Մեկնաբանություն

24.06.2011 16:56


Կրկնակի հարված Հայաստանի Հանրապետությանը

Կրկնակի հարված Հայաստանի Հանրապետությանը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով կազանյան հանդիպումից առաջ երկխոսագլուխներ Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր–Պետրոսյանը օրերս հանդես եկան միջազգային լսարանի առաջ, և յուրաքանչյուրն իր մասով հակապետական ելույթ ունեցավ։ Մեկը դա արեց ԵԽԽՎ–ում, իսկ մյուս երկխոսագլուխը՝ Տեր–Պետրոսյանը, իր հին «նաղլն» էր անում «Մոսկովսկիե նովոստի»–ի էջերում։

Ստացվում է, որ Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող բախտորոշ փուլում ՀՀ 1–ին և 3–րդ նախագահները միասնաբար և միաժամանակ հարվածեցին  Հայաստանի ու Արցախի շահերին։ Բայց եթե մեկը դա արեց իր «նախաձեռնողական» անգրագիտության հետևանքով, անվտանգության խնդիրները կազինո գնալու հետ շփոթելու պատճառով ու հանգամանքների բերումով, ապա մյուսի քայլերը շատ լավ գիտակցված էին դրանք իրականացնողի կողմից և, փաստացի, թուրք–ադրբեջանական լոբբինգ էին հիշեցնում։

Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ–ում ցույց տվեց, որ բացարձակապես չի հասկանում խոսքի արժեքը։ Իրեն թվում է, թե քաղաքականությունը «հավայի» նախադասություններ արտասանելն է ու դրանից ելնելով էլ այնպիսի բաներ է ասում, որ նույնիսկ իր կողմից հռչակված պաշտոնական գծին է դեմ։ Խոսքս մասնավորապես վերաբերում է ԼՂՀ–ն ճանաչել–չճանաչելու և Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցերին, որի մասին «ֆուտբոլասեր» նախագահն այնպիսի անհեթեթություններ դուրս տվեց, որ անգամ գերազանցեց ինքն իրեն։ Մնում է հուսալ, որ դա ոչ թե համոզմունք էր, այլ բանավոր խոսքում թույլ տված «կիքս»։

Իսկ ահա ՀԱԿ առաջնորդը մոսկովյան թերթին տված իր հարցազրույցում տարերքի մեջ էր։  Հայ–ադրբեջանական ու հայ–թուրքական հատվածներում արտահայտած տերպետրոսյանական խոսքերի տակ անկասկած կստորագրեին և՛ Էրդողանը, և՛ Ալիևը։ Բանն այն է, որ Տեր–Պետրոսյանը հոխորտում էր Հայաստանի վրա ճիշտ այն նույն արգումենտներով ու այն բառապաշարով, որով աչքի են ընկնում մեր երկու ոխերիմ հարևանները։

Տեր–Պետրոսյանի հարցազրույցն, ըստ էության, թուրք–ադրբեջանական ազդեցության գործակալի լոբբինգ էր՝ իրականացված հայերեն լեզվով։

Փաստորեն, այս երկու երկխոսագլուխներն էլ հանձնողական հայեցակարգով են առաջնորդվում։ Բայց եթե Սերժ Սարգսյանը որոշ արգելակներ ունի, ապա Տեր–Պետրոսյանը երդվյալ հանձնող է ու այդ հարցում գնում է մինչև վերջ։ Ասել է թե՝ երկխոսագլուխներից մեկի պարագայում մենք ունենում ենք մեր երկրի դանդաղ, իսկ մյուսի պարագայում՝ արագ մահվան տանող մոտեցումներ։

Այսպիսով՝ Հայաստանի քաղաքական դաշտն օկուպացվել է երկխոսագլուխներ Սարգսյանի և Տեր–Պետրոսյանի կողմից, ովքեր, կամա թե ակամա, Հայաստանի անվտանգության դեմ են գործում՝ մտածելով, որ մենաշնորհել են քաղաքական դաշտն ու իրենց ոչինչ չի խանգարի գնալ կապիտուլյացիայի։ Բայց նրանք երկուսն էլ սխալվում են։

Որքան էլ որ Տեր–Պետրոսյանը ներսից կապիտուլյացիոն դրոշ բարձրացնի, իսկ Սարգսյանն էլ գործնական տեսք տա այդ ամենին՝ երկուսն էլ դատապարտված են, քանի որ այդպես էլ չճանաչեցին հայկական ինքնությունը։

Երկուսին էլ քաղաքական աղբանոցում հայտնվելու ճակատագիրն է սպառնում, և շատ շուտով։ Իսկ իշխանափոխությունից հետո կոնկրետ Տեր–Պետրոսյանի մասով անհրաժեշտ է հետաքննություն իրականացնել՝ պարզելու համար նրա պրոթուրքական և պրոադրբեջանական գործունեության շարժառիթները, Տեր–Պետրոսյանի նախընտրական շրջանի և ՀԱԿ–ի ֆինանսավորման աղբյուրներն ու այլ մանրամասներ։ Եթե թուրքական հետք ի սկզբանե չի եղել Տեր–Պետրոսյանի գործողություններում, ապա դրանք կարող էին առաջանալ, և այս ամենը պետք է պարզել։

Տեր–Պետրոսյանի գործունեությունն ուսումնասիրելու մասով ասեմ, որ դրա անհրաժեշտությունը կա, քանի որ եթե նույնիսկ նա շարժվում է իր համոզմունքներին հավատարիմ, ապա շատ հանգիստ կարող է ուղղակի կամ անուղղակի ձևով ուղղորդվել թուրք–ադրբեջանական զույգի կողմից։ Ուղորդվել որպես ազդեցության գործակալ։

Դպրոցականի համար էլ է պարզ, որ ամեն մի երկիր կերազեր իր հակառակորդ ճամբարում ունենալ տերպետրոսյանական տիպի գործիչ, ով բարձրաձայնում է այդ երկրի շահին համապատասխանող տեսակետներ։  Այլ խոսքերով՝ Թուրքիան ու Ադրբեջանը դեմ չէին լինի Հայաստանում ունենալ հինգերորդ շարասյուն։ Հարկավոր է, ուրեմն, պարզել, թե մեր հարևանները կարողացե՞լ են ուղղորդվող գործակալ ձեռքբերել մեզանում, թե՞ Տեր–Պետրոսյանը ինքնամոռաց քիրվա է, որին նույնիսկ «վերբովկա» անելու կարիք չկա, քանի որ գործում է նպատակասլաց ու ղուկասղուկասյանական էնտուզիազմով։

Եթե մենք ուզում ենք նորմալ երկիր դառնալ, ապա չենք կարող թույլ տալ, որպեսզի հինգերորդ շարասյունը ազատորեն գործի մեր երկրում ու դեռ մի բան էլ երկխոսագլխի կարգավիճակով նպաստի Հայաստանի պարտությանը։

Ազատվել է պետք սերժա–լևոնական զույգից ու նրանց հավանությանն արժանացած համակարգից։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը