Քաղաքական

07.09.2021 16:08


Գյուղերը դարձան սահմանամերձ, հիմա էլ խոշորացնում են․ ռիսկային քայլ է, արտագաղթ է սկսվելու․ Գեղամասարի համայնքապետ

Գյուղերը դարձան սահմանամերձ, հիմա էլ խոշորացնում են․ ռիսկային քայլ է, արտագաղթ է սկսվելու․ Գեղամասարի համայնքապետ

Հայաստանում մեկնարկել են վարչատարածքային փոփոխություններին միտված աշխատանքները: 2021 թվականի դեկտեմբերին արդեն ձևավորված կլինեն խոշորացված համայնքները։ Կառավարության այս նախագծով նաև առաջարկվում է Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքը միացնել Վարդենիս համայնքին։

Գեղամասար խոշորացված համայնքն իր մեջ ներառում է 18 գյուղ, այդ թվում՝ Կութ, Սոթք, Ազատ և Նորաբակ գյուղերը, որոնց անմիջապես վերևի սարերում արդեն 4 ամիս տեղակայված է թշնամու զորքը։

Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻՄ վարչության պետ Վանիկ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Կառավարությունը մոտ մեկ շաբաթ առաջ է նախագիծն ուղարկել մարզպետարան, և, որ սպասում են հրամանի, որ հանրային լսումներ իրականացնեն․

«ԿԸՀ-ն դեկտեմբերի 5-ին Հայաստանի մասշտաբով ՏԻՄ ընտրություններ է նշանակել․ Նախագիծը շուտով օրենքի ուժ կստանա և կյանքի կկոչվեն՝ հանրային քննարկումներ, լսումներ և այլն։ Գեղարքունիքի մարզում համայնքներին իրազեկել ենք, բայց հանրային քննարկումներ դեռ չկան։ Նախագիծը կառավարությունն է առաջարկել, բայց պետք է Ազգային ժողով անցնի՝ համապատասխան գլխադասային հանձնաժողովներով, երբ օրենքի ուժ կստանա, արդեն համապատասխան քննարկումները կանենք․․․»։

Վանիկ Հարությունյանին հարցրեցինք՝ ճի՞շտ է արդյոք, որ նշված նախագծով Գեղամասար խոշորացված համայնքը, այդ թվում՝ Սոթք, Կութ, Նորաբակ գյուղերը, միանալու են Վարդենիս համայնքին․

«Այո՛, մեկ շրջան, մեկ համայնք սկզբունք»։

Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն էլ 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Կառավարությունն այս նախագծով ավելի շատ քաղաքական խնդիր է լուծում, իսկ ինչ վերաբերում է համայնքների խոշորացման ռիսկերին, ասաց․

«Սա շատ լուրջ և ռիսկային քայլ է, որովհետև այսքան տարիների ընթացքում այս համայնքը համախմբել եմ, մարդիկ առաջընթաց են տեսել, ջրի, լույսի և այլ խնդիրներ են լուծվել, ինչը նախկինում անտեսված է եղել։ Եթե այս համայնքները խոշորացվեն, վստահ կարող եմ ասել, որ այդ համայնքներից արտագաղթ է սկսվելու։ Մարդիկ հիմա մի փոքր հույս ունեն, որ հնարավոր է՝ լավ լինի, իսկ խոշորացման հետ կապված արդեն շատ-շատերն ասում են՝ մենք քոչելու ենք, այստեղ չենք ապրի․․․ Գյուղերը դարձան սահմանամերձ, հիմա էլ խոշորացնում են, վստահ գիտեմ, որ խոշորացման դեպքում այս փոքր գյուղերը միշտ անտեսվելու են, ուշադրություն են դարձնելու խոշոր գյուղերին, բայց այս դեպքում խնդիրը ոչ թե խոշորի ու մանրի տարբերությունն է, այլ հենց սահմանամերձ դարձած բնակավայրը, թեկուզ մի գյուղում 50 ընտանիք էլ ապրի՝ այդ գյուղը պահպանել է պետք։ Մարդիկ արդեն իսկ դուրս են գալիս, բայց այս տեմպը կմեծանա, երբ խոշորացման գործընթացը սկսվի»։

Հարցին՝ իշխանությունները շարունակո՞ւմ են պահանջել ձեր հրաժարականը, քանի որ նման նախադեպ եղել է, Հակոբ Ավետյանը պատասխանեց․

«Չեմ ուզի շատ մանրամասն ասել, բայց այո, միանշանակ, ամեն պահի՛ շատ կոնկրետ աշխատանքներ են տարվում իմ ուղղությամբ, և պատճառը տարբեր քաղաքական հայացքներ ունենալն է։ Ես հիմա էլ եմ նույն կերպ մտածում, այնպես չէ, որ այս ընտրություններից հետո ինձ մոտ բան է փոխվել։ Ես ինչ արել եմ, ճիշտ եմ արել, միշտ էլ հայտարարել եմ, առանց մտածել քայլ չեմ անում, որ հետո ասեմ՝ սխալվեցի»։

Այս խորագրի վերջին նյութերը