Քաղաքական

01.09.2021 13:44


Դատախազներն Արմեն Չարչյանի գործով շահագրգռված չեն արդարության սկզբունքով. Արամ Վարդևանյան

Դատախազներն Արմեն Չարչյանի գործով շահագրգռված չեն արդարության սկզբունքով. Արամ Վարդևանյան

Եթե Դատախազության համար գերակայող լիներ իրավունքը, հումանիստական վարքագիծը, որը գրված է օրենքով, ապա «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխման հարցով անհապաղ դատական նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես կգար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։

«Եվ այս պայմաններում դեռ չենք լսել Դատախազության կողմից որեւէ գործողության մասին, չենք լսել, օրինակ՝ անհապաղ դատական նիստ է հրավիրվում. սա լուրջ խնդիր է։ Այս ամենը քաղաքական վրեժխնդրություն է, սա զուտ խոշտանգում չէ, սա մարդու կյանքի իրավունքի ոտնահարում է։ Պետք է կալանքն անհապաղ վերացվի։ Դատախազներն այստեղ շահագրգռված չեն իրավունքով, արդարության սկզբունքով»,-նշեց պատգամավորը։

Վարդեւանյանի խոսքով՝ Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, ըստ նրա, այստեղ երկրորդ կարծիքի հնարավորությունը չկա.

«Կալանավորումը տեղի է ունեցել օրենքի կոպտագույն խախտմամբ Վերաքննիչ քրեական դատարանի փաստացի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի կողմից։ Այն, որ պարոն Չարչյանն ուներ առողջական խնդիրներ, բոլորին էր հայտնի՝ թե իրավապահներին, թե դատախազին, թե դատարանին։ Չնայած պատգամավորի անձեռնմխելիությանը, դրսեւորած պատշաճ վարքագծին, առողջական խնդիրներին, կալանավորումն ընտրեցին որպես խափանման միջոց։ Փաստն այն է, որ պրոֆեսոր Չարչյանի առողջական վիճակը ծայրահեղ վատթարացել է»։

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օգոստոսի 23-ին Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։ Օգոստոսի 30-ին հայտնի դարձավ, որ Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է, ու նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։

Նշենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Այս խորագրի վերջին նյութերը