Մեկնաբանություն

27.08.2021 11:44


Նիկոլ Փաշինյանը փրկել է հազարավոր կյանքեր (ադրբեջանցիների)

Նիկոլ Փաշինյանը փրկել է հազարավոր կյանքեր (ադրբեջանցիների)

Նիկոլ Փաշինյանի վարած սխալ ներքին ու արտաքին քաղաքականության արդյունքում Ադրբեջանը հնարավորություն ստացավ պատերազմ սկսել։ Պատերազմի արդյունքում էլ՝ հաղթել։

44–օրյա պատերազմը կարող էր չլինել, եթե չլինեին պաշտոնական Երևանի բռնած սխալ գծով պայմանավորված բանակցային գործընթացի խայտառակ ձախողումներն ու Նիկոլի իրարամերժ վարքագիծը։

Նոյեմբերի 9–ին ռուսական կողմի ճնշման տակ պատերազմը կանգնեց։ Նիկոլը դա ներկայացրեց, թե բա դրա արդյունքում 25.000 հայ զինծառայողների կյանք եմ փրկել, մինչդեռ իրականությունն այն է, որ նրա բերած պատերազմը հազարավոր հայորդիների կյանքեր է խլել (ի դեպ, մինչև օրս զոհերի տարբեր թվեր են ներկայացվում տարբեր պաշտոնյաների կողմից)։

Կյանքեր փրկելու մասով, ի դեպ, ուշագրավ հայտարարություն է արել թշնամական Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Նոյեմբերի 10-ի գիշերը Հայաստանը ստորագրեց կապիտուլյացիայի ակտը, և պատերազմն ավարտվեց: Մեզ համար պատերազմի ավարտը բացարձակապես ողջամիտ էր: Եթե ​​պատերազմը շարունակվեր, մենք ավելի շատ կորուստներ կունենայինք: Մենք կարող էինք դժվարությունների հանդիպել Քելբաջարի և Լաչինի ազատագրման հարցում: Այս տարածաշրջանի բնական կլիման, լեռները կարող էին խնդիր դառնալ մեզ համար: Նաև ձմեռ էր մոտենում»,–հայտարարել է Իլհամը։

Թե ինչու է Ադրբեջանի սուլթանը նման բան հայտարարել, ինքը կիմանա։ Երևի ուզեցել է ասել, որ Քելբաջարն ու Լաչինը հնարավոր չէր, օրինակ, Ջաբրայիլի պես հեշտությամբ գրավել, քանզի հարթավայրայինից պատերազմը տեղափոխվելու էր լեռնային գոտի, այսինքն՝ այդ շրջանները միայն հազարավոր զոհերի գնով հնարավոր կլիներ վերցնել կամ էլ՝ հնարավոր չէր լինի։

Միգուցե այլ ենթատեքստով է Ալիևը նման բան նշել, բայց ամեն դեպքում նրա խոսքերի եզրահանգումը մեկն է՝ Նիկոլը փրկել է ադրբեջանական զինվորների կյանքերը և թղթով հանձնել տարածքները (բանավոր պայմանավորվածությամբ էլ՝ ՀՀ տարածքաներից)։

Նիկոլը բերեց պատերազմ, զոհեր, ավերածություններ և պարտություն։ Իլհամը պետք է շնորհակալ լինի նրանից, քանզի պատերազմի արդյունքում ներիշխանական ճգնաժամն Ադրբեջանում հաղթահարվեց, Իլհամի իշխանությունը գրեթե հավերժացվեց, Արցախի պետականությունն ընկավ ու հիմա հարցականի տակ է հայտնվել Հայաստանի ինքնիշխանությունը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը