Կարծիք

23.08.2021 12:41


«Սահմանադրության 96-րդ հոդվածն արգելում է պատգամավորին ազատությունից զրկել, քանի դեռ չկա ԱԺ համաձայնությունը, բայց ինչպես է դատարանը նման որոշում կայացրել, անկեղծ չեմ պատկերացնում». Էրիկ Ալեքսանյան

«Սահմանադրության 96-րդ հոդվածն արգելում է պատգամավորին ազատությունից զրկել, քանի դեռ չկա ԱԺ համաձայնությունը, բայց ինչպես է դատարանը նման որոշում կայացրել, անկեղծ չեմ պատկերացնում». Էրիկ Ալեքսանյան

ՀՀ Քրեական Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում կայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու մասին։

Նշենք, որ ավելի վաղ դատախազությունը բողոքարկել էր առաջին ատյանի դատարանի որոշումը՝ խափանման միջոց կալանքը փոխելու մասին։

168.am-ի հետ զրույցում պրոֆեսոր Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ փաստացի Վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց Արմեն Չարչյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչը գնահատում են ապօրինի:

«Իրական կյանքը ցույց տվեց, որ առաջին ատյանի դատարանը փաստացի ճիշտ էր կանխատեսել պարոն Չարչյանի վարքագծի վերաբերյալ իր կանխատեսումները, քանզի կյանքը ցույց տվեց նաև այն, որ այս մեկ ամսվա ընթացքում Արմեն Չարչյանը, գտնվելով ազատության մեջ, որևէ ոչ իրավաչափ գործողություն չէր կատարել»,-ասաց պաշտպանը:

Վերջինիս խոսքով՝ եթե անգամ մինչդատական վարույթում դատարաններն ազդեցության տիրույթն արձանագրել էին այն տեսանկյունից, որ վերջինս ԲԿ տնօրեն է հանդիսանում, և իր կարգավիճակից ելնելով՝ կարող էր ու հնարավորություն ուներ ազդեցություն գործադրելու, ապա առաջին ատյանի դատարանի կողմից որոշում կայացնելու պահին պրոֆեսորն արդեն «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենը չի հանդիսացել, ուստի այդ հիմքը էապես նվազել էր ու չէր կարող լինել, ինչը ճիշտ արձանագրել էր դատարանն ու կայացրել ազատ արձակելու որոշում:

«Մենք դատարանի որոշումը, բնականաբար, դեռ չենք ստացել, փաստարկներին ծանոթ չեմ, բայց այդ որոշումը չի կարող որևէ աղերս ունենալ ո՛չ իրավունքի, ո՛չ օրենքի հետ առհասարակ»,-ասաց Էրիկ Ալեքսանյանը:

Դիտարկմանը, թե այժմ Արմեն Չարչյանն Ազգային ժողովի պատգամավոր է, հետևաբար օգտվում է պատգամավորական անձեռնմխելիությունից, պաշտպանն ասաց, որ այդ հարցն իրենք բարձրացրել են դատական նիստի ժամանակ:

«Ասել ենք, որ դժվար ենք պատկերացնում՝ ինչպես պետք է Վերաքննիչ դատարանը կալանավորի պարոն Չարչյանին այն դեպքում, երբ վերջինս ունի նոր կարգավիճակ, հանդիսանում է ԱԺ պատգամավոր ու օգտվում է պատգամավորական անձեռնմխելիեւթյունից, քանի որ Սահմանադրության 96-րդ հոդվածն ասում է, որ պատգամավորը կարող է հետապնդվել կամ ազատությունից զրկվել բացառապես ԱԺ թույլտվությամբ»,-ասաց պաշտպանը:

Էրիկ Ալեքսանյանը նկատում է՝ թե այդ փաստարկի վերաբերյալ դատարանն ինչպիսի գնահատական է տվել, չի կարող ասել, բայց զուտ որոշման եզրափակիչ մասը հուշում է, որ այդ փաստարկը նույնպես ընդունելի չի եղել դատարանի համար:

«Օրենսդրական կարգավորումը հստակ է: Սահմանադրության 96-րդ հոդվածն ասում է՝ պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից, քանի դեռ անձի վերաբերյալ չկա համապատասխան թույլտվություն Ազգային ժողովի կողմից: Շատ հստակ, սևը սպիտակի վրա գրված է դա, սակայն ինչպես է Վերաքննիչ քրեական դատարանը նման որոշում կայացրել, անկեղծ չեմ պատկերացնում»,-ասաց Արմեն Չարչյանի պաշտպանը:

Հարցին՝ դիմելո՞ւ են արդյոք Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելու Վերաքննիչ քրեական դատարանի այս որոշումը, Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ նախ իրենք պատրաստվում են նոր գրավի միջնորդություն ներկայացնել ու քննարկել խափանման միջոցի փոփոխության հարցը:

«Ինչ վերաբերում է Վճռաբեկ դիմելուն, իհարկե, նման հնարավորութուն կա, բայց նկատի ունենալով՝ ինչ դիրքերում է այսօր գտնվում Վճռաբեկ դատարանը, մենք խոսում ենք գոյություն չունեցող ատյանի մասին: Հետևաբար՝ միգուցե ձևական ընթացակարգը պահպանելով՝ մենք կներկայացնենք վճռական բողոք, բայց մեծ սպասելիքներ մեր Վճռաբեկ դատարանից ունենալը, կարծում եմ, միամտություն է»,-ասաց Էրիկ Ալեքսանյանը:

Ըատ պաշտպանի՝ այս պահին իրենք սօասում են՝ դատարանը որոշումը տրամադրի կամ գոնե առնվազն դրա քաղվածքը, ու իրենք կներկայանան քրեակատարողական հիմնարկ:

Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

Մեղադրանքի հիմքում ընկած էր տելեգրամ ալիքներից մեկով տարածված մոտնտաժված ձայնագրությունն այն մասին, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանն իր աշխատակիցներին հորդորում, պահանջում է անպայման մասնակցել ընտրություններին:

Այս խորագրի վերջին նյութերը