Քաղաքական

21.08.2021 08:26


Որ համայնքները կխոշորացվեն. ընտրություններ են սպասվում․ «Ժողովուրդ»

Որ համայնքները կխոշորացվեն. ընտրություններ են սպասվում․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում ՀՀ մի շարք համայնքների ղեկավարների լիազորությունները կդադարեցվեն, եւ կնշանակվի համայնքի ավագանու ընտրություն: Բանն այն է, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն այդ համայնքներում նախատեսում է իրականացնել համայնքների միավորման 11 ծրագիր:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ միավորում կիրականացվի Արագածոտնի մարզի Թալին, Արեւուտ, Արարատի մարզի Մասիս, Արմավիրի մարզի Մեծամոր, Խոյ, Լոռու մարզի Թումանյան, Սպիտակ, Կոտայքի մարզի Աբովյան, Նաիրի, Ծաղկաձոր, Շիրակի մարզի Արթիկ համայնքային փնջերում: Բայց, չնայած սրան, խոշորացման ենթակա գյուղերի բնակիչներն ու գյուղապետերը հիմնականում դեմ են այս ծրագրին եւ իրենց մտահոգությունները բազմիցս են արտահայտել: Գյուղապետերն անհանգստացած են՝ խոշորացման արդյունքում համայնքային սեփականության իրավունքը փոխանցվում է համայնքային կենտրոններին, որին իրենք դեմ են: Մյուս կողմից՝ մեզ հայտնի դարձավ, որ միավորվող գյուղերում կազմակերպվել են քննարկումներ, որտեղ բնակչության մեծ մասը պահանջել է համայնքների միավորման «շրջանային» մոդելը:

Բայց դե ժողովրդի ձայնը միշտ չէ, որ լսելի է հեղափոխական իշխանության համար: Օրինակ՝ միավորվող Արեւուտ համայնքը կձեւավորվի թվով 5 համայնքների միավորումից: Այդ գյուղերը հիմնականում եզդիաբնակ են: Այդ համայնքները միավորվում են միմյանց հետ, որպեսզի չնվազի բնակչության կառուցվածքային կազմը:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախատեսվում է Սյունիքի մարզի Կապան համայնքի բնակավայրերի ցանկը լրացնել Ըրկենանց բնակավայրով»,-գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը