Լրահոս

25.08.2021 15:34


Մասիս քաղաքում ոստիկանության մայորի 20-ամյա տղան կասկածվում է Volvo-ով 26-ամյա քաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ

Մասիս քաղաքում ոստիկանության մայորի 20-ամյա տղան կասկածվում է Volvo-ով 26-ամյա քաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ

օգոստոսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի հետևանքով ստացած վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Մասիս քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Արտակ Գաբրիելյանն է։

Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ով այնուհետև Մասիսի հիվանդանոցից տեղափոխվեկ է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ոստիկանները, Գ. Ամիրխանյանի գլխավորությամբ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության և Դպրոցականների փողոցների խաչմերուկում Ա. Գաբրիելյանը վրաերթի է ենթարկվել Մասիս քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Լևոն Արշակյանի կողմից վարած Volvo Տ80 մակնիշի ավտոմեքենայի կողմից։

Ոստիկանների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Լ. Արշակյանը ինքնակամ ներկայանում է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից նրան ոստիկանները ներկայացնում են Մասիսի քննչական բաժին։

Մասիսի ոստիկանները Մասիս կայարանի Սայաթ-Նովայի փողոցոմ հայտնաբերում են Volvo մակնիշի ավտոմեքենան և այն քննիչի հանձնարարականով տեղափոխվում է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Փաստի առթիվ ավագ քննիչ Մկրտչյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով։

Նախաքննության ընթացքում պետք է կամ հաստատվի կամ հերքվի սպանության փորձի պահը։

Եթե այն հիմնավորվի, ապա մեղադրանքը նույն հոդվածով կմնա, իսկ եթե ոչ՝ հնարավոր է, այն վերաորակվի ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Քննիչի որոշմամբ Լ. Արշակյանը որպես կասկածյալ ձերբակալվել է։

Այս խորագրի վերջին նյութերը