Տնտեսական

30.08.2021 16:00


Կասեցվել է գինու և պահածոների արտադրամասերի արտադրական գործունեությունը

Կասեցվել է գինու և պահածոների արտադրամասերի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները «Բերդավանի գինու գործարան» ԲԲԸ-ում իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Մասնավորապես՝ այս ընկերության գինու արտադրամասն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, չկա գործող կոյուղուն միացված սանհանգույց, տաք և սառը ջրով, ձեռքերի լվացման և ախտահանման միջոցներով ապահովված լվացարաններ, խմելու ջրի անխափան մատակարարում նույնպես չի եղել:

Նույնպիսի խախտումներ արձանագրվել են նաև ընկերության պահածոների պատրաստման արտադրամասում: Նաև՝ պատրաստի արտադրանքի պահեստը եղել է այնպիսի վիճակում, որ այնտեղ հնարավոր չէ կատարել համապատասխան խնամք, մաքրում կամ ախտահանում:

«Բերդավանի գինու գործարան» ԲԲԸ գինու և պահածոների արտադրամասերի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը