհետև ես ասել եմ այդ մասին, երբ ինձ էին հարցաքննում: Խոսքը հետևյալն էր, որ՝ այն պետությունը, որը գոնե վերջին մեկ դարում մեզ բարեկամ է խաղացել, իրականում մեր բարեկամը չէ, այլ թշնամին, և այն, որ մենք հայտնվել ենք այս իրավիճակում, դա հենց իրենց շնորհիվ է, և մեր փրկությունը ոչ թե իրենցից է, այլ Արևմուտքից, Եվրոպայից: Այսինքն՝ այն քաղաքականությունը, որ մինչ պատերազմը իրենք վարել էին՝ կտրվել Ռուսաստանից, չանել որևէ համատեղ աշխատանք Ռուսաստանի հետ, այլ թեքվել դեպի Արևմուտք, Եվրոպա՝ մերժելով Ռուսաստանը, իրենք շարունակեցին դա անել պատերազմի ընթացքում: Եվ մնացածը, ինչը խոսվում էր, զուտ կեղծիք էր և սուտ»:

Այս խորագրի վերջին նյութերը