Քաղաքական

19.08.2021 17:09


Նախարարությունում տեղյակ չեն, թե պատերազմի հետևանքով քանի արցախցի է ժամանակավոր հաստատվել ՀՀ-ում

Նախարարությունում տեղյակ չեն, թե պատերազմի հետևանքով քանի արցախցի է ժամանակավոր հաստատվել ՀՀ-ում

Հայաստանում ժամանակավորապես բնակություն հաստատած արցախցիների թվաքանակի վերաբերյալ մինչև օրս Հայաստանի կառավարությունը պաշտոնական տվյալներ չի հրապարակել։ Թեև բարձրաստիճան պաշտոնյաները որոշ թվեր հնչեցրել են, սակայն դրանք մեծամասամբ հակասել են իրար։

Օրերս NEWS.am–ը գրավոր հարցմամբ դիմել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ պարզելու, թե վերջին տվյալներով՝ պատերազմի հետևանքով տեղահանված քանի՞ արցախցի է Հայաստանում ժամանակավոր բնակվում, նրանցից քանի՞սն են վերադարձել Արցախ։ Թեև ԱՍՀ նախարարը նախկինում թե՛ կառավարությունում և թե՛ ազգային ժողովում պարբերաբար տվյալներ է հրապարակել Հայաստանում ժամանակավոր ապաստան գտած արցախցիների թվաքանակի վերաբերյալ, սակայն նախարարությունից հայտնեցին, որ իրենք Հայաստանում ժամանակավորապես բնակվող արցախցիների հաշվառում չեն իրականացնում։

ԱՍՀ նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանն օրինակ մարտ ամսին հայտարարել էր, որ ՀՀ-ում ժամանակավոր բնակվում են 25-30 հազար արցախցիներ: Իսկ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունն էլ օրինակ այս տարվա հունվարին հայտարարել է, որ ավելի քան 50 հազար արցախցի է վերադարձել Արցախ. խոսքը հիմնականում ավտոբուսներով Արցախ տեղափոխվածների մասին է։ Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանի խոսքով էլ՝ այս տարվա հուլիսի դրությամբ Արցախում բնակվում է շուրջ 115-120 հազարից ավելի արցախցի։

Այս խորագրի վերջին նյութերը