Քաղաքական

26.08.2021 20:28


Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել․ պաշտպան

Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել․ պաշտպան

Գորիս համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանին կալանավորելու՝ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ արդեն ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Մենուա Հովսեփյանի պաշտպաններից Արմեն Մելքոնյանը։

«Վերաքննիչ բողոքի հիմքում դրված է հիմքերի և հիմնավոր կասկածի բացակայությունը։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշման հիմքում շաբլոն ձևակերպումներ էին այն մասին, թե հնարավոր է՝ ապօրինի ազդեցություն ունենա մնացած վկաների վրա, խոչընդոտի քննությանը, թաքնվի, որոնք իրականության հետ աղերս չունեն»,-ասաց նա։

Փաստաբանը շեշտեց, որ Մենուա Հովսեփյանի կալանավորումը նրան լռեցնելու, մեկուսանացնելու նպատակ է հետապնդում: Նա պատահական չի համարում այսօր Գորիս-Կապան ճանապարհահատվածի հետ կապված իրավիճակը։

Մելքոնյանը Մենուա Հովսեփյանին կալանավորելու որոշումը ապօրինի է համարում, իսկ Հովսեփյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, ըստ նրա՝ գործը շինծու է։

Հիշեցնենք, որ Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանը, Մենուա Հովսեփյանը և Գորիսի համայնքապետարանի երկու կին աշխատակիցներ ձերբակալվել են օգոստոսի 17-ին: Դատարանի որոշմամբ՝ Մենուա Հովսեփյանը կալանավորել է երկու ամսով, նա այժմ «Արմավիր» ՔԿՀ-ում է։ Իրինա Յոլյանը և մյուսները ազատ են արձակվել:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, Մենուա Հովսեփյանին՝ նաև 149.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով: Քրեական օրենսգրքի 179 հոդվածը վերաբերում է յուրացնելուն կամ վատնելուն:

Քրեական օրենսգրքի 149.1 հոդվածը վերաբերում է նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն խոչընդոտելուն։

Այս խորագրի վերջին նյութերը