Քաղաքական

25.08.2021 11:41


Անդրանիկ Թևանյան․ ««Հայաստանն իմ օջախն է» ծրագրի շրջանակներում պետությունը դարձավ տնամերձ բոստան, պետական բյուջեն՝ սեփական դրամապանակ, պետական կառավարումն՝ ընտանեկան բիզնես» (տեսանյութ)

Անդրանիկ Թևանյան․ ««Հայաստանն իմ օջախն է» ծրագրի շրջանակներում պետությունը դարձավ տնամերձ բոստան, պետական բյուջեն՝ սեփական դրամապանակ, պետական կառավարումն՝ ընտանեկան բիզնես» (տեսանյութ)

Հարգելի՛ հայրենակիցներ

Հակառակ օրվա իշխանությունների պնդումներին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում անվտանգային, պետական կառավարման, քաղաքական, սոցիալ–տնտեսական, բարոյահոգեբանական ճգնաժամը չի հաղթահարվել։ Ավելին՝ ճգնաժամը խորացել է ու բերել բացասական հետևանքների։ Դրանցից կառանձնացնեի արտագաղթի տեմպը։ Եթե համավարակով պայմանավորված սահմանափակումները չլինեին, ապա արտագաղթը կվերածվեր տարհանման։

Ճգնաժամի չհաղթահարման մյուս ապացույցը թշնամի պետության ղեկավարի ախորժակն է, ադրբեջանական զորքերի ներկայությունը Հայաստանի տարածքում։ Ալիևն ագրեսիվացել է, քանզի Հայաստանը շարունակում է ներկայանալ պարտության դեմքով։

«Արժանապատիվ խաղաղության» բանաձևին «Պարտության» կուսակցության առաջնորդը հակադրեց «Նվաստացման գնով խաղաղություն» հակապետական բանաձևը, որը բերում է և՛ նվաստացում, և՛ պատերազմ։ «Խաղաղության դարաշրջանի» լոզունգների ներքո մենք արդեն իսկ տասնյակ զոհեր ենք տվել։

Ադրբեջանի ժողովրդին բավարարելու ձգտումը տվել է իր արյունոտ պտուղները։ Հիմա մենք կանգնած ենք լինել–չլինելու հարցի առաջ։ «Պարտության» կուսակցության առաջնորդի մեծագույն սխալներից մեկն այն է, որ նա Հայաստանն ու Արցախը մտցրեց միջազգային խոշոր խաղացողների հակադրության տիրույթի մեջ։ Բանակցային գործընթացը տապալելով, սխալ ներքին ու արտաքին քաղաքականություն վարելով՝ դարձավ պատերազմի և պարտության թիվ մեկ պատճառը, պատասխանատուն ու մեղավորը։

Եթե մինչև 44–օրյա պատերազմը Հայաստանը հանդիսանում էր Արցախի անվտանգության երաշխավորը և ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ ապահովում մեր տարածքային ամբողջականությունը, ապա հիմա Արցախի անվտանգության երաշխավորը բացառապես ռուսական խաղաղապահներն են, իսկ Հայաստանի ինքնիշխանությունը հայտնվել է հարցականի տակ։ Մենք գոյատևում ենք ոչ թե մեր բանակի, այլ ռուսական գործոնի շնորհիվ։

Մեր ներքին ճգնաժամն այս պայմաններում չի կարող հաղթահարված համարվել, որքան էլ որ ամեն օր հայտարարվի այդ մասին և որպես ապացույց ներկայացվի ընտրության արդյունքը։

Սիրելի՛ ժողովուրդ

Քեզ խաբել են, խաբում են, շարունակելու են խաբել, քանի դեռ հաշիվ չես պահանջում։

Այս իշխանությունները պառակտել են մեր ժողովրդին, թշնամացրել բարեկամներին, հասարակությանը վերածել են ամբոխի և արթնացրել մարդկանց ստորին բնազդները։

Ինչպես որ բոլշևիկները 100 տարի առաջ խոստացան գործարանը տալ բանվորներին, հողը՝ գյուղացուն, երկրին էլ բերել խաղաղություն, բայց բերեցին սով, քաղաքացիական պատերազմ, մահեր, այնպես էլ մեր տնաբույծ նեոբոլշևիկները խոստացան թռիչքաձև տնտեսական աճ, խաղաղություն, բայց թռիչքաձև աճն ապահովեցին բացառապես իրենց գրպաններում, իսկ Հայաստանի ու Արցախի գլխին բերեցին պատերազմ, ողբերգություն, պարտություն։

«Պարտության» կուսակցության քարոզչության մեխն այն է, որ հպարտ որակված քաղաքացու հակառակորդը, ոչ թե արտաքին թշնամին է, այլ իր տան հարևանը, բարեկամը, այն համաքաղաքացին, որն իր դասակարգից չէ։

Ո՞րն է մեր քաղաքական հակառակորդների գլխավոր ասելիքը։ Ասում են՝ վատ է, որ Արցախը կորցրեցինք, բայց հիմա վերջապես կարող ենք թուրքերի ու ադրբեջանցիների հետ լեզու գտնել, ուզածները տալ, նույնիսկ Հայաստանի որոշ տարածքները հանձնելու գնով սահմանները բացել ու լավ ապրել։ Արցախի կորուստը նրանք ներկայացնում են որպես իրենցից չկախված ողբերգություն, բայց և միաժամանակ դրական հնարավորություն՝ Հայաստանի համար «նոր Ապագայի» հնարավորություն։ Սա շատ վտանգավոր թեզ է: Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Արարատի մարզի տարածքների հանդեպ ադրբեջանցիների նկրտումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ մենք կանգնած են նոր, ավելի վտանգավոր հեռանկարի առաջ, բայց մեր ժողովրդին թմրեցնում են «ապագա կա ապագա» օրուելյան ոճի կարգախոսով:

Եթե 100 տարի առաջ բոլշևիկներն ասում էին վերածենք իմպերիալիստական պատերազմը քաղաքացիականի, արտաքին թշնամուն փոխարինենք ներքինով ու ապահովենք պրոլետարիատի դիկտատուրա, ապա նրանց այսօրվա քաղաքական հոգեզավակները կոչ են անում «հպարտներին» ազգային պայքարը վերածել քաղաքացիականի, դասակարգայինի, հակաղարաբաղցիականի, հիմա արդեն նաև՝ հակասյունիքյանի ու հաստատել «իրավունքի դիկտատուրա»։ Նպատակը նույնն է՝ ունենալ իշխանություն և սեփականության վերաբաշխում իրականացնել՝ «էքսպոպրիատորների էքսպոպրիացիա» թեմայով։

Ես ուզում եմ հարցնել մեր ժողովուրդին․ այս երեք տարվա ընթացում թալանի դեմ, այսպես կոչված, պայքարից դուք ի՞նչ եք ստացել: Ոչի՛նչ: Իսկ ահա իրենք ստացել են ու արագ հարստացել՝ հպարտ քաղաքացուն կերակրելով միայն տեսարաններով։ Հակաօլիգարխիկ պայքարի կոչերի ներքո վերակենդանացնում են հին օլիգարխներին ու ստեղծում նորերին՝ «ասֆալտի օլիգարխներին»: Թալանի դեմ պայքարի կոչեր հնչեցնողներն իրենք են զբաղված թալանով։

2018–ին ու դրանից առաջ մարդիկ դուրս էին գալիս փողոցային պայքարի՝ իրենց կյանքը փոխելու նպատակով։ Նրանց պոռթկումն արդարացի էր, ցանկությունները՝ հասկանալի ու մարդկային։

«Պարտության» կուսակցությունը գողացավ քաղաքացու զգացմունքները և խորացրեց կամ ձևափոխեց բոլոր այն արատները, որոնց վերացման համար էին փողոցները փակվում։ Հասարակությունը վերածվեց «ժողջանի», ապա՝ ամբոխի։ «Հայաստանն իմ օջախն է» ծրագրի շրջանակներում պետությունը դարձավ տնամերձ բոստան, պետական բյուջեն՝ սեփական դրամապանակ, պետական կառավարումն՝ ընտանեկան բիզնես։

«Սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ և հպարտանում եմ բոլորովդ» գերպոպուլիստական նախադասության ներքո մարդկանց ուղարկվեց մահվան բերան։ Մարդիկ մեռան, որովհետև կորոնավարակի դեմ պայքարը ստորադասվեց դատարանը զավթելու ծրագրին։ Մարդիկ պատերազմի ժամանակ հազարներով զոհվեցին, իսկ զոհվելու պատրաստակամություն հայտնած առաջնորդը ոչ թե հեռացավ պաշտոնից, այլ ինքնահռչակվեց որպես փրկիչ ու մտավ խաղաղության աղավնու դերի մեջ։ Հենց սա էլ ոգևորել է Ալիևին ու բացել նրա ախորժակը։

Հարգելի՛ հայրենակիցներ

Հայաստանում ճգնաժամը չի հաղթահարվել, քանզի դրա պատճառը վերարտադրվել է։ Այդ հարցում մեղքի իր բաժինն ունի նաև ընդդիմությունը, քանզի դեռ չի հեռացրել պարտության խորհրդանիշին։ Ընդդիմության հասցեին հնչող քննադատություններն այս առումով հիմնականում արդարացի են։ Ինքս էլ բազմաթիվ կետերով նշել եմ սխալների մասին, բայց հիմա անելիքներից եմ ուզում խոսել։

Ներկա պայքարը պետության ու հակապետության միջև է։ Սա նաև մտածողության, տեսակների, սկզբունքների պայքար է։ Քաղաքական կյանքը որպես ներկա ու նախկին իշխանությունների պայքար ներկայացնելը ձեռնտու է օրվա իշխանությանը և ոչ մի կապ չունի հանրային շահի հետ։ Դա կեղծ օրակարգ է։ Հատկապես երբ դժվար է ասել, թե ով է նորը, ով՝ հինը, և ով՝ հնագույնը։

Մենք գաղափարակից ու թիմակից ենք համարում այն հարյուր հազարավոր քաղաքացիներին, որոնք իրենց քվեարկությամբ կանգնեցին պետության կողքին։ Միևնույն ժամանակ թշնամի չենք համարում «Պարտության» կուսակցությանը ձայն տվածներին։ Չենք ընդունում նրանց որոշումը, բայց թշնամի չենք համարում։ «Պարտության» կուսակցության օգտին քվեարկած մարդկանց իրական մոտիվացիաները պետք է հասկանալ, գնահատել ու երկխոսել հետները։ Չպետք է թերագնահատել սեփականության լեգիտիմության ճգնաժամի ազդեցությունը, դասակարգային հակադրության սրության աստիճանն ու մարդկանց որոշակի շերտի մոտ նախկին իշխանությունների հանդեպ առկա մետաֆիզիկական հակակրանքը։ Մենք պետք է բոլորի հետ ուղիղ, անկեղծ ու բաց զրուցենք, բացատրենք նրանց, լուծումներ գտնենք ու փոխենք։ Սա մե՛ր Հայաստանն է, ու մենք այլ ժողովուրդ չունենք։ Մենք չենք կարող մեր ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների:

Քաղաքական գործընթացների տրամաբական ավարտը պետք է լինի «Պարտության» կուսակցության հեռացումը և Հայաստանի ազատագրումը պարտության խորհրդանիշից, որին հասնելու համար քաղաքական կյանքը ոչ միայն ու ոչ այնքան խորհրդարանում է եռալու, որքան այս շենքից դուրս։ Մեզ նոր գաղափարներ, մեր երկրի արդիականացման նոր մոդելներ, կառավարող ու տնտեսական նոր էլիտայի ձևավորում է պետք՝ հիմնված ազգային ու համամարդկային արժեքների վրա։

Կոչ եմ անում մեր քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել քաղաքական կյանքին։ Եթե դուք չեք զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունն է զբաղվում ձեզանով ու զբաղվում է այնպես, որ տալիս ենք հազարավոր զոհեր, կորցնում տարածքներ ու անպաշտպան կանգնում մինչև ատամները զինված թշնամու առաջ։

Մեզ ներքին կյանքում պետք չեն մեծ ցնցումներ, էժանագին պոպուլիզմ ու անորակ կառավարում: Մեզ պետք է անվտանգ, հզոր և զարգացող Հայաստան ու Արցախ: Իսկ դրան հասնելու գործում պետք է մասնակցի յուրաքանչյուր քաղաքացի: Առանց իր գիտակից մասնակցության, իր անունից մեր երկիրն ամբոխավարները կտանեն կործանման:

Հայրենակիցնե՛ր

Մեզ նոր որակի երկիր է պետք, որը կկառուցենք միասի՛ն:

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը