Քաղաքական

26.08.2021 16:50


Կառավարության ծրագիրը պարունակում է լուրջ ռիսկեր. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների համատեղ հայտարարությունը

Կառավարության ծրագիրը պարունակում է լուրջ ռիսկեր. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների համատեղ հայտարարությունը

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների համատեղ հայտարարությունը.

Օգոստոսի 24-26-ը Ազգային ժողովում քննարկվեց եւ իշխող ուժի կողմից ընդունվեց կառավարության, այսպես կոչված, ծրագիրը, որն առկա ծայրահեղ մարտահրավերների վերաբերյալ կիրառական լուծումներ չէր պարունակում, ավելին՝ պարունակում է լուրջ ռիսկեր: Քննարկման ընթացքում բարձրացվեցին հանրությանը հուզող մի շարք հարցեր, որոնց հիմնականում տրվեցին իշխանություններին բնորոշ՝ սուտ, մանիպուլյատիվ կամ խուսափողական պատասխաններ:

Ավելին՝ օգոստոսի 25-ին, իշխանական խմբի կողմից նախապես ծրագրված ուղղակի խուլիգանական, քրեորեն հետապնդելի արարքներ տեղի ունեցան ընդդիմադիր խմբակցության պատգամավորների նկատմամբ՝ կոնկրետ հարձակվող անձանց դերաբաշխմամբ:

Ընդգծենք, որ նշված արարքի կանխարգելման համար իրավասու մարմնի պարտականությունների կատարումը տեղի ունեցավ դիտավորությամբ ուշացած: Նման արարքը տեղի ունեցավ մտքերի փոխանակության փուլում՝ նպատակ հետապնդելով հերթական անգամ բռնապետական ռեժիմի արմատավորումը անգամ խորհրդարանում: Ծանոթանալով գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությանը՝ արձանագրում ենք, որ ինչպես նախկինում, այնպես էլ սույն դեպքում իշխանական խմբի որևէ ներկայացուցչի նկատմամբ մինչ օրս առկա չէ որևէ քրեադատավարական հարկադրանքի միջոցի իրացում:

Տեղին է հիշեցնել, որ իբրև կառավարության ծրագիր հանդիսացող փաստաթղթում բառացի նշված էր, որ դատարանները, դատախազությունը և քննչական մարմինները «պիտի ապահովեն կառավարության՝ ժողովրդից ստացած մանդատի իրագործումը», այլ կերպ ասած՝ արդեն իսկ իրավապահ մարմինների անկախության վերացումը ծրագրային դրույթ է:

Արձանագրում ենք՝ Սյունիքում միջպետական ճանապարհի այսօրվա հերթական խայտառակ վիճակի, ԱԺ-ում տեղի ունեցած լկտի, քրեորեն հետապնդելի արարքի և հնարավոր աղետների ամբողջ պատասխանատվությունը կրում է այս իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

«Հայաստան» դաշինք

«Պատիվ ունեմ» դաշինք

26.08.2021թ.

Այս խորագրի վերջին նյութերը