Քաղաքական

20.08.2021 14:42


Մանվել Փարամազյանը արտաքին աշխարհի հետ որևէ շփման հնարավորություն չունի

Մանվել Փարամազյանը արտաքին աշխարհի հետ որևէ շփման հնարավորություն չունի

Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Մանվել Փարամազյանը հուլիսի 10-ից կալանավորված է: ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով մեղադրվող Փարամազյանին քննիչի որոշմամբ կալանավորելուց օրեր անց արգելվել են նաև տեսակցությունները: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ փաստաբանների գնահատմամբ՝ քննիչն անհիմն որոշում է կայացրել: Փաստաբանները բողոքարկել էին քննիչի կայացրած որոշումը, և Մանվել Փարամազյանի պաշտպաններից Երվանդ Վարոսյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց.

«Բողոքարկել ենք գլխավոր դատախազին՝ տեսակցությունների սահմանափակման մասին որոշումը, սակայն դեռ որևէ արձագանք չունենք, բավարարելու կամ մերժելու մասին որոշում չենք ստացել, որ հետագա անելիքները ըստ այդմ որոշենք: Այս պահի դրությամբ արգելքը ամբողջ ծավալով շարունակվում է, արտաքին աշխարհի հետ որևէ շփման միջոցի հնարավորություն չկա»:

Հիշեցնենք, որ Մանվել Փարամազյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառելու Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը փաստաբանները բողոքարկել էին, իսկ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Արմեն Դանիելյանը, ում մակագրվել էր գործը և ում Փարամազյանի փաստաբանները ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել՝ մերժել էր պաշտպանների միջնորությունը: Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել Ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:

Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք Փարամազյանի պաշտպաններ արդեն իսկ ներկայացրել են:

«Ավելին, այս ընթացքում գրավի միջնորդություն ենք ներկայացրել նաև առաջին ատյանի դատարան: Կրկին շատ հետաքրքիր կերպով նորից թղթային մակագրման եղանակով մեր միջնորդությունը մակագրվել է նույն դատավորին՝ Գագիկ Պողոսյանին, որը արդեն հասցրել է նաև այդ միջնորդությունը մերժել, որի հետ կապված կրկին վերաքննիչ բողոք ենք հիմա պատրաստվում ուղարկել Վերաքննիչ դատարան»,-մեզ հետո զրույցում հայտնեց Վարոսյանը:

Հարցին, թե ի՞նչ հիմքով է Ընդհանուր իրավասության դատարանը մերժել գրավի միջնորդությունը, Վարոսյանն արձագանքեց.

«Որոշմանը ծանոթանալուց հետո կարող եմ ասել, որ որևէ հիմնավորմամբ էլ չի մերժվել: Կարող էր դատարանը հանգիստ գրել, որ մերժել է, քանի որ գործը վերաբերում է Մանվել Փարամազյանին»:

Այս խորագրի վերջին նյութերը