Քաղաքական

06.09.2021 20:21


Կաշառքի գործով դատապարտված փոխնախարարը պարգևատրվել է ՊՆ հուշամեդալով

Կաշառքի գործով դատապարտված փոխնախարարը պարգևատրվել է ՊՆ հուշամեդալով

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նախօրեին պետական բարձր պարգև է շնորհել «սպիտակ բանակի» հերոսներին: Yerevan.Today-ը բացահայտել է, որ պարգևատրվածների մեջ է եղել նաև կաշառքի գործով առաջինը կալանավորված հեղափոխական բարձրաստիճան պաշտոնյա Արսեն Դավթյանը:

2018-ի իշխանափոխությունից հետո նա զբաղեցնում էր Առողջապահության այդ ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանի տեղակալի պաշտոնը, մեկ տարի անց 2019-ի ապրիլին ԱԱԾ-ի կողմից ձերբակալվեց՝ իր իսկ աշխատասենյակում ստացած խոշոր չափի կաշառքի համար:

Խիստ ուշագրավ է, որ Արսեն Դավթյանը 44-օրյա պատերազմին ռազմի դաշտ ոտք չի դրել, սակայն չգիտես ում շնորհիվ՝ հայտնվել է պատերազմի ընթացքում զինծառայողների կյանքեր փրկած բուժաշխատողների արժանավորների ցուցակում, որը հաստատել ու ՊՆ գերատեսչական մեդալի է առաջադրել Առողջապահության նախարարությունը:

Ընդգծենք՝ 7 տարվա ազատազրկման դատապարտված, բայց կալանավայրում ընդամենը ամիսներ անցկացրած ու մինչ օրս 15 մլն դրամ գրավի դիմաց ազատության մեջ գտնվող ԱՆ նախկին փոխնախարարը, ընդգծենք, ներկայում Արմենիա ԲԿ-ի փոխտնօրենն է, ընդ որում սա այն բուժկենտրոնն է, որի անունը մամուլում կապվում է ԲԴԽ նախագահ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ:

Մասնագիտական շրջանակներում բուռն քնարկման առիթ է դարձել դատապարտյալ Արսեն Դավթյանին գերատեսչական մեդալի արժանացնելու խիստ կասկածելի հիմքերը: Ոմանք պնդում են, որ սա գործարք է ձերբակալման ժամանակ իր վերադաս Արսեն Թորոսյանի դեմ ցուցմունք չտալու դիմաց:

Ներքին օղակներից Yerevan.Today-ին փոխանցում են՝ հույժ անհրաժեշտ էր 7 տարվա կալանավորման բեռը թեթևացնել, ու պետական պարգևով փաստորեն խնդիր են լուծել:

Իրականում պետական պարգևը կարող է լինել որպես պատժից խուսափելու միջոց՝ համաներման մեջ այդ դրույթի առկայության պայմաններում կամ պատժի կրճատման միջոցով, այս մասին հաստատում են նաև իրավաբանները:

Այդուհանդերձ ինչո՞ւ թույլ տվեց ՊՆ նախարարը շահագործել իր հեղինակությունը, ի վերջո ինչի՞ համար է Արսեն Դավթյանին գերատեսչական մեդալով իր երախտիքը հայտնել ՊՆ Արշակ Կարապետյանը:

ՊՆ լրատվական ծառայությունից Արսեն Դավթյանի ստացած պարգևն հիմնավորում են այսպես՝ «Նելսոն Ստեփանյան» պետական հուշամեդալով է պարգևատտրվել Արսեն Դավթյանը, քանի որ պատերազմի օրերին մեծ քանակությամբ վիրավորներ են տեղափոխվել «Արմենիա» ԲԿ, նա որպես փոխտնօրեն համակարգել է այդ վիրավորների տեղավորման և բուժսպասարկման հարցերը:

Ո՞ւմ անձնական հովանավորչությամբ, և հատկապես ո՞ր ամագի համար, այս հարցին հետաքրքրվեցինք Արսեն Դավթյանից:

«Ես չեմ ցանկանում լրագրողների հետ շփվել, խնդրում եմ ինձ հարցեր չուղղել, չեմ օգտվելու իմ իրավունքից և չեմ արձագանքելու իմ մասին տարատեսակ տեղեկություններին»,-երեք անգամ նույն բանն ասաց ու անջատեց Yerevan.Today-ի զանգերը երբեմնի փոխնախարարը՝ հրաժարվելով պատասխանել նաև վիճահարույց պարգևի միջոցով 7 տարվա ազատազրկումից խուսափելու նպատակով իբր իշխանության հետ ներքին գործարքի մասին մեր հարցադրումներին:

Հ.Գ. Փաստորեն Արսեն Դավթյանը հաջողել է ոչ միայն սահուն պլստալ կալանավայրում դատվածությունն անցկացնելուց, այլև ընդգրկվել է կյանքեր փրկած արժանավոր բժիշկների ցուցակում և առաջադրվել ՊՆ հրամանագրով գերատեսչական մեդալի:

Այս խորագրի վերջին նյութերը