Մեկնաբանություն

24.06.2011 23:04


Մուրազները մնաց փորում

Մուրազները մնաց փորում

Լեռնային Ղարաբաղի հարցով Կազանում տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց։ Նախագահների կողմից, ըստ էության, ընդունվեց հայտարարություն հայտարարության մասին։  Ինչպես ասում են՝ Ալիևի մուրազը փորում մնաց։

Մնում է միայն արձանագրել, որ այս անգամ էլ պրծանք, բայց դա չի նշանակում, թե Սերժ Սարգսյանի վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը արդյունավետ է։ Սարգսյանն ի՛նքն է այսպիսի վիճակի մեջ դրել իրեն ու Հայաստանին, երբ ստիպված ես սրտատրոփ սպասել, թե ինչ կլինի։ Իսկ այսպես շարունակվել չի կարող, քանի որ երկրի ղեկավարի հմուտ կառավարումն այն չէ, երբ սպասում ես միայն վատ լուրերի ու երբ իմանում ես, որ այդ վատ բանն այս անգամ չի տեղի ունեցել, թեթևացած շունչ ես քաշում։ Կազանն այդ իմաստով յուօրինակ սթրես էր։ Ինչևէ։

Կազանի պահով Հայ ազգային կոնգրես կոչված հինգերորդ շարասյան ներկայացուցիչների և հատկապես դրա լիդերի՝ Լևոն Տեր–Պետրոսյանի մուրազը նույնպես փորում մնաց։ Կարելի է պատկերացնել, թե հիմա ինչպիսի սուգ է տիրում երկխոսագլուխների մոտ։

Դատելով «փողոցայինների» հրապարակային խոսքից՝ սրանք սրտատրոփ սպասում էին, որ Կազանում Ղարաբաղի մասով հակահայկական մի բան կստորագրվի, ինչը հնարավորություն կտար դեմագոգիայով զբաղվելու և «երկխոսության» մեջ առավելության հասնելու համար։ Սակայն ի դժբախտություն Կոնգրեսի՝ Ս. Սարգսյանը չարդարացրեց սպասելիքները։

Ղարաբաղի հարցում հակահայկական որոշում ընդունելուն չօգնեց անգամ Տեր–Պետրոսյանի՝ Հայաստանին հասցրած թիկունքից հարվածը, որը նա իրականցրել էր «Մոսկովսկիե նովոստիին» տված իր տխրահռչակ հարցազրույցի միջոցով։

ՀԱԿ առաջնորդն իր խոսքում ներսից «իշմար» էր տալիս Ալիևին, թե ինչպիսի արգումենտներով է հնարավոր ճնշումներ բանեցնել մեզ վրա (դեմոգրաֆիա, տնտեսության վիճակ և այլն)։

«Հայաստանը ժամանակ չունի։ Հայաստանը սպառվում է»,– հայերեն լեզվով ադրբեջանական վայրահաչոց հիշեցնող ձևակերպումներ էր միջազգային լսարանին ներկայացնում ՀԱԿ առաջնորդը։ Այսինքն՝ Տեր–Պետրոսյանը հերթական անգամ դասական հինգերորդ շարասյան դեր կատարեց՝ ուժեղացնելու համար իր դիրքերը ներքաղաքական պայքարում՝ «Եթե Ղարաբաղը հանձնվի՝ իմ շանսերը կմեծանան» թեմայով։ Բայց պարզ էր, որ Սարգսյանը տարբերակ չուներ Կազանում որևէ կոնկրետ փաստաթուղթ ստորագրելու, քանի որ դրանով նա կստորագրեր իր կործանման փաստաթղթի տակ։ Բնականաբար նա այդ քայլին չէր գնա։

Այն, որ Կազանում որևէ լուրջ բան չէր սպասվում պարզ դարձավ նաև «երկխոսության» թեմայով Սերժ Սարգսյանի ՀԱԿ–ին ուղղված պատասխանից։ Նա «պասլատ» արեց Տեր–Պետրոսյանին իր հինգ հոգանոց պատվիրակությամբ հանդերձ։ Իսկ դա նշանակում էր, որ Սարգսյանը կարիք չուներ Լևոնի հետ քիրվայական համաձայնության, որպեսզի երկուսով քարոզչական տեռորի ենթարկեին Հայաստանի հանրությանը և հիմնավորեին Ղարաբաղի հարցով «նախաձեռնողականության» անհրաժեշտությունը, ինչի ականատեսը մենք արդեն եղել էինք «ֆուտբոլային» դիվանագիտության փուլում, երբ ՀԱԿ–ն ու սերժսարգսյանական թիմը փողոցից և հեռուստատիրույթից հակահայկական տոտալ հարձակում էին կազմակերպել։

Այսպիսով. Կազանի հանդիպումն ավարտվեց՝ ազդարարելով Ղարաբաղի հարցում ստատուս քվոյի պահպանումը, իսկ ներհայաստանյան դաշտում՝ ՀԱԿ–ի հաճախորդացման ամրագրումը։ Հաճախորդացում, որի արդյունքում Կոնգրեսին մնում է միայն ԱԺ նախագահին, Վարչապետին կամ նախագահի աշխատակազմի ղեկավարին զանգելու կամ մոտիկից տեսնելու հնարավորությունը։ Չնայած հիմա կարող է դրան էլ համաձայն չլինի Ս. Սարգսյանը. չէ՞ որ երկխոսագլխի գինն այժմ, պատկերավոր ասած, մի զրո պակասել է։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը