Քաղաքական

27.08.2021 09:01


Գորիս-Կապան ճանապարհը փակելով՝ Ադրբեջանը փորձում է միջանցք ստանալ և աստիճանաբար օտարել Սյունիքը Հայաստանից. ադրբեջանագետ

Գորիս-Կապան ճանապարհը փակելով՝ Ադրբեջանը փորձում է միջանցք ստանալ և աստիճանաբար օտարել Սյունիքը Հայաստանից. ադրբեջանագետ

Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանը ճեղքելով միջանցք կառուցել, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի և, համապատասխանաբար, Թուրքիայի հետ, ինչը կկիսի Հայստանը երկու մասի և կբարդացնի Հայաստանի կապը հարավային տարածաշրջանների և Իրանի հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյան՝ անդրադառնալով ադրբեջանական ուժերի կողմից Գորիս-Կապան ճանապարհը փակելուն:

Ադրբեջանը, փորձագետի կարծիքով, փորձում է այդ քայլով նաև տնտեսական զարգացում ապահովել լուրջ անկում ապրած ադրբեջանական տնտեսության համար, որովհետև պատերազմը բավականին թանկ է նստել Բաքվի վրա:

«Թուրքիայի հետ էժանացնելու են հաղորդակցությունը, և ապրանքների տեղափոխումը շատ ավելի էժան կնստի, քան Վրաստանի միջոցով, որը լրացուցիչ տարանցիկ ծախսեր է պահանջում։ Այս դեպքում նրանք տարանցիկ գումարներ չեն վճարելու, քանի որ համարում են այդ տարածքներին տիրացած և Հայաստանին իրենք ոչինչ պարտք չեն։ Դրա համահեղինակը և լուռ համաձայնող կողմը Նիկոլ Փաշինյանը և նրա կուսակիցներն են։ Ադրբեջանի երկորդ նպատակն է, որ նա կարողանում է ռազմական տեսանյունից շահավետ դիրքեր զբաղեցնել, որ օտարի Սյունիքը Հայաստանից։ Ալիևը այդ մասին շատ անգամ նշել է, որ «սա մեր տարածքերն են, և մենք վերադառնալու ենք»։ Իհարկե, նա իրեն հիմա չի կարող դա թույլ տալ, բայց, ահաբեկելով հայկական բնակչությանը՝ ադրբեջանական բնակչության համար կեցավայր ապահովելու համար, նա բոլոր հնարավորությունները ստացել է, օրինակ՝ այսօր մենք տեսանք՝ փակեցին ճանապարհը։ Երրորդ և ամենակարևոր հանգամանքն այն է, որ նման քայլերով Ալիևը սատարում է Նիկոլ Փաշինյանին, որովհետև հենց Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ինչ-որ վտանգ է սպառնում և Հայաստանում ինչ-որ ընդվզումներ են սկսվում, Ալիևը միանգամից ինչ-որ սադրանքի է գնում՝ ցույց տալով, որ կարող է վերսկսել պատերազմը, ինչը թույլ է տալիս Փաշինյանին ասել՝ տեսեք՝ հները էլի պատերազմ են հրահրում։ Իրականում դա այդպես չէ, բայց պատերազմի սպառնալիքով Ալիևը փորձում է իր եղբորը ամեն ձևով պահել իշխանության, որովհետև միայն Փաշինյանի և քայլողների առկայության դեպքում է հնարավոր իրագործել նշածս ծրագրերը»,-նկատեց Ադիբեկյանը։

Փորձագետի կարծիքով՝ բանակցություններում Հայաստանը կողմ չէ։

«Փաշինյանին ոչ ոք կողմ չի համարում, որի հետ կարելի է ինչ-որ բան բանակցել, նա ունի մի գործառույթ՝ ստորագրել այն, ինչ նրան դեմ են տվել։ Այսինքն, ոչ ոք՝ ո՛չ Ալիևը, ո՛չ Պուտինը, ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ առավել ևս Թուրքիան Փաշինյանի հետ բանակցելու թեմա չունեն, որովհետև նա կողմ չէ, առարկա է, իր է, որը պետք է կատարի այն, ինչ հրահանգում են։ Փաշինյանը Հայաստանը սարքել է օբյեկտ, որի շահերը ոչ ոքի չեն հետաքրքրում»,-նկատեց Ադիբեկյանը։

Այս խորագրի վերջին նյութերը