Քաղաքական

02.09.2021 21:10


ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների մերձեցմանը. Զախարովա

ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-թուրքական հարաբերությունների մերձեցմանը. Զախարովա

Ռուսաստանը արձանագրել է և ի գիտություն է ընդունել Հայաստանի և Թուրքիայի միջև վերջերս արձանագրված դրական ազդակները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանը, ինչպես գիտեք, միշտ կողմ է եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Ի դեպ, պետք է հիշեցնել, որ մենք նախկինում անմիջականորեն մասնակցել ենք համապատասխան միջնորդական ջանքերին։ Այսպես` մենք նպաստեցինք 2009 թվականին Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը: Դրանք ենթադրում էին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների փուլային բարելավում՝ առանց նախապայմանների առաջադրման»,-նշել է Զախարովան:

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ներկայացուցչի խոսքով` Ռուսաստանը ոչ միայն միջնորդի դեր է խաղացել, այլ նաև գործուն, արդյունավետ քայլեր է ձեռնարկել, որոնք դրական արդյունքներ են տվել:

«Հետագայում արդեն կողմերը չեն իրականացրել դրանք, բայց դա արդեն յուրաքանչյուր պետության կամքն էր: Մենք այժմ պատրաստ ենք ամեն կերպ նպաստել երկու հարևան պետությունների մերձեցմանը՝ փոխադարձ հարգանքի հիման վրա և միմյանց շահերը հաշվի առնելով»,-եզրափակեց Զախարովան:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը`Թուրքիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ, ասել է, որ եթե Հայաստանը դրական քայլեր անի` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Թուրքիան համարժեք արձագանք կտա։ Ի պատասխան այդ հայտարարությանը Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը Թուրքիայի կողմից դրական ազդակները կգնահատի, այդ ազդակներին դրական ազդակով կպատասխանի:

***

Մոսկվան աջակցում է առկա մանդատի հիման վրա ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ակտիվացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Տարածաշրջանային նոր իրողությունների համարժեք դիտարկման պայմաններում մենք կարծում ենք, որ եռյակը (համանախագահների) կարող է նպաստել Երեւանի եւ Բաքվի միջեւ վստահության ամրապնդմանը, ինչպես նաեւ հումանիտար հարցերի լուծմանը: Դա կծառայեր արդեն քաղաքական խնդիրների քննարկմանը անցնելուն․․․ Ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նոր համանախագահ Իգոր Խովաեւը տարածաշրջանային ուղեւորություն է կատարում: Նա արդեն բանակցություններ է վարել Ադրբեջանի ղեկավարության հետ, առջեւում են Երեւանում նույնպիսի հանդիպումները»,-նշել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը