Աշխարհ

07.09.2021 10:40


Կանադայի վարչապետի վրա մանր քարեր են նետել նախընտրական հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Կանադայի վարչապետի վրա մանր քարեր են նետել նախընտրական հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)

Անհայտ անձինք մանր քարեր են նետել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի վրա, երբ նա նստում էր իր ավտոբուսը Լոնդոնում (Օնտարիո) նախընտրական հանրահավաքի ավարտից հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով CTV հեռուստաալիքը:

Կադրերում երևում է, որ քարերի մի մասը դիպչել է Թրյուդոյի, իսկ մյուս մասը՝ նրա թիկնապահների վրա: Ըստ ամենայնի, լուրջ վնաս դրանք չեն հասցրել վարչապետին և նրա շրջապատին: Ըստ CTV-ի՝ վարչապետի քաղաքականության հետ անհամաձայն քաղաքացիների մի մեծ խումբ ևս մասնակցում էր Թրյուդոյի Լիբերալ կուսակցության կողմնակիցների հետ նախատեսված հանդիպմանը: Նրանց թվում էին Կանադայի ժողովրդական կուսակցության կողմնակիցները, որը դեմ է հանդես գալիս բնակչության բռնի պատվաստմանը կորոնավիրուսի դեմ և կանադացիների իրավունքների ու ազատությունների պահպանման կողմնակիցն է:

Ցուցարարների խումբը, մասնավորապես, համաձայն չէ կառավարության գործողությունների հետ, որը շարունակում է սահմանափակել երկրի տնտեսական գործունեությունը նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում, բնակչության որոշ խմբերի համար պարտադիր պատվաստում է ներդրել, ինչպես նաև աջակցում է մի շարք շրջանների նախաձեռնություններին այսպես կոչված covid անձնագրերի ներդրման մասին:

Անցյալ կիրակի Թրյուդոն վիրավորանքների էր ենթարկվել մի խումբ կանադացիների կողմից Օնտարիո նահանգի Նյումարկետ քաղաքում տեղի ունեցած ցույցի ժամանակ: Ավելի ուշ նա ցուցարարներին «ագրեսիվ բանդա» և պատվաստման հակառակորդներ էր անվանել, «որոնք չեն ներկայացնում կանադացիների մեծամասնության կարծիքը»:

Օգոստոսի 15-ին Թրյուդոն հայտարարել էր խորհրդարանը ցրելու և սեպտեմբերի 20-ին արտահերթ ընտրություններ նշանակելու մասին: Կանադայում հաջորդ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենային 2023 թվականին: Թրյուդոյի գլխավորած Լիբերալ կուսակցությունը մեծամասնություն չունի խորհրդարանում: Վերջերս վարչապետը քննադատել էր օրենսդիր մարմնին դանդաղկոտության համար և այն «օբստրուկցիոնիզմի վայր» էր անվանել՝ կառավարության օրակարգը հաստատելու դժվարությունների պատճառով: Վարչապետը ցանկանում է հնարավորինս շուտ ընտրություններ անցկացնել, որպեսզի կարողանա օգտվել հանրային աջակցությունից՝ համավարակի դեմ պայքարում ունեցած հաջողության համատեքստում և մեծամասնության կառավարություն ձևավորել:

Հաղթող կուսակցության առաջնորդը կդառնա երկրի վարչապետ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը