Քաղաքական

19.08.2021 18:02


Մենք աջակցում ենք տարածքային ամբողջականության պահպանմանը. Չինաստանի դեսպանը՝ Իշխան Սաղաթելյանին

Մենք աջակցում ենք տարածքային ամբողջականության պահպանմանը. Չինաստանի դեսպանը՝ Իշխան Սաղաթելյանին

Օգոստոսի 19-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը հանդիպեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի հետ:

Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ Հայաստանը Չինաստանին համարում է բարեկամ երկիր. «Վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանի և Չինաստանի միջեւ կնքվել են 40-ից ավելի համաձայնագրեր, մեկ տասնյակից ավելի հուշագրեր, որոնք լավ հնարավորություն են երկու երկրների համագործակցության համար»:

Դեսպան Ֆան Յոնգը, շնորհավորելով Սաղաթելյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ, նշեց, որ Հայաստանն ու Չինաստանը 30 տարվա դիվանագիտական կապեր ունեն ու համոզմունք հայտնեց, որ այդ կապերը դեռ շատ երկար կշարունակվեն: «Ավելի քան 1000 տարվա պատմություն կա մեր երկու երկրների համագործակցության միջև, որոնց վկայությունն են հնագիտական պեղումները»,-ասաց դեսպանը:

Հանդիպման ընթացքում կարևորվեց տարածաշրջանում անվտանգության ու կայունության հարցը:

«Մեր երկրում ամենամեծ խնդիրն անվտանգության հարցն է, թշնամին երկու ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Մեզ համար զարմանալի է միջազգային հանրության պասիվ կեցվածքը Ադրբեջանի գործողությունների նկատմամբ»,-շեշտեց ԱԺ փոխխոսնակը:

Դեսպանը նշեց, որ Չինաստանի դիրքորոշումը հարցի առնչությամբ նույնն է. խնդիրները պետք է լուծել խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների ու երկխոսությունների միջոցով. «Մենք աջակցում ենք տարածքային ամբողջականության պահպանմանը: Առանց տարածաշրջանային կայունության՝ անվտանգության ու խաղաղության զարգացումն այս տարածաշրջանում վտանգված կլինի»:

Խորհրդարանի փոխնախագահի խոսքով՝ Հայաստանը գնահատում է Չինաստանի հավասարակշռված դիրքորոշումը խնդրի վերաբերյալ. «Տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը չպետք է լինեն Հայաստանի տարածքային ամբողջականության հաշվին: Անշուշտ, մենք կողմնակից ենք կայունության, խաղաղության և հարցերը բանակցությամբ լուծելուն: Դժբախտաբար, հակառակ կողմն այլ պատկերացում ունի»:

Զրուցակիցներն անդրադարձան նաև երկկողմ հարաբերությունների օրակարգին և դրա հետագա ընդլայնմանը վերաբերող հարցերին:

Այս խորագրի վերջին նյութերը