Մեկնաբանություն

02.09.2021 13:17


Հայաստանը ռազմաքաղաքական բախման կիզակետում

Հայաստանը ռազմաքաղաքական բախման կիզակետում

Աշխարհում հերթական անգամ քարտեզների, ազդեցության գոտիների ու նոր բախումների փուլ է սկսվել։ Միաբևեռ աշխարհը գնում է դեպի բազմաբևեռություն, ինչը ցավոտ ու արյունոտ գործընթաց է։

Սարսափելին այն է, որ այս պայմաններում Հայաստանի իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է։ Նա ոտաբոբիկ է պետական կառավարման հարցերում, անգրագետ՝ միջազգային հարաբերություններում։ Այս ամենի արդյունքները մենք արդեն տեսել ենք։

Հիմա նոր զարգացումներ են սպասվում։ Կիզակետում Արցախն ու Հայաստանն են։ Աշխարհի խոշորներն ու տարածաշրջանային գերազանցության ձգտողներն իրենց քաղաքականությունն են ուզում անցկացնել։ Նիկոլ Փաշինյանը խոսում է «խաղաղության դարաշրջանից», բայց իրենից գրեթե ոչինչ կախված չէ։ Նիկոլը Հայաստանը դարձրել է օբյեկտ ու զուտ ռուսական գործոնի շնորհիվ է, որ մեր երկիրը դեռ կա քարտեզի վրա։

Մոսկվա

Մոսկվայի պատկերացմամբ խաղաղությունը պետք է հաստատվի հայ–ադրբեջանական սահմանների ճշգրտմամբ, սահմանագծմամբ ու սահմանազատմամբ, ճանապարհների բացմամբ։ Արցախի հարցն, ըստ պաշտոնական ՌԴ–ի, վերջնականապես լուծված չէ, քանզի կարգավիճակի թեման բաց է մնացել, բայց հիմա այդ խնդիրը լուծելու լավագույն ժամանակը չէ։

Ռուսներն Արցախից հեռանալու մտադրություն չունեն ու նաև չեն ուզում Թուրքիային դարձնել Հարավային Կովկասում փայատեր, ինչի հնարավորությունը թուրքերին տալիս է Նիկոլ Փաշինյանի սխալ քաղաքականությունը։

Մոսկվան փորձում է արբիտրի ֆունկցիա կատարել Բաքվի ու Երևանի միջև, ինչը ամեն օր դժվարանում է, քանզի ՀՀ–ն թուլացած է ու աշխարհին ներկայանում է պարտության խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանի դեմքով։ Դա է պատճառը, որ Ալիևը մուննաթ է գալիս ռուսների վրա, թե բա հայ ժողովուրդը կապիտուլյացիայից հետո նորից Նիկոլին ընտրեց, հետևաբար՝ հաշտվել է պարտության հետ, և ուրեմն ինչո՞ւ են ռուսները փորձում վերազինել հայկական բանակը։

Մոսկվայում հասկանում են, որ Նիկոլով Հայաստանը չի կարող ոտքի կանգնել ու դառնալ սեփական ես–ն ունեցող դաշնակից, բայց առայժմ աշխատում է նրա հետ, քանզի արտահերթ ընտրություններից հետո դեռ այլընտրանքային դաշտը չի ձևավորվել։

Իրան

Մեր հարևան ու բարեկամ երկրին ձենտու էր Արցախի հետ ցամաքային կապը, ինչը նաև պաշտպանում էր Սյունիքը ու թույլ չէր տալիս պանթուրքիստական էքսպանսիա։ Պատերազմը, սակայն, փոխեց իրավիճակը։

Իրանը ստիպված է հաշվի նստել արդյունքների հետ և հայտարարել է իր աշխարհաքաղաքական կարմիր գիծը՝ Սյունիք։

Իրանն ու Ռուսաստանը շահագրգռված են ՀՀ սուբյեկտայնությամբ ու Թուրքիայի մուտք թույլ չտալու հարցում։

Անկարա

Թուրքիան բազմաբևեռ աշխարհում իր տեղն ու դերն է փորձում ֆիքսել մի կողմից նեոօսմանիզմի, մյուս կողմից՝ պանթուրքիզմի գաղափարախոսության վրա։ Պանթուրքիզմի շրջանակներում նա հայացքն ուղղել է դեպի Կովկաս ու Միջին Ասիա։ Դա նշանակում է, որ Թուրքիան ուզում է ուղղակիորեն մտնել ռուսական կենսական ու անվտանգային շահերի գոտի։

Թուրքիան շահագրգռված չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմամբ, քանզի այդ դեպքում չի կարողանա պղտոր ջրում ձուկ որսալ ու ՌԴ–ի հետ առնվազն փայատեր դառնալ մեր տարածաշրջանում։

Էրդողանը ձևականորեն խոսում է խաղաղությունից ու Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելուց, բայց առաջ է քաշում այնպիսի նախապայմաններ, որոնք գործնականում նշանակում են Հայաստանի ու Արցախի ոչնչացում։

Անկարայի նպատակը Սյունիքն է։ Նախիջևանից Ադրբեջանի հետ ցամաքային կապը թուրքական աշխարհի համար հսկայական հեռանկարներ է բացում։ Դրա համար էլ Էրդողանն Ալիևին դրդում է բախումների ու հռետորաբանության կոշտացման։ Պաշտոնական Երևանն այս ամենին պատասխանում է խաղաղասիրական հայտարարություններով ու հայացքը հառում դեպի հյուսիս, քանզի այլևս ինքն իր անվտանգության երաշխավորը չէ՝ սուբյեկտից վերածվել է օբյեկտի։

Եվրոպական միություն (Ֆրանսիա)

ԵՄ–ում ռազմական առումով դեռ պատրաստ չեն բազմաբևեռ աշխարհին։ Մերկելից հետո նոր լիդերի փնտրտուք կա։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն է ուզում վերցնել դրոշակը, բայց մի բան է ուզենալը, լրիվ այլ բան՝ կարողանալը։

Արցախի հարցում ԵՄ–ն ու մասնավորապես Ֆրանսիան հայտարարություններից այն կողմ չեն անցնի։ Մեր շահերը համընկնում են այն առումով, որ Ֆրանսիան ու ՀՀ–ն կողմ են, որպեսզի հակամարտության կարգավորման բանակցային ու միջնորդական ֆորմատը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում պահպանվի։

ԱՄՆ

Բայդենն ասաց, որ իրենք այլևս միջազգային ոստիկանի դերակատարումից հրաժարվում են, քանզի չեն ձգում այլոց կյանք սովորեցնել։ Տողատակերում այլ բան կա, իհարկե, բայց փաստենք, որ Բայդենն էլ է ազդարարում բազմաբևեռ աշխարհի մասին։

Մեր տարածաշրջանում ու մասնավորապես Արցախի հարցում Վաշինգտոնը՝ Փարիզի պես, հայտարարություններից այն կողմ չի անցնի, բայց Փարիզի պես կողմ կլինի Մինսկի խմբի պահպանմանը, ինչը ձեռնտու է ՀՀ–ին ու ՌԴ–ին։

․ ․ ․

Պարզ է, որ ամեն մի պետություն իր շահն է առաջ տանում։ Որպեսզի մենք էլ մերը կարողանանք պաշտպանել, այլ ոչ թե դառնալ առևտրի առարկա, պետք է կարողանանք նորմալ պետություն ունենալ։ Նիկոլով դա բացառվում է։ Առանց Նիկոլ՝ հնարավոր է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը