Կարծիք

25.06.2011 11:14


Մենք այլեւս չենք զարմանում

Մենք այլեւս չենք զարմանում

Եթե ասենք, որ Սերժ Սարգսյանի ելույթը տխուր էր, կնշանակի ոչինչ չասել: Եթե ասենք, որ նրա ելույթը թույլիկ էր, կնշանակի մենք շատ լավատես ենք: Իսկ եթե մինչեւ վերջ անկեղծ լինենք, ապա ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթը լիովին արդարացրեց մեր սպասելիքները: Ոչ լեգիտիմ, ժողովրդի վստահության քվեն չունեցող եւ ժողովրդի թիկունքում ինչ-ինչ ուժերի հետ գործարքներ կնքող եւ ֆուտբոլային անհաջող քաղաքականություն վարող մարդը ունենում է հենց այսպիսի ելույթներ:

Իհարկե, կոնգրեսականներն ակնկալում էին, որ ԵԽԽՎ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ կասեր, թե միակ եւ անկրկնելի ընդդիմությունը հենց ՀԱԿ-ն է, բայց նա դա չարեց եւ մի լավ տխրեցրեց կոնգրեսականներին: Ամենահետաքրքիրն այն է, որ կոնգրեսականներին ավելի շատ տխրեցրել է այս փաստը, քան այն, որ Սերժ Սարգսյանը չգիտես ինչու, ի լուր աշխարհի հայտարարեց, թե պատերազմի դեպքում առավելություն կստանա Ադրբեջանը, եւ կամ այն, որ նա եւս մեկ անգամ բացառեց արտահերթ ընտրությունների անցկացումը։

Սերժ Սարգսյանը նույն ԵԽԽՎ ամբիոնից պատասխանելով Զարուհի Փոստանջյանի հարցին, ավելի քան հստակ ասաց, թե արտահերթ ընտրությունների մասին խոսք անգամ լինել չի կարող:

Հիմա մի փոքր ավելի մանրամասն անդրադառնանք Սերժ Սարգսյանի «պատմական» ելույթին: Ուշադրություն դարձրեք, որ հենց ելույթի սկզբում նա փորձեց թյուրիմացության մեջ գցել եվրոպացիներին, ասելով, թե ԵԽԽՎ-ն Հայաստանում ժողովրդավարության արմատավորման գործում առանցքային դերակատարում ունի: Նախ, Հայաստանում ժողովրդավարության արմատավորման մասին խոսք անգամ լինել չի կարող, բացի այդ էլ, բռնապետը որեւէ մեկից չի կարող շնորհակալ լինել ժողովրդավարության արմատավորման համար: Դա նույնն է, թե Մուբարաքը շնորհակալություն հայտնի Արեւմուտքին Եգիպտոսը ժողովրդավարացնելու համար:

Սերժ Սարգսյանի թիմակիցները, նրանք, ովքեր քծնելու մեծագույն վարպետներ են, անպայման կշտապեն ասել, թե Սերժ Սարգսյանից ժողովրդավար այս աշխարհում որեւէ մեկը չկա, բայց ասելը դեռ քիչ է: Ժողովրդավար մարդը գիտակցելով, որ ընտրվել է ընտրակեղծիքներով, որ լեգիտիմ չէ, պետք է լքեր քաղաքական դաշտը:

Մի կողմ դնենք այն, որ Հայաստանում ստեղծված ներկա իրավիճակում արտահերթ ընտրությունները ոչինչ չեն փոխի եւ դրանից կշահեն միայն ժողովրդի թիկունքում գործարքներ կնքողները, բայց ուշադրություն դարձրեք այն փաստին, որ կոնգրեսականները, որոնք մի քանի ամիս շարունակ ժողովրդին ապացուցում էին, թե շախմատային ճշգրիտ քայլերով Սարգսյանին ստիպելու են գնալ արտահերթ ընտրությունների, կարծես թե, կրկին գործող նախագահի խոսքում այլաբանություններ են տեսնում:

Շարունակենք դիտարկել Սերժ Սարգսյանի ելույթը:

«Հայաստանի ժողովուրդը կատարել է իր պատմական եւ անշրջելի ընտրությունը: Եվրոպային մերձենալու մեր ճանապարհը ո՛չ միայն ունի առանձնահատկություններ, որոնք բնական են, այլեւ լրացուցիչ բարդություններ, որոնք բնական չեն (օրինակ՝ Հայաստանի դեմ իրականացվող արհեստական եւ ապօրինի շրջափակումը մեր երկու հարեւանների կողմից)»,- ասել է Սերժ Սարգսյանը: Մնում է գուշակել, թե Եւրոպային մերձենալու մեր բնական առանձնահատկությունը որն է: Ամենայն հավանականությամբ, շարունակ կեղծվող ընտրությունները, ապօրինությունները, օրինախախտումները, բռնաճնշումները, տնտեսական մենաշնորհները եւ այլ ախտերը բնական են, իսկ ահա հարեւան երկրների կողմից Հայաստանի շրջափակումը` ոչ:

«Ներքաղաքական ճգնաժամի որեւէ պահի անգամ Հայաստանի ժողովրդավարական ապագան դույզն-իսկ կասկածի չի ենթարկվել: Այս համոզմունքով են բացատրվում նաեւ վերջին երեք տարիների եւ մասնավորապես վերջին ամիսների ընթացքում երկրում առողջ քաղաքական միջավայրի խթանմանն ուղղված քայլերի տրամաբանությունը»- ԵԽԽՎ-ում հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Հիմա կրկին հասկանալի է դառնում, թե ինչու հանկարծ Կոնգրեսը որոշեց Սարգսյանին հենց երեք հայտնի պահանջները ներկայացնել: Փաստորեն՝ Սերժ Սարգսյանը պատրաստվում էր այս ելույթին: Պատրաստվում էր եւ երկրի ներքաղաքական եւ ներիշխանական կայունությամբ մտահոգ կոնգրեսականները օգնեցին նրան: Եւ վերջին հաշվով, որեւէ եվրոպացու համար հասկանալի չէ, թե ինչպես է ժողովրդավարություն դավանող նախագահը երեք տարի շարունակ հանդուրժում քաղբանտարկյալների առկայությունը:

«Մենք սովորում ենք: Մենք սովորում ենք լսել ու հարգել միմյանց կարծիքը»,- շեշտեց Սարգսյանը, իսկ օրվա հացի համար կռիվ տվող հայ մարդը լսում է, որ Սարգսյանը նոր-նոր է սովորում։ Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ նախագահի եղբայրը համառորեն չի սովորում, որ գոնե թույլ սեռի ներկայացուցիչ լրագրողներին չի կարելի հայհոյել: Ամենայն հավանականությամբ, այս դասը սովորելու համար Սարգսյանին մի քանի տարի ևս անհրաժեշտ է, բայց Հայաստանը չի կարող այսքան երկար սպասել: Մեր երկիրը հայտնվել է չափազանց ծանր իրավիճակում եւ չի կարող սպասել, թե «երկխոսության» էլ ինչ ցուցադրական ելույթներ են լինելու կամ էլ ինչ դասեր են սովորելու Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Իր ելույթում Սարգսյանն անդարդարձել է նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի կատարելագործմանն ուղղված աշխատանքներին: Բնականաբար, նա այդպես էլ չի ասել, թե ինչու թվայնացման արդյունքում եթերազրկվեցին մի քանի հեռուստաընկերություններ, եւ ինչու համառորեն եթեր չտրվեց «Ա1+»-ին: Խորհրդանշական է, բայց Սերժ Սարգսյանի ելույթի պահին այն հաճախականությամբ, որով հեռարձակվում էր նախին «Շողակաթը», փորձնական եթերով ֆիլմեր էին ցուցադրում: Հավանաբար սա եւս ժողովրդավարության դրսեւորում է: Մեկ հայտարարում են, թե հեռուստաալիքների թիվը ստիպված էին կրճատել, մեկ էլ գաղտնի-գաղտնի նոր հեռուստաալիք է հայտնվում:

Գործող վարչախմբի եւ նրա դաշնակից Հայ ազգային կոնգրեսի գործունեության գաղտնի գործելաոճը վաղուց հնամենի ավանդույթ է դարձել, եւ արդեն դադարել ենք զարմանալ:

Իհարկե, կարելի է անդրադառնալ նաեւ Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածին, որը վերաբերում է Ղարաբաղի խնդրի կարգավորմանը: Եթե անկեղծ լինենք, ապա այն բավական մտահոգիչ էր, քանի որ ձեւակերպումները բավական հեղհեղուկ էին եւ վտանգավոր: Ավելի մտահոգիչ է այն, որ հարց ու պատասխանի ժամանակ, չգիտես ինչու, նա հայտարարեց, թե պատերազմի դեպքում առավելությունը կլինի Ադրբեջանինը, քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը քսան տարի իր ժողովրդին պատրաստել է պատերազմի, իսկ մենք խաղաղության: Եւ այստեղ էլ զարմանալու ոչինչ չկա։ Եթե երկրի տիտղոսային ընդդիմության վերաբերմունքը Ղարաբաղի հարցում ավելի մեղմ է լինում, քանի գործող իշխանություններինը, ապա գործող ոչ լեգիտիմ եւ թույլ իշխանությունն էլ պետք է ամեն ինչ անի, որ այս հարցում եւս գերազանցի ընդդիմությանը, որ հանկարծ Ղարաբաղի հարցը տարածքային ամբողջականությամբ լուծել ցանկացող միջազգային ուժերը հույսեր չկապեն Կոնգրեսի հետ:

Իհարկե, դեռ Սերժ Սարգսյանը եւ Էդուրադ Շարմազանովը կպարզաբանեն, թե ինչ էր նշանակում վերոհիշյալ պարտվողական հայտարարությունը, բայց առավել կարեւորն այն է, որ այս ամենից մենք հերթական անգամ հասկացանք, որ մեզ անհրաժեշտ են կտրուկ եւ արմատական փոփոխություններ: Նման իշխանությամբ եւ կեղտոտ քաղաքական դաշտով մենք միայն պարտություններ կկրենք:

Երկրին անհրաժեշտ է նոր եւ հզոր քաղաքական ուժ, համաքաղաքացիական շարժում, որը կփոխի քաղաքական մթնոլորտը, ամբողջ քաղաքական դաշտը եւ երկիրը հնարավորություն կունենա աստիճանաբար ուղղել իր մեջքը: Իսկ առայժմ բավարարվենք նրանով, որ Ղարաբաղի հարցով հետաքրքրված գերտերությունները խնդրի կարգավորման հարցում ընդհանուր հայտարարի չեն գալիս` մեզ ժամանակ տալով ժողովրդավարացնել Հայաստանը եւ փոխել քաղաքական դաշտի կեղտոտ մթնոլորտը:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը