Քաղաքական

24.08.2021 08:56


Արմեն Չարչյանը չի կարող այդ դատական ակտի հիման վրա զրկվել ազատությունից․ ՊԶՄԿ

Արմեն Չարչյանը չի կարող այդ դատական ակտի հիման վրա զրկվել ազատությունից․ ՊԶՄԿ

Ազգային ժողովի պատգամավորի անձեռնամխելիությունը պառլամենտարիզմի և Ազգային ժողովի պատգամավորի գործունեության կարևորագույն երաշխիքներից է: Այս մասին ասված է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի տարածած հայտարարության մեջ:

«Առանց նշված երաշխիքի հնարավոր չէ ունենալ հրամայական մանդատով չկաշկանդված օրենսդիր մարմին, սեփական խղճով և համոզմունքներով առաջնորդվող պատգամավորներ։

Սակայն վերաքննիչ դատարանն այսօր առանց Ազգային ժողովի համաձայնության որոշում է կայացրել կալանավորել 21 օր առաջ Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունները ստանձնած Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Չարչյանին։

Վերոնկարագրյալը ոչ միայն պարզապես Սահմանադրության 96-րդ հոդվածի կոպտագույն խախտում է, այլև բացահայտ արհամարհանք Ազգային ժողովի պատգամավորի անձեռնամխելիության ինստիտուտին։

Հետևաբար՝ այս դատական ակտը չի կարող հանգեցնել դատավարական հետևանքների։

Արմեն Չարչյանը չի կարող այդ դատական ակտի հիման վրա զրկվել ազատությունից։

Քանի դեռ չկա Արմեն Չարչյանին ազատությունից զրկելը թույլատրելու մասին Ազգային ժողովի որոշում, որևէ պետական մարմին, այդ թվում՝ քրեակատարողական ծառայությունը, չի կարող կատարել վերաքննիչ քրեական դատարանի որոշումը»,-ասված է հայտարարության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը