Քաղաքական

19.08.2021 21:19


Արավուսում բնակիչներն անասունների 80 %-ը վաճառել են. եթե պետությունը չօգնի, սովի առաջ կկանգնեն

Արավուսում բնակիչներն անասունների 80 %-ը վաճառել են. եթե պետությունը չօգնի, սովի առաջ կկանգնեն

Սյունիքի մարզի սահմանամերձ Արավուս գյուղում վերջին երկու օրերի ընթացքում իրավիճակը նորմալ է, հակառակորդը կրակահերթ չի իրականացրել գյուղի դիրքերի ուղղությամբ։

«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Արավուսի գյուղապետ Արգամ Հովսեփյանն ասաց, որ չնայած սահմանային լարված իրավիճակին բնակիչների շրջանում խուճապ չկա, մարտական են տրամադրված, սակայն սոցիալական խնդիրներն օր օրի ավելի են սրվում։

Սյունիքի մարզի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումից հետո Արավուսի բնակիչներն անասունների 80 տոկոսին վաճառել են, քանի որ արոտավայր չունեն։

«Մարդ կա 100 անասուն է ունեցել, հիմա մեկ հատ է թողել, մարդ կա՝ 2 հատ է թողել։ Որ արոտ չունենք, անասուններին ո՞նց պահենք։ Իմ 22 հա հողն այնտեղ է մնացել։ Կողքը կանգնած նայում եմ, բայց չեմ կարողանում հնձել։ 7 մլն վարկ ունենք, 450 հազարով անասուն ենք առել»,-նշեց Արգամ Հովսեփյանը։

Արավուսի գյուղապետը նշեց, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են խնդիրները։

Թշնամին GPS-ով միայն այստեղից 64 հա հող է վերցրել և չի թողնում, որ գյուղացիները հնձեն այն։

«Քարտեզով, վկայականներով մեր սեփականությունն է, չեն թողնում հնձենք։ Ցորեն ու գարի էինք ցանել, եթե հնձեինք, 1 հա-ից 2.5-3 տոննա բերք կստանայինք, իսկ 64 հեկտարից՝ մոտ 192 տոննա բերք»,-ասաց գյուղապետը։

Վերջինս հավելեց՝ հայկական կողմի հսկողության տակ մնացած մի քանի հեկտարը հնձել են։ Գյուղում ակնկալում են, որ պետությունը կօգնի և գոնե այս տարի անհատույց օգնություն, վառելիք, ցորեն կտա, որ կարողանան մնացած հողերն էլ մշակել։

«Եթե այսպես շարունակվի, և պետությունը մեզ չօգնի, սովի առաջ կկանգնենք»,-եզրափակեց Արգամ Հովսեփյանը։

Այս խորագրի վերջին նյութերը