Քաղաքական

08.09.2021 12:50


Պատրաստ ենք նման խոսակցության. վարչապետը՝ Էրդողանի հայտարարությունների մասին

Պատրաստ ենք նման խոսակցության. վարչապետը՝ Էրդողանի հայտարարությունների մասին

Կառավարության նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վարչապետը նշեց, որ Հայաստանի հետ հարաբերությունների հարցին հրապարակային անդրադարձ է կատարել Թուրքիայի նախագահը։

«Այդ հայտարարություններում մենք տեսնում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն։ Եվ մենք պատրաստ ենք նման խոսակցության։ Մեծ հաշվով խոսքը մեր տարածաշրջանը արևմուտքը արևելքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ այս գործընթացին ակտիվ աջակցելու հրապարակային պատրաստակամություն է ցուցաբերել Ռուսաստանի Դաշնությունը։

«Եվրամիությունը, Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները նույնպես հետաքրքրված են այս գործընթացով։ Իսկ Չինաստանի ու Հնդկաստանի շահագրգռվածությունը կոմունիկացիոն նախագծերի զարգացման ուղղությամբ հայտնի է»,-ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունը Հայաստանի կառավարության երկարատև ռազմավարությունն է։ «Եվ մենք մեզ պատասխանատու ենք համարում այդ խնդրի լուծման համար։ Խաղաղությունը, կայունությունը, համագործակցությունը հեշտ հայտարարելի և ցանկալի նպատակներ են, բայց դրանց իրագործման համար խելամիտ, մտածված, պրագմատիկ ջանքեր են պահանջվում։ Եվ ՀՀ-ն պատրաստ է նման ջանքեր գործադրելուն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

***

Կառավարության նիստի սկզբում Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սահմանակից պետությունների հետ հարաբերությունների խորացման ու կարգավորման հնարավորություններին:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վարչապետը նշեց, որ Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս արձանագրել է՝ սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու։

«Եվ սա արձանագրված է ԱԺ կողմից ընդունված ծրագրում, և այդ ծրագրի իրագործումը, ահա, դարձել է աշխատանքային օրակարգ մեզ համար։ Ինչպես տեղյակ եք, վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո ես արդեն հասցրել եմ այցելել Իրանի Իսլամական Հանրապետություն, այսօր էլ մեկնում եմ Վրաստան։ Թե ԻԻՀ, թե Վրաստանի հետ մեր քննարկումների օրակարգում էական դեր է խաղում տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացման թեման, և այս համատեքստում կարևորում եմ Հյուսիս-հարավ նախագիծը, որն ԻԻՀ հետ մեր սահմանը կապում է Վրաստանի հետ մեր սահմանին։

Մեզ համար չափազանց կարևոր է նաև երկաթուղային կապի հաստատումը Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Այս խնդիրը լուծելու համար Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը։ Այստեղ մենք վճռական ենք ջանքեր գործադրել՝ կոնկրետ արդյունքների հասնելու համար՝ գիտակցելով, իհարկե, որ Ադրբեջանն էլ իր հերթին ակնկալում է հաղորդակցություն իր արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ մենք տրամադրված ենք վերականգնել խաղաղ գործընթացը Ադրբեջանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,- ասաց կառավարության ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանը կարևորեց նաև Ադրբեջանի հետ սահմանազատում և սահմանագծում իրականացնելու օրակարգը։ «Եվ մենք շարունակում ենք աշխատել դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Հույս ունենք օր առաջ ավարտին հասցնել մեր գերիների, պատանդների և այլ պահվող անձանց Հայաստան վերադարձնելու գործընթացը»,-ասաց վարչապետը։

Այս խորագրի վերջին նյութերը