Տնտեսական

01.09.2021 18:25


«Իշխանությունն ինչպե՞ս կարող է երաշխավորել, որ ներդրողի գումարը կամ ներդրումային ծրագիրը պաշտպանված կլինի, երբ չեն կարողանում երկրի սահմանների անվտանգությունն ապահովել». Սփյուռքահայ գործարար

«Իշխանությունն ինչպե՞ս կարող է երաշխավորել, որ ներդրողի գումարը կամ ներդրումային ծրագիրը պաշտպանված կլինի, երբ չեն կարողանում երկրի սահմանների անվտանգությունն ապահովել». Սփյուռքահայ գործարար

ՀՀ իշխանությունները, արդեն երեք տարի է՝ պարբերաբար հայտարարում են, թե Հայաստանում ներդրումների պակաս չկա։ Ըստ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, Հայաստանում ներդրումները հորդում են, իսկ Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանն էլ օգոստոսի 31-ին Գյումրի կատարած այցի ժամանակ ասել է, որ Հյաստանում սփյուռքահայ ներդրողների պակաս չի զգացվում։

Մինչդեռ տնտեսության ոլորտի բազմաթիվ փորձագետներ բազմիցս ասել են, որ ներդրողները Հայաստանից հեռանում են, նախ՝ իշխանությունների վարած անհեռատես քաղաքականության, այնուհետև՝ պատերազմի հետևանքով։

168.am–ի հետ զրույցում անդրադառնալով Զարեհ Սինանյանի հայտարարությանը, սփյուռքահայ հայտնի գործարար Հրաչ Ջաբրայանը կարծիք հայտնեց, որ ներկայիս իշխանության հայտարարություններին հավատալը միամտություն է։

«Մենք տեսանք, թե վերջին երեք տարիներին ինչպիսի հեքիաթներ պատմեցին ժողովրդին, հատկապես՝ 44-օրյա պատերազմի օրերին։ Անկեղծ՝ միամտություն է հավատալ այս իշխանության որևէ ասածի։

Ես 1,5 ամիս առաջ եմ վերադարձել Հայաստան, մինչև գալս բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել Կանադայում գործընկերների և պոտենցիալ ներդրողների հետ, որոնք ժամանակին լուրջ ծրագրեր էին մշակել Հայաստանում ներդրումներ անելու համար։ Բնականաբար, բոլորն էլ մտավախություններ ունեն ներդրումներ անելու համար՝ ոչ միայն ներկայիս իշխանությունների, այլև՝ պատերազմական իրավիճակից ելնելով։ Այսինքն՝ այս պահին փաստացի թուրքը Հայաստանի սահմաններից ներս է, մեր իշխանությունն ինչպե՞ս կարող է երաշխավորել, որ ներդրողի գումարը կամ ներդրումային ծրագիրը պաշտպանված կլինի իր իսկ կողմից, այն դեպքում, երբ չեն կարողանում երկրի սահմանների անվտանգությունն ապահովել»,-նշեց Հրաչ Ջաբրայանը։

Գործարարի բնորոշմամբ, ստելն այս իշխանության համար սովորություն է դարձել, որով կարողացան ժողովրդին խաբել ու շարունակում են մինչև օրս խաբել։ Ստացվում է, որ շատ մարդիկ այդ «ստերը կուլ են տալիս»։

«Շատ հեշտ է ժողովրդին խաբել, երբ ժողովուրդն ամբողջությամբ կտրված է իրականությունից, և այնպես է ստացվում, որ այսօր մարդկանց մեծ մասն իրականությունից կտրված է։ Իսկ այն մարդիկ, որոնք կտրված չեն իրականությունից, իշխանությունների հեքիաթներին չեն հավատում։ Օրինակ, Կանադայի, Ֆրանսիայի, Լիբանանի հայ համայնքները սփյուռքում ամենահզոր համայնքներից են, Զարեհ Սինանյանը երբևէ հանդիպե՞լ է այդ համայնքների ներկայացուցիչների հետ և ե՞րբ է նրանցից երաշխավորություն ստացել, որ ներդրումներ կանեն Հայաստանում։ Այս պահին ես դժվարանում եմ համոզել իմ գործընկերներին, որպեսզի ներդրումներ կատարեն Հայաստանում»,-շեշտեց Հրաչ Ջաբրայանը։

Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը և այն հայտարարություններին, որ դրանով կզարգանա Հայաստանի տնտեսությունը, Հրաչ Ջաբրայանը նկատեց՝ իշխանությունը ժողովրդին հոգեբանորեն նախապատրաստում է՝ ինչպես նախապատրաստեցին պատերազմի, հողերը հանձնելու ծրագրի համար։

«Այժմ էլ ժողովրդին նախապատրաստում են սահմաները բացելու ծրագրի համար, որը, բնականաբար, տեղի է ունենալու և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ։ Այսինքն՝ մենք նրանց թշնամի ենք ասում, իշխանությունը փափկեցնում է, ասում է՝ հակառակորդ։ Նրանք ասում են, որ սահմանները պետք է բացվեն, առևտուր անենք, և դա լավ է, բայց դա ոչ թե լավ է, այլ ազգային աղետ է և մեր էության կորստի առաջին քայլն է։ Մենք 80 միլիոն թշնամիներով շրջապատված 2 միլիոն ազգ ենք։ Այո, թուրքը թուրքի հետ առևտուր է անելու, թուրքը գալու է ասի՝ քո տունը վաճառի, գնեմ, մարդն էլ իր տունը կվաճառի 50.000 դոլարով ու կգնա, Հայաստանը թուրքերով է լցվելու»,-եզրափակեց Հրաչ Ջաբրայանը։

Այս խորագրի վերջին նյութերը