Քաղաքական

02.09.2021 15:03


Ռուսաստանն ու Հայաստանը հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ստեղծման համաձայնագիր կստորագրեն

Ռուսաստանն ու Հայաստանը հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ստեղծման համաձայնագիր կստորագրեն

Ռուսաստանն ու Հայաստանը քննարկում են հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագրի նախագիծը: Այս մասին, «ТАСС»-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ-ի հարցերով համակարգող կոմիտեի նախագահի տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովը:

«Նման նախագծեր քննարկվում են Ղրղզստանի, Ղազախստանի և Հայաստանի հետ»,- ասել է Գրեխովը՝ նշելով, որ այժմ Ռուսաստանի և Տաջիկստանի հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագիրն անցնում է վավերացման ընթացակարգը: Այդ համաձայնագիրը ստորագրվել է 2021-ի ապրիլի 27-ին:

Գեներալ-գնդապետ Գրեխովն ասել է, որ «շարունակվում է Ռուսաստանի և Հայաստանի, Ղազախստանի միջև համաձայնագրերի գործնական իրականացման աշխատանքը»:

Ներկայում ԱՊՀ-ի ՀՕՊ-ի միավորված համակարգի ուժերի և միջոցների կազմում ընդգրկված է ավիացիոն 19 զորամաս, զենիթահրթիռային զորքերի 38 ստորաբաժանում, ռադիոտեխնիկական զորքերի 15 ստորաբաժանում, ՀՕՊ-ի ինը բրիգադ և ռադիոէլեկտրոնային պայքարի երեք ստորաբաժանում: Այդ ուժերի և միջոցների ղեկավարումն իրականացնում են երկրների հրամանատարությունները, իսկ համատեղ գործողությունները համակարգում է ՀՕՊ-ի հարցերով Համակարգող կոմիտեի նախագահը:

Հայաստանի ու Ռուսաստանի միջև ԱՊՀ շրջանակում գործում է հակաօդային պաշտպանության միավորված համակարգ: Դրա գործարկմամբ երկու երկրների զինված ուժերի համատեղ զորավարժություններ են անցկացվել: Վերջին նման զորավարժությունը տեղի է ունեցել 2020-ի հուլիսին: Թե ինչով է տարբերվելու նոր համաձայնագիրը ՀՕՊ ոլորտում արդեն գործող պայմանագրային բազայից, չի հստակեցվում:

Աղբյուրը՝ Past.am

Այս խորագրի վերջին նյութերը