Լրահոս

08.09.2021 10:22


Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին

Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին

ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին.

«Երկրորդ բաց նամակ՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին

Հարգելի տիկին Ավանեսյան,

Թույլ տվեք ևս մի անգամ բացատրել, ինչու ձեր գործողությունները ու հրամանները հակասահմանադրական են։

1. Իմ մարմինը միայն իմ մարմինն է։ Առանց իմ թույլտվության ու ցանկության իմ մարմնի մեջ միջամտելու բոլոր փորձերը համարվում են բռնություն։ Անկախ նրանից, թե ինչ նպատակով են արվում։ Բացառությունը կարող է լինել իրավիճակը, երբ իմ կյանքին անմիջական մահացու վտանգ է սպառնում, իսկ ես անգիտակից եմ։ Կովիդը հաստատ այդ դեպքը չէ։

2.Իմ անձնական եկամուտը միայն իմ անձնական եկամուտ է, և միայն ես եմ որոշում՝ ինչպես այն ծախսել։ Ես վճարում եմ բոլոր հարկերն ու տուրքերը, կարծում եմ, մնացած վաստակածս գումարը պետք է լինի իմ անձնական տրամադրության տակ։ Դուք պահանջում եք, որ ես իմ աշխատավարձի 1/6-ը ծախսեմ թեստերի վևա: Դրա իրավունքը ձեզ ոչ ոք չի վերապահել։ Այդ գումարը պաqտկանում է ինձ և իմ երեխաներին, որոնցից երկուսը անչափահաս են։

3. Դուք ինձ շանտաժի եք ենթարկում՝ ձեր հրամանով վտանգի տակ դնելով նաև իմ աշխատանքի իրավունքը։ Շանտաժը քրեական հանցագործություն է։ Մարդ չպիտի սպառնալիքի և անօրինական ճնշման տակ ընտրություն կայացնի։

Այսպիսով, ես պահանջում եմ, որ ձեր՝ մեր սահմանադրական իրավունքներին հակասող հրամանը չեղարկվի։

Կարող եմ նաև ձեզ ընկերաբար բացատրել, թե ինչու ես չեմ ուզում պատվաստվել։

1.Չեմ վստահում պատվաստանյութին, և այսօրվա տվյալները ցույց են տալիս, որ դրանք միայն մասամբ են էֆեկտիվ։ Պատվաստվելով՝ ես, միևնույն է, մնալու եմ պոտենցիալ վարակակիր, ինչը իմաստազրկում է այդ գործողությունը անգամ ալտրուիստական մտահղացումներից ելնելով: Հատկապես չպատվաստված ուսանողության շրջանում։

2.Արդեն հիվանդացել եմ կովիդով ու շատ հեշտ եմ տարել։ Հետևաբար, չեմ վախենում կրկնակի հիվանդանալ։ Այնինչ, ես չգիտեմ, թե ինչպես է իմ օրգանիզմը ազդվելու պատվաստանյութից։ Եթե ես ունենամ որևէ բարդացում, հիմա կամ տարիներ անց, ո՛չ դուք, ո’չ էլ մեկ ուրիշը պատասխան չի տալու, ոչ էլ փոխհատուցելու է։

Եվ, վերջապես, ով ռիսկի խմբում է, վախենում է հիվանդանալ, միշտ ազատ է պատվաստվելու։

Թավշյա, ոչ բռնի ձևով։ Պետականորեն արդարացված բռնությունը միայն հանցագործների դեմ օգտագործեք, ես հանցագործ չեմ։

Հարգանքով՝ ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյան ՀՀ առողջապահության նախարարություն»:

Այս խորագրի վերջին նյութերը