Քաղաքական

03.09.2021 17:12


Ջալալ Հարությունյանն ասել է՝ մերոնք են, հանկարծ չկրակեք, բայց 250 հոգանոց թշնամու ջոկատ է լինում. Գ. Գևորգյանի պաշտպան (տեսանյութ)

Ջալալ Հարությունյանն ասել է՝ մերոնք են, հանկարծ չկրակեք, բայց 250 հոգանոց թշնամու ջոկատ է լինում. Գ. Գևորգյանի պաշտպան (տեսանյութ)

44-օրյա պատերազմի ժամանակ ՊԲ զորամասերից մեկի հրետանային դիվիզոնի շտաբի պետ Գևորգ Գևորգյանի պաշտպան Գոռ Գևորգյանը մանրամասներ է ներկայացրել հարուցված քրեական գործից:

Նշենք, որ Գևորգ Գևորգյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով՝ իշխանության ներկայացուցչի կողմից անգործություն, որն առաջացրել էր ծանր հետևանք: Տվյալ դեպքում ունեցել ենք 7 զոհ և 14 անհետ կորած:

«Դիվիզիոնի հրամանատար Հայկ Թովմասյանը, երբ նկատում է թշնամու կողմից տեղաշարժ, զեկուցում է բանակի հրետանու պետին՝ Բաղդասարյանին: Ըստ որոշման մանրամասների, բանակի հրետանու պետը զեկուցում է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին, որ էսինչ տեղանքում ունենք տեղաշարժ: Ջալալ Հարությունյանը կապ է տալիս հրետանու պետին ու ասում է՝ մերոնք են, ասա՝ հանկարծ չկրակեն: Ըստ տեղեկությունների 250 հոգանոց թշնամական ջոկատ է եղել, որոնց կեսը հայկական համազգեստով:

Հետագայում Ջալալ Հարությունյանն ասել է՝ քանի որ ես այդտեղ չունեի ԱԹՍ-ներ, կամերաներ, չէի կարող պատասխան տալ, դրա համար ասել եմ՝ կարող է՝ մերոնք են, կարող է՝ ոչ, զգույշ եղեք, մերոնց չկրակեք»,-ասաց պաշտպանը:

Նրա խոսքով, մինչ այդ եղել է նահանջ հրաման, որը սական չեղարկվել է. «Եթե նահանջ հրամանը չչեղարկեին և թողնեին՝ կատարվեր, մենք հավանաբար այսօր այդ ստորաբաժանման մասով զոհ չէինք ունենա»,-ասաց նա:

Պաշտպանը նկատեց, որ այդ ամենի համար թիրախ են ընտրել Գևորգ Գևորգյանին. «Ես ներկայացնում եմ իմ պաշտպանյալի 36 էջանոց ցուցմունքից հատվածներ: ՊԲ հրետանու պետ Գ. Բաղդասարյանն այսօր Հայաստանի ՊՆ-ում կամ գլխավոր շտաբում զբաղեցնում է հրետանու գլխավոր վարչության պետի պաշտոնը: Շատ ավելի բարձր պաշտոնի բերում են էդ մարդուն, որն էդ պահին պատասխանատու էր էդ զորքի համար: Հիմա հարց. Եթե իմ պաշտպանյալը կողմնորոշվել է և կարողացել է այդտեղից հանել գոնե այն մարդկանց, որոնք գտնվել են իր տեսադաշտում, կատարել է անգործությո՞ւն: Ի դեպ, բոլորի տված ցուցմունքներում ասվում է՝ եթե ինքը մնար էլ, չենք կարող ասել ինքը կզոհվե՞ր, թե ինչ-որ բան կփոխվեր»:

Նա ընդգծեց, որ մարտական առաջադրանքը կատարելու պահին ստացել են հրաման՝ անցնել շրջանաձև պաշտպանության, իսկ հրետանավորի համար դա ամենավերջին ստադիան է. «Այսինքն քեզ այնքան են թողել մի տեղում առանց հետախուզության, առանց տվյալ հաղորդելու, որ թշնամին մտել է քո մեջ և քո նորմալ զինատեսակը պետք է թողնես և ավտոմատով անցնես շրջանաձև պաշտպանության: Երբ պատրաստվում են շրջանաձև պաշտպանության, դիվիզիոնի հրամանատարից ստանում են երկրորդ հրամանը՝ թողնել, չկրակել, մերոնք են: Նրանք նորից վերադառնում են հին վիճակին, նշանակետ են ստանում և սկսում են խոցել: Չորրորդ հրամանը տանում են՝ նահանջ: Քանի որ հրետանին բերած տեղավորած էր, մեքենաները պետք է վերադառնային որոշակի հեռավորության վրա գտնվող թաքստոցներ: 10-15 րոպե ինտերվալով նահանջ հրամանը պետք է կատարվեր:

Բայց լինում է հաջորդ հրամանը՝ թողնել ու նորից նշանակետ են տալիս: Հետո լինում է դիվիզիոնի հրամանատարի հրամանը՝ ով ոնց կարա, թող հելնի էդտեղից: Դա գոյություն չունեցող հրաման է, դա ավելի շուտ կոչ էր փրկվելու:

Զորամասի հրետանու պետն ասում է՝ Գևորգ, քշի առաջ, որ հտևից մեքենաները կարողանան գալ: Հետևից եկող մեքենաների մեջ լինում է մեկ «Ուրալ», հացի ավտոն, բուժօգնության ավտոն: Ասել է, որ կարճ տեղանք անցնելուց հետո կանգնում եմ ու հասկանում, որ երկու «Ուրալ» չկա: Զորքին իջեցնում ենք ապահով տեղ, սպայական կազմով նորցի հետ ենք գնում: Սպայական կազմի հետ է լինում նաև Արարատ Մելքումյանը, որն Արցախում այսօր բարձրաստիճան պաշտոն է զբաղեցնում: Ռացիայով կապի են դուրս գալիս մնացած տղերքի հետ, հայտնում են տեղը: Արարատ Մելքումյանը որոշում է, որ պետք է ոտքով գնան: Արդեն մութ է լինում: Արարատ Մելքումյանն ասել է՝ էսպես շատ ուշ կհասնենք, հետո էնտեղ շատվոր են թշնամիները, մեր էնտեղ հասնելը էս կազմով անտրամաբանական է:

Մեղադրանքում ասում են՝ երբ դու ժողովրդին հավաքեցիր ու դուրս եկար, մարտկոցները մնաց, առաջին մարտկոցը 7 զոհ է տվել, 14 անձանցից տեղեկություն չկա: Ասում են՝ եթե մնայիր ու կատարեիր քո պարտականությունները, դա չէր լինի: Ասում եմ՝ ո՞րն է իր պարտականությունները, որ պետք է կատարեր ֆորս մաժորային իրավիճակում, երբ կոնկրետ հրաման չի ստացել:

Մեղադրական եզրակացությունը լիրիկական զեղումներով ստեղծագործություն է: Որպեսզի մարդուն մեղադրենք անգործության մեջ, պետք է ասեն, թե որ գործողությունները պետք է կատարվեր, որ չի կատարվել»,-ասաց Գոռ Գևորգյանը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը